
Համահայաստանյան կարանտինի 160-րդ օրը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում եմ։ Մինչ այս բոլոր լրագրողներն այստեղ հեռավար էին գալիս։ Այժմ իրականում կանգնած եմ ինֆեկցիոն հիվանդանոցի մուտքի առաջ։
Դիմացս կողպված դուռ, դարպաս, պարիսպ չեմ տեսնում, բայց աներևույթ արգելքն այնքան ուժեղ է, որ զգում եմ համարյա շոշափելիի պես: Այստեղ գալ չի կարելի։ Գոյություն չունեցող պարիսպից անցնելու համար պիտի կա՛մ վարակակիր լինես, կա՛մ բժիշկ։ Ես ոչ մեկն եմ, ոչ` մյուսը։ Բժիշկ–վարակաբան Ռուբեն Գրիգորյանի հյուրն եմ։ Հիվանդանոցի պատերից ներս առաջինը՝ համավարակի ողջ շրջանում։
2020 թվականի մարտի 16. Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ հայտարարվեց արտակարգ դրություն։ Այսօր՝ 2020 թվականի օգոստոսի 22։ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությունը 160 օրական է։
Դասախոս Նատալի Ավագյանը, դերասանուհի, բեմադրիչ, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը և մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը պատմում են, թե ինչպես են կրթությունը, մշակույթը, սպորտը արդեն 160 օր ապրում կոմայի մեջ։ Երկրի համար կենսական ոլորտները հիվանդ են, պայքարում են կյանքի համար։

Բժիշկ Ռուբեն Գրիգորյանն էլ իր տպավորություններն է ներկայացնում․ «Սկիզբը չէինք տեսնում, ինչ–որ անսպասելի, անծանոթ երևույթ էր սկսվում, բայց չէինք հասկանում ՝ էս ձնագունդն ինչքա՞ն կգլորվի, ի՞նչ չափեր կստանա։ Մենք մտածում էինք քիչ հիվանդներ կլինեն, կանցնի-կգնա։ Չէինք պատկերացնում, որ մարդիկ անգիտակցաբար կվարակվեն ու կվարակեն, բայց արեցին»։
Արդյունքում՝ կառավարությանը ներկայացվեց և ընդունվեց նոր նախագիծ․ արտակարգ դրությունը ապրիլի 14-ից երկարաձգվեց մինչ մայիսի 14–ը։
«Մենք սպառվում էինք, հետո ավելի լիցքավորվում, ռեսուրսն ավելի էր շատանում։ Ոնց որ պացիենտը ամեն անգամ փորեր, քեզնից հաներ, դու ավելի շատ լցվեիր, ինքը քո եղածից շատ քեզնից տաներ, դու հաջորդ օրը ավելի շատ էներգիայով գործի գայիր»,- պատմում է բժիշկը։
Նարինե Գրիգորյան
Թվում էր, թե շուտով կավարտվի․ չգիտեմ, երբ լավատես ես լինում, կարծում ես, որ ահա արդեն շուտով կբացվի, բայց գնալով երկարում էր և հանկարծ մի գիտակցում եղավ, որ առանց մշակույթ գնում ենք կործանման, մարդկային կործանման, մարդկային ոգու կործանման։
Նատալի Ավագյան
Դասավանդելը կենդանի պրոցես է, որտեղ պիտի հաղորդակցությունը լինի դեմ առ դեմ, երես առ երես։ Այսինքն, դու պիտի զգաս մարդկանց ժեստերը, տեսնես աչքերի արտահայտությունը, նրանց արտաբերած հնչյունները։
Կարեն Գիլոյան
Պատկերացրեք՝ մարդն առանց սնունդ մնա, ի՞նչ կլինի, կհյուծվի․ սա իհարկե այն աստիճան չի, որ մահանա, կարելի է իհարկե ապրել առանց սպորտի, բայց շատ մեծ դատարկություն կառաջանա կյանքում։

Բժիշկ Գրիգորյանն առաջին անգամ տուն գնաց մայիսի 27-ին: Այժմյան հանգստությամբ հեռախոսազանգերին պատասխանելը մինչ այդ օրը բարդ էր՝ անհնարինության չափ․ «Ի սկզբանե մեզ պետական բժշկական համալսարանում ասում էին՝ բժիշկը տարբերվում է մյուս մասնագետից նրանով, որ նախընտրում է լինի էդ պահին հիվանդի կողքը, քան՝ ընտանիքի, էդպես էլ արեցինք․․․»
Բժիշկը հիվանդի կողքին էր, ընտանիքը՝ իր․ միայն թե մտովի, հոգատարությամբ, համբերատարությամբ ու սպասումով։ Բայց մարդու ներքին ռեսուրսներն էլ սպառվելու հատկություն ունեն․«Նույն ընտանիքի անդամն ինքն էլ կարիքն ունի քո հոգատարության տարբեր հարցերում, զգում է, որ դու պետք ես, բայց չկաս»
Մայիսի 14–ին կառավարությունը որոշեց՝ արտակարգ դրությունը երկարաձգվում է ևս մեկ ամսով, մինչ հունիսի 13ը։
Կարեն Գիլոյան
160 օրը գիտե՞ք ինչքան մեծ ժամկետ է մարզիկի համար։ Եթե մարզիկը ընդամենը 1-2 մարզում է բաց թողնում՝ պիտի 4 մարզում անցկացնի, որ էդ բաց թողածը վերականգնվի։ Դե հիմա հաշվեք, եթե 160 օր չի մարզվել, ուրեմն մի տարի պիտի մարզվի, որպեսզի գա այն մարզավիճակին․ բայց կգա՞, չի՞ գա․․․
Նատալի Ավագյան
Դիսկոմֆորտ․ երևի ամենահարմար բառը էդ 160 օրերը նկարագրելու համար։ Փաստացի մարդիկ տանը նստած պատրաստվում են՝ դասախոսը իր հերթին, աշակերտը իր հերթին, մեկ էլ ամենակարևոր պահին ինչ-որ մեկին համակարգը դուրս է գցում և անզոր ես, ոչինչ չես կարողանում անել։
Նարինե Գրիգորյան
Կարծում եմ երբեք այսքան անօդ չի եղել մարդու կյանքը, ինչքան այս քանի օրերի ընթացքում։
Բժիշկ Գրիգորյանը այս ընթացքում կորոնավիրուսով վարակված մոտ 700 պացիենտ է ունեցել։ Մեկ մարդ 700 պատմություն է ապրել։ Իսկ հայաստանյան առողջապահություն ոլորտում այդպիսի պատմություները մի քանի տասնյակ հազարների են հասել․
«Նման պայմաններից էլ ավելի ծանր, ավելի ծանրաբեռնված պայմաններ չենք պատկերացնում, ավելի դժվար չէր կարող լինել»,- բժիշկը կարծում է, որ առողջապահության ոլորտում սա Հայաստանի համար հնարավոր ամենածանր խնդիրն էր։

160 օրում կարելի է ներկայացում բեմադրել, բարձրացնել անգլերենի իմացությունը առնվազն մեկ մակարդակով, անցկացնել օլիմպիական խաղեր։ Երեխան այդքան ժամանակում կարող է ատամ հանել, տառերը սովորել, պատանին՝ տիրապետել շախմատ խաղալու կանոններին, երիտասարդները, շատ ցանկանալու դեպքում, կարող են հասցնել ամուսնանալ։
Բայց մարտի 16-ից օգոստոսի 22–ն ընկած 160 օրերը՝ իրենց «արտակարգ» կոչմամբ, այլ առաքելություն ունեին․այս ընթացքում մենք այլ բան ունեինք սովորելու։
Ռուբեն Գրիգորյան
Հետաքրքիրն էն էր, որ ամեն 10 օրը մեկ մենք հասկանում էինք, որ այ տես մի բան սովորեցինք, այ մի հարցում ավելի պրոֆեսիոնալ մոտեցումներ կարող ենք ցուցաբերել։
Նարինե Գրիգորյան
Այս նախորդ 160 օրը կարծում եմ էքսպերիմենտ էին, որ ցույց տվեցին, թե ինչ է լինելու մարդու հետ, որն ապրում է առանց մշակույթ։
Նատալի Ավագյան
Երևի պիտի մի բան լիներ, որ մենք էսքան շատ գնահատեինք էս կենդանի շփումը, հաճույքը, որ դասախոսը զգում է դասի ժամանակ։
Դուրս եմ գալիս ինֆեկցիոն հիվանդանոցից մտքով, որ ես, հավանաբար, այդ շենքի ամենակարճաժամկետ այցելուն էի վերջին հինգ ամիսների ընթացքում։ Բժիշկներն այնտեղ մնում են տասնյակ ժամեր, հիվանդները՝ օրեր։
Ամեն մեկն իր ներսում մի կռիվ ունի․ արդեն 160 օրական։
Ամեն մեկը 160- օրյա պայքարի պատմություն ունի ու սպասում՝ 21 օրից արտակարգ դրությունը կվերջանա, վերջին անգամ:




