ԿարևորՀասարակություն

Ավետում, օրհնություն, մայրություն, գեղցկություն․ ապրիլի 7-ի հոգևոր ու աշխարհիկ խորհուրդները

Այսօր, ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման օրը։ Եկեղեցիներում մատուցվում է տոնին նվիրված Սուրբ պատարագ, կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ։ Ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է երկու տոն՝ հոգևոր և աշխարհիկ։  

Մարիամ Աստվածածնին տրված մեծ ավետման մասին գրված է Ղուկասի ավետարանում։ Աստծու հրեշտակը Գալիլիայի Նազարեթ քաղաքում երևում է Հովսեփի նշանած Մարիամին և հայտնում, որ նա կհղիանա, մի որդի կծնի, անունը Հիսուս կդնի։ Նա կլինի մեծ և Բարձրյալի որդի կկոչվի։ «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար»-ասում է հրեշտակը։ «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը…»,-պատասխանում է Մարիամը՝ այսպես արտահայտելով իր սերն ու խոնարհությունը Աստծու նկատմամբ։ 

Աստծու Որդու ծնունդով Մարիամը դառնում է մեծագույն սուրբ և բարեխոս։ Մարիամի մայրանալով՝ մայրության խորհուրդը նորովի  բացահայտվեց։ Երեխայի սպասող, մայրության բերկրանքը վայելող կանայք նման են Մարիամին՝ իբրև կյանք պարգևող էակներ:

2002 թվականին Ազգային ժողովը փոփոխություն կատարեց Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում, և ապրիլի 7-ը հայտնվեց նաև պետական տոնացույցում՝ որպես մայրության, գեղեցկության և սիրո տոն։ Ապրիլի 7-ը դարձավ պատճառ, որ կանանց տոնը նշվի ոչ թե մեկ օր, այլ մեկ ամիս՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը։ Միամսյակն այսօր ավարտվեց, իսկ Ավետման խորհուրդը դեռ բացահայտվում է։

Կարդացեք նաև

Back to top button