ԿարևորՀասարակություն

Ամենաբարձր աշխատավարձերը ՏՏ ոլորտում են, ամենացածրը՝ կրթությունում

Նախորդ տարվա համեմատ  որոշ մասնագետների աշխատավարձերը էականորեն  բարձրացել են․ տվյալները  Staff.am կայքի ուսումնասիրությունից են։ Ամենաբարձրը վարձատրվում են  ՏՏ ոլորտի մասնագետները, իսկ ամենացածր աշխատավարձերը կրթության ոլորտում են։

2018-ի համեմատ շուրջ 250 տոկոսով ավելացել է թափուր աշխատատեղերի թիվը՝  հասնելով մինչև 12 հազարի։ Վիճակագրությունը հստակ չի պատասխանում հարցին, թե  աշխատատեղերի որ մասն է նոր ստեղծվել, որ մասն է  ստվերից դուրս եկել։

Ամենապահանջված մասնագիտությունը շարունակում է մնալ  ծրագրավորողինը։  2019 թվականին աշխատատեղերի ամենամեծ պահանջարկը՝ ընդհանուրի 20 տոկոսը,  եղել է  հենց ծրագրավորման ոլորտում։ Հաջորդը վաճառքի սպասարկման ոլորտն է, հետո՝  կրթությունը՝ ասում է  աշխատաշուկայի մասնագիտացված վերլուծությամբ զբաղվող staff.am կայքի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը: Բանկային, վարկային ոլորտին վերաբերող  հայտարարությունները մեծ թիվ  են կազմում, սակայն դրանց կշիռն ընդհանուր   պահանջարկի մեջ  նվազել է։

«Ծրագրավորման դեպքում մենք ունենք մասնագետների պակաս։ Այսինքն՝ հայտարարություններն ավելի շատ են  եղել, քան դիմողները։ Վաճառքի սպասարկման կազմակերպման դեպքում հակառակն է՝  ունենք ավելի շատ դիմողներ, քան թափուր  աշխատատեղեր»,- նշում է Ավետիսյանը։

Ֆինանսաբանկային  և հեռահաղորդակցության  ոլորտի մասնագետների նկատմամբ հետաքրքրությունն այնքան էլ մեծ չէ։  Եթե հեռահաղորդակցությունը միշտ եղել է  5–րդ  հորիզոնականում, ապա այս տարի մեկ նիշով հետընթաց է  գրանցել։ Լուիզա Ավետիսյանն ասում է, որ ոլորտն արդեն հագեցած է, և նվազումը կշարունակվի նաև  2020 թվականին։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ թափուր աշխատատեղերի թիվն ավելացել է։ 2018–ի համեմատ՝   250 տոկոսով։ Սա աշխատաշուկայի զարգացման ևս մեկ ցուցանիշ է։ 

«Եթե 2018–ին հայտարարվել է մոտ  5000 թափուր  աշխատատեղ, ապա  2019-ին  12 000 թափուր աշխատատեղ ենք ունեցել։  Նոր աշխատատեղեր  շատ կան»։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի տվյալներով՝ 2019–ին ստեղծվել է  40 հազար աշխատատեղ։ Նախարարը մատնանշում է ոլորտները, բայց նաև նշում՝ չկա  վիճակագրություն, թե ստեղծված  աշխատատեղերի որ մասն է նոր ստեղծվել, որ մասն է ստվերից դուրս եկել։

«Դրանցից 5300–ը մշակող  արդյունաբերության ոլորտում են, 400–ը՝ մեծածախ ու մանրածախ առևտրի, 4300 աշխատատեղ  ավելացել է հանրային սննդի ոլորտում, 2300–ը՝ կապի ու տեղեկատվության, 2100–ը՝ ՏՏ, 2700–ն այլ ծառայություններում են»,– ասաց  Տիգրան Խաչատրյանը։

Վաճառքի, սպասարկման և բանկային ու վարկային մասնագետների  կարիք կա բոլոր մարզերում։ Սակայն մարզային քաղաքներին աշխատատեղերի միայն  7.5 տոկոսն է բաժին ընկնում։  Աբովյան, Աշտարակ, Գյումրի քաղաքները  և՛ անցյալ տարի, և՛ այս տարի առաջատար են։  Գյումրին, Աշտարակն ու Արմավիրը  գրանցել են թափուր աշխատատեղերի աճ, իսկ Մասիսում դրանք նվազել են։  Աշխատատեղերի փոքր թիվը  երկու պատճառ ունի՝ ասում է Լուիզա Ավետիսյանը։

«Առաջինն այն է, որ ակտիվությունն այնքան էլ մեծ չէ։  Բայց պատճառ է նաև այն, որ  մարզերում թվայնացման մակարդակը բավականին ցածր է։ Մենք ունենք բողոքներ գործատուներից, որ   մարզերում շատ դժվարությամբ են հավաքագրում մասնագետներ։ Եվ թվային հարթակներն այնքան էլ չեն օգնում և շատ հաճախ ստիպված են լինում թղթով հայտարարություններ փակցնել»,– նշեց Ավետիսյանը։     

Նախորդ տարի մի շարք ոլորտներում աշխատավարձերը բարձրացել են։ Մասնավորապես  բարձրացել են ծրագրավորման, մարքեթինգի, որակի կառավարման, վեբ և գրաֆիկ դիզայնի ոլորտի մասնագետների աշխատավարձերը։ Ամենաբարձրը ծրագրավորողների աշխատավարձն է՝ 10-15 տարվա փորձ ունեցողները ստանում են շուրջ 1.5 մլն դրամ ։  
Ամենացածր աշխատավարձը ստանում են  կրթության ոլորտում։ Այստեղ  մեկ տարվա աշխատանքային փորձ ունեցողը ստանում է  55 հազար դրամ, իսկ ամենաբարձր աշխատավարձը 190 հազար դրամն է։

Staff.am կայքի հաղորդակցության ղեկավար Նազելի Բադալյանի խոսքով էլ՝ գործատուների կողմից ամենապահանջված որակները  եղել են հաղորդակցման հմտությունները, թիմում աշխատելու կարողությունն ու ժամանակի կառավարումը։

«Կանխատեսումն այն է, որ ամենապահանջված որակները որոշ մասնագիտությունների դեպքում  լինելու են  ավելի կարևոր, քան մասնագիտական հմտությունները։  Դրանք են  վաճառքի, սպասարկման,  օֆիսային, մարքեթինգի աշխատանքները, իսկ կլինեն մասնագիտություններ, օրինակ  տեղեկատվական ոլորտի աշխատանքներ այս դեպքում պրոֆեսիոնալ հմտությունները  շատ ավելի կարևոր կլինեն»,– ասաց Նազելի Բադալյանը։

Ըստ վերլուծության՝  գործատուների կողմից  ամենապահանջված  որակները  եղել են հաղորդակցման հմտությունները, թիմում աշխատելու   կարողությունն ու ժամանակի կառավարումը։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close