
Նոր տիպի Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերները հաղթահարելուն և առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու նպատակով կառավարությունը որոշել է որպես դրամաշնորհ տրամադրել 90 մլն դրամ տրամադրել «Ինժիներական Ասոցիացիա» ՀԿ-ին՝ թոքերի արհեստական շնչառական (ԹԱՇ) սարքերի գաղափարների մասնագիտական ուսումնասիրության և նախագծման աշխատանքների իրականացման նպատակով։
Գումարը կհատկացվի 2020 թ. պետբյուջեով «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագիր» ծրագրի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհներ» միջոցառման համար նախատեսված միջոցներից:

Դրամաշնորհի շրջանակում «Ինժիներական Ասոցիացիա» պարտավորվում է ուսումնասիրել ներկայացված գաղափարները, կապ հաստատել հետաքրքրություն հայտնած անհատ ինժեներների, համալսարանական լաբորատորիաների, ինժեներական և արտադրական գործունեություն իրականացնող ընկերությունների հետ՝ քննարկելու իրենց կողմից ներկայացված համագործակցության առաջարկները, արտադրական գաղափարները և մասնագիտական հնարավորությունները:
Կկազմակերպվեն ԹԱՇ սարքերի նախագծման, մակետային նախատիպի մշակման, մակետի լաբորատոր փորձարկումների իրականացման, համակարգի նախագծի շտկման, 5 օրինակ ինժեներական նմուշի մշակման, կոնստրուկտորական փաստաթղթերի ձևավորման աշխատանքներ՝ ապահովելով արտադրական ամբողջական ցիկլին հասնելու գործընթացը:
Հիմնավորման համաձայն՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել էր ԹԱՇ սարքավորումների նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում ստացվել է ավելի քան 280 հայտ և առաջարկ:




