
Սեպտեմբերի 2-ին, Արցախը տոնում է Արցախի Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձը։
1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որտեղ ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին անցկացվեց հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 99 տոկոսը քվեարկեց հօգուտ անկախության։ Հանրաքվեից հետո, խորհրդարանական ընտրություններով ձևավորվեց ԼՂՀ խորհրդարանը, որը կազմեց առաջին կառավարությունը:
Անկախության հռչակմանը հետևած 29 տարիների ընթացքում աշխարհի որևէ պետություն չի ճանաչել Արցախի անկախությունը, չնայած, պետականաշինության գործընթացում արձանագրված հաջողություններն ակնհայտ են, իսկ Ադրբեջանի՝ 2016 թվականի ձախողված ռազմական արկածախնդրությունը ցույց է տվել, որ Արցախի անկախությունն անշրջելի իրողություն է, որ հայ ժողովուրդը հայրենիքի պաշտպանության հարցում ավելի միակամ և վճռական է, քան երբևէ:




