ԿարևորՏնտեսական

Երբեք 3 հայկական ավիաընկերություն միաժամանակ թռիչք չի իրականացրել,  շուտով կմիանա 4-րդը․ Փայասլյան

Շուտով՝ մոտ 1 ամսից հայկական ավիաշուկայում իր թռիչքները կսկսի 4-րդ հայկական ավիափոխադրողը՝ ազգային  ավիափոխադրող Fly Arna-ն։ Բացի այդ՝ մեր երկրի շուկայում վերջին շրջանում ավելացել են մի շարք նոր ավիափոխադրողներ, կան նոր ուղղություններ՝ այդ թվում կանոնավոր թռիչքներ Երևան-Ալմա-Աթի, Երևան-Լառնակա և այլն։ Դեպի ՌԴ թռիչքներն այլևս ամենապահանջվածը չեն, փոխարենն ակտիվացել են թռիչքներ դեպի Դուբայ, Շարժա և Եվրոպա։ Ի՞նչ նոր ուղղություններ և ավիաընկերություններ են եկել Հայաստան, ինչպե՞ս է ընդլայնվել թռիչքների աշխարհագրությունը: Զրույց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Ստեփան Փայասլյանի հետ:  

Պարոն Փայասլյան, տեղյակ եմ, որ կան նոր ավիաընկերություններ, որոնք նախանշել են Երևանը և նախատեսում են ունենալ նաև կանոնավոր թռիչքներ՝ ողջ տարվա ընթացքում, խնդրում եմ ռադիոլսողներին մանրամասներ ներկայացնել՝ նոր ուղղությունների և ավիաընկերությունների վերաբերյալ․

— Շուտով մեր շուկայում կսկսի իր թռիչքները հայկական նոր ավիաընկերություն՝ Fly Arna-ն, իսկ օտարերկրյա ավիաընկերություններից ֆրանսիական Trans Avia ընկերությունն է սկսել թռիչքներ, Աբու Դաբիից թռիչքներ Wizz Air ավիաընկերությունն է իրականացնում, սեպտեմբերի սկզբից դեպի Հռոմ ուղղություն է բացվելու, հունիսի սկզբից Լառնակա-Երևան կանոնավոր չվերթներ կիրականացվեն, դրանք հիմնականում չարտերային թռիչքներ են եղել, բայց այս տարվանից նախատեսվում է, որ կդառնան կանոնավոր։

Բոլորովին նոր ընկերություն է Fly Arista ղազախական ավիաընկերությունը, որը ևս կսկսի կանոնավոր չվերթներ իրականացնել Երևան-Ալմա-աթա։ Իհարկե կանոնավոր չվերթներին զուգահեռ կունենանք կարճաժամկետ թռիչքներ՝ միայն ամռան ամսիներին»,-ասում է Ստեփան Փալասյանը։

– Խնդրում եմ խոսել նաև ամենապահանջված ուղղությունների մասին, արդյո՞ք պատկեր է փոխվել այս առումով․

-Որպես ուղևոր և քաղաքացի երկար տարիներ ես նկատել եմ, որ ամենապահանջված ուղղությունը ՌԴ-ն է, Մոսկվան՝ հատկապես, տարանցիկ ուղղություն է այն նաև, այսինքն՝ ուղիղ ավիահաղորդակցություն չունենալու դեպքում Մոսկվայից էին մարդիկ գնում։ Հիմա ընդհանուր կոնցեպը մի փոքր փոխվել է, և բավականին ակտիվ են Դուբայ-Շարժա և եվրոպական ուղղությունները, բայց ժամանակին գերակշիռ քանակը ուղևորահոսքի և ավիաընկերությունների քանակով ՌԴ-ն է եղել․հիմա պատկերը փոխվել է։

Քովիդ-սահմանափակումները Հայաստանում կարծես վերացել են, խնդրում եմ ասել՝ հատկապես ինչին է սա վերաբերում, և արդյոք սահմանափակումների վերացումը նպաստել է, որ Երևանը նախանշվի այլ ավիաընկերությունների կողմից․

— Քովիդ սահմանափակումները Հայաստանում վերացել են թեստ հանձնելու, ուղևորափոխադրումների մասով, կարող ենք ասել, որ քովիդից հետո վերականգնվելու երկրորդ փուլ ենք տեղափոխվում։ Ավիաընկերություններն ունեն տարբեր գործիքներ, որոնք կիրառելով նախանշում են նոր ավիաուղիներ և հաշվի են առնում պոտենցիալ ուղևորահոսք, քովիդ սահմանափակումներ, և նախանշել են Երևանը՝ որպես հետաքրքիր ու բաց ուղղություն։ Առհասարակ նոր ընկերությունների մուտքը ցույց է տալիս, որ հետաքրքրություն կա Հայաստանի հանդեպ։ Հետո երբեք չենք ունեցել, որ միաժամանակ 3 հայկական ընկերություն, իրականացնեն թռիչքներ, շուտով կմիանա նաև 4-րդը։ Հույս ունենանք, որ ապագայում չվերթերի մեջ կգերակշռեն հայկական փոխադրողները, և դա մեզ կտա լրացուցիչ վստահություն և ապահովություն այս ոլորտում։

Back to top button