ԿարևորՀասարակություն

Ինչպես Կանչելին Դիլիջանի ջուրը հանրաճանաչ դարձրեց

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»

Թբիլիսիում կյանքի 84 տարեկան հասակում մահացել է վրացի լեգենդար կոմպոզիտոր Գիա Կանչելին։ Իր կյանքի գրեթե կեսը Հայաստանում անցկացրած վրացի կոմպոզիտորը 7 սիմֆոնիաներից 6-ը գրել է Դիլիջանում, հայտնի է դարձել հատկապես «Միմինո», «Մի վշտացիր», «Կին-ձա-ձա» ֆիլմերի համար գրած երաժշտությամբ:

Հայ-վրացական բարեկամության խորհրդանիշ դարձած «Միմինո» ֆիլմի հայտնի երգը՝ «Չիտո- գվրիտոն» վրացի հայտնի կոմպոզիտորը գրել է երկու գիշերվա ընթացքում։

Կանչելին մի քանի տասնյակ ֆիլմերի համար է երաժշտություն գրել, սակայն նրան լայն ճանաչում են բերել հատկապես «Միմինո», «Մի վշտացիր»,«Կին-ձա-ձա» ֆիլմերի համար գրված ստեղծագործությունները։ Հենց այս ֆիլմերն են, ինչպես իր հարցազրույցներից մեկում է ասել, հիշողության մեջ տպավորվել, որովհետև դրանց վրա շատ է աշխատել։  

Երկու տարի առաջ, երբ Կանչելին այցելեց Հայաստան, հետաքրքիր պատմություն պատմեց նաև, թե ինչպես է ստեղծվել «Միմինո»-ի թևավոր դարձած արտահայտությունը․

«Ֆրունզիկը, երբ կրկնօրինակում էր Կիկաբիձեի հետ իր զրույցը «Միմինո» ֆիլմում, պետք է ասեր, որ լավագույն ջուրը Լենինականում է, պարզվում է՝ նա այնտեղ է ծնվել, և երբ ես Մոսֆիլմում պատահաբար հայտնվեցի և մտա այն սենյակը, որտեղ մոնտաժ էին անում, լսեցի «Լենինական»: մոտեցա Դանելյային և ասացի՝ կարո՞ղ ես միջանցք դուրս գալ։ Նա դուրս եկավ. գիտես, ասում եմ, ողջ երիտասարդությունս Դիլիջանում եմ անցկացրել, ի՞նչ կապ ունի Լենինականն ու Լենինը։ Նա նայեց ինձ, հագիս սև գեղեցիկ վերնաշապիկ էր, ասաց՝ կտա՞ս վերնաշապիկդ։ Ասացի՝ կտամ: ես հանեցի, նա տվեց իր հագինը, և Ֆրունզիկը կրկնօրինակման ժամանակ ասաց՝ լավագույն ջուրը Դիլիջանում է»:

Այսինքն պարզվում է, որ դուք եք որոշել, թե որտեղ է Հայաստանում ամենալավ ջուրը, հարցին, նա պատասխանել էր․«Այո, ես եմ որոշել»։  

Կանչելիի կյանքը կապված էր Հայաստանի հետ, կյանքի գրեթե կեսը անցկացրել է Դիլիջանի ստեղծագործական տանը, որտեղ գրել է իր 6 սիմֆոնիաները, յուրաքանչյուրի համար 1-ից 3 տարի է պահանջվել։

«Ամեն անգամ, երբ ավարտում էի աշխատանքս, անպայման պետք է առաջինն այն ներկայացնեի Առնո Բաբաջանյանին, Էդուարդ Միրզոյանին, Ալեքսանդր Հարությունյանին, Ավետ Տերտերյանին։ Ինձ համար մեծ պատիվ էր նրանց ցույց տալ իմ աշխատանքները և լսել նրանց կարծիքն ու դիտողությունները։ Ահա, դուք կարող եք պատկերացնել, թե որքան է իմ կյանքը կապված Հայաստանի, հատկապես Դիլիջանի հետ»։  

Վրացի լեգենդար կոմպոզիտորը Հայաստանում ասել էր, որ դա թերևս իր վերջին այցելությունն է Հայաստան․ վերջին մի քանի ամիսներին նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր և բուժում էր ստանում թբիլիսյան հիվանդանոցներից մեկում։

Բազմաթիվ մրցանակների դափնեկիրը թերևս միայն «Միմինո» երաժշտության համար մրցանակ չի ստացել, սակայն ստացել է ժողովուրդների սերը։

Կարդացեք նաև

Back to top button