

«Ժառանգություն» կուսակցությունը մտադիր է մասնակցել Գյումրիում և Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով՝ կուսակցությունը կարևորում է ընտրությունների այս փուլը և դրանք 2017-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմ համարում: «Ժառանգության» ներկայացուցիչն անդրադարձել է նաև օրակագային մեկ այլ հարցի՝ Ընտրական օրենսգրքի նախագծին:
«Ժառանգությունը» կմասնակցի Գյումրիում և Վանաձորում այս տարի սպասվող քաղաքապետի ընտրություններին: Խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ քաղաքական որոշում կուսակցությունն արդեն ունի, մանրամասները, սակայն, առաջիկայում են ներկայացնելու: «Դեռ հստակ անուններ չունենք , բայց միանշանակ է, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու ենք : Շատ շուտով կիմանաք, թե որն է լինելու այդ ընտրություններին մեր մասնակցության ձևաչափը»,- ասում է։
Հիշեցնենք, որ այս տարի ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան հանրապետության մի քանի համայնքներում, այդ թվում՝ Սպիտակում, Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում։ Ի դեպ՝ վերջինում ընտրություններն ավելի վաղ են սպասվում՝ ապրիլին Հրազդանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու մտադրություն ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը:
Արդյո՞ք «Ժռանգությունը» պաշտպանելու է նրա թեկնածությունը: Հստակ պատասխան դեռևս չունեն, բայց ողջունում են ընդդիմության մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին: «Մենք կարևորում ենք ՏԻՄ ընտրությունները, դրանք նախաշեմ են առաջիկա ընտրությունների համար, այդ պատճառով էլ կարծում ենք, որ մեր մասնակցությունը պետք է լիարժեք լինի»,- շեշտում է Փոստանջյանը։
Օրակարգային մյուս հարցը Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներն են: Ներկայացված նախագիծը ընդդիմադիրներն առանձնապես մեծ ոգևորությամբ չեն ընդունել, նախագծում մտահոգիչ բազմաթիվ դրույթներ են տեսնում: Ընտրական համակարգի խնդիրներին վերաբերող հիմնական հարցերը նախագծում պատասխաններ չեն ստացել, ասում է պատգամավորը։ «Այն, ինչ հռչակվում էր՝ համամասնական ընտրակարգ և այլն, ուղղակի հայտարարություններ էին, և մենք նորից նույն արատավոր շրջապտույտի մեջ ենք գտնվում»։
Զարուհի Փոստանջյանը հնարավոր է համարում ընդդիմադիր մյուս ուժերի հետ Ընտրական նոր օրենսգրքի շուրջ առաջարկների միասնական փաթեթ մշակելը: Առաջարկներն այնքան ծանոթ են, որ դրանք ներկայացնելու համար հատուկ աշխատանք էլ չի պահանջվում՝ ասում է: «Ընդդիմադիրների մոտեցումները հայտնի են, տարիներ շարունակ այս ուղղությամբ աշխատանքներ արվել են: Նոր ու հատուկ աշխատանքի կարիք, կարծում եմ, չկա»։
Հիշեցնեմ, որ Ընտրական օրենսգքրի նախագծի հրապարակումից հետո «Ժառանգությունը» հայտարարություն էր տարածել, որում ոչ թե գնահատել էր քննարկման դրած նախագիծը, այլ ներկայացրել էր այն հիմնական սկզբունքները, որոնք նախագծում ներառելը պարտադիր է համարում: Դրանցից գլխավորը, ըստ հայտարարության, մատնահետքերով գրանցումն է, ստորագրված ցուցակների հրապարակումը և ընտրատեղամասների տեսանկարահանումը:




