ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ է գրիպն անընդհատ կրկնվում. մանկական հիվանդանոցները գերծանրաբեռնված են

Հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների թիվն աճել է։ Հատկապես մանկական հիվանդանոցներում սուր շնչառական վարակներով պայմանավորված գերծանրաբեռնված վիճակ է։  Մասնագետները պարզաբանել են՝ կարանտինի հետևանքն է։  

Երեխաները 2 տարի փակված են մնացել տանը և քիչ են շփվել միկրոօրգանիզմների հետ, հետևաբար, նաև անհրաժեշտ իմունիտետը ձեռք չեն բերել։ Սուր շնչառական հիվանդացությունն ամենաշատն արձանագրվել է 0-14 տարեկան երեխաների շրջանում: Գրիպի ակտիվության համատարած բարձրացման մասին են հայտնում նաև տարածաշրջանի և եվրոպակա շատ երկրներ։

Քովիդից հետո Հանրապետությունում սուր շնչառական վարակների ակտիվություն կա։ Գերծանրաբեռնված են աշխատում հատկապես մանկական հիվանդանոցները։ «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, դոցենտ, ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ համավարակից հետո հիվանդացության միտումներնեն են ընդհանուր փոխվել։

«Ամենայն հավանականությամբ՝ համաճարակը, որը բնորոշ է երեխաներին, խախտվել է։ Սահմանափակումների արդյունքում առնվազն որոշ վարակներ արտասովոր են դառնում։  Իմունային պատասխանը, որը պետք է ձևավորվեր երեխաների մոտ, այնքան էլ հստակ չի ձևավորվել։  Բարձր թվեր են գրանցվում ոչ միայն Հայաստանում։  Հիվնադանոցները գերծանրաբեռնված են։ Որոշ ֆենոմեններ էլ կան։ Երբևիցե նման քանակի ականջի բոբոքումներ չեն եղել»։

Մասնագիտական գնահատականներով՝ սուր շնչառական վարակների եւ գրիպի սեզոնը մեկնարկում է հոկտեմբերին եւ շարունակվում մինչեւ մայիս։  Գրիպի տարածումը կանխարգելելու, ինչպես նաև թեթև տանելու համար Առողջպահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհուրդ է տալիս ժամանակ չկորցնել և անպայման  պատվաստվել սեզոնային գրիպի դեմ։

«Այո, այս տարի  Քովիդից հետո նկատելի է ՍՇՎ ակտիվացում։ Այս տարի ունենք նաև H1N1 շտամը, որը բավական վտանգավոր է։ Ուստի ևս մեկ անգամ հորդորում եմ գրիպի դեմ ևս պատվաստվել»։

«Հերացի» վերլուծականի դիտարկմամբ` տարածաշրջանի շատ երկրներ ևս հայտնել են գրիպի ակտիվության համատարած բարձրացման մասին: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում նույնպես սուր շնչառական վարակների ակտիվացում կա։ Հիվանդացությունն ամենաշատն արձանագրվել է 0-14 տարեկան երեխաների շրջանում: Ըստ նույն աղբյուրի՝ շտապօգնության կանչերի շուրջ 10 տոկոսը կազմում են սուր շնչառական վարակով հիվանդները, որոնք հիմնականում 0-18 տարեկան երեխաներ են:

ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրը, որը բժշկական օգնության ծառայություններ է մատուցում ինչպես Երևանի, այնպես էլ հանրապետության մարզերի բնակչությանը, 2022թ. հոկտեմբեր-նոյեմբերին սպասարկել է սուր շնչառական հիվանդացությամբ դիմած 0-18 տարեկան 519 և թոքաբորբ ախտորոշմամբ՝ 132 երեխա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպասարկած դեպքերից մոտ 30 տոկոսով ցածր է։ ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետ, Հանրային առողջության մանսագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը «Ռադիլուրի» հետ զրույցում հայտնեց, որ Մուրացան հիվանդանոցային համալիրը ևս գերծանրաբեռնված է աշխատում։ Նաև բացատրեց, թե ինչով է պայմանավորված, որ հիվանդությունն այդքան երկար տևում։

«Այս աշնան, ձմռան ամիսներն, ընդհանուր առմամբ,  ՍՇՎ ակտիվությամբ են աչքի ընկնում։ Իսկ սա նշանակում է, որ որպես կանոն ակտիվանում է ոչ թե մեկ, այլ մի քանի վարակ։  Մարդը մեկ վարակով հիվանդանում է, դրանից ապաքինվում էու վարակվում մեկ այլ վարակով։ Երեխաների ծնողները նկատած կլինեն՝ երեխան գնում է մանկապարտեզ, հիվանդանում է, ապաքինվում է, մեկ շաբաթից նորից է հիվանդանում։ Բայց ամենայն հավանականությամբ այլ վարակով է հիվանդանում»։

Սերգեյ Սարգսյանը ևս բացատրություն ունի, թե ինչու ենք ապաքինվելուց անմիջապես հետո նորից հիվանդանում։

«Կան վիրուսներ, որոնք ձևավորում են շատ կարճատև իմուն պատասխան։ Եվ մեկ շաբաթ անց կարող են նորից վարակվել նույն վիրուսով։ Կարող են նաև տարբեր վարակներ լինել։ Հիմնական շնչառական վարակները 8-ն են, գրիպը դրանցից մեկն է։ Առնվազն 7-ով առավել շատ վարակվում են երեխաները, հետևաբար մեկով վարակվելը չի երաշխավորում մյուսով չվարակվելը»։

Մասնագետները հորդորում են սուր շնչառական հիվանդությունների ախտանշանների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, չօգտագործել հակաբիոտիկներ, անմիջապես դիմել  առողջության առաջնային պահպանման օղակի բժշկին: Ի վերջո հիվանդանոցից կարելի է խուսափել նաև ընտանեկան բժիշկին ժամանակին դիմելու և ճիշտ բուժում ստանալու շնորհիվ։

Back to top button