ԿարևորՀասարակություն

Կիրակի Բուն Բարեկենդանն է. Ժամանակն է լիցքաթափվելու և հայկական ջերմությամբ լիցքավորվելու

Արարատյան Հայրապետական թեմը կիրակի հրավիրում է մասնակցելու Բուն Բարեկենդանի տոնի միջոցառումներին: «Փետրվարի 23-ին՝ ժամը 13:30-ին, վերցնում եք ձեր դիմակները, զարդարվում եք բարձր տրամադրությամբ ու միանում եք Բուն Բարեկենդանի տոնախմբությանը: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու մոտ թեմի երիտասարդները սիրով կսպասեն բոլորիդ: Հենց այստեղից ուրախ շքերթով մեկնարկելու է Բուն Բարեկենդանի տոնախմբությունը»,- ասվում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի տարածած հաղորդագրությունում:

Մասնակիցները դիմակներով, երգուպարով, դհոլ-զուռնայով, հեքիաթի հերոսների ուղեկցությամբ, Մեսրոպ Մաշտոցի պողոտայի ամեն խաչմերուկում տոնական շուրջպար բռնելով, կքայլեն դեպի Ազատության հրապարակ: Այստեղ սպասվում է մեծ տոնախմբություն, որն Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները կազմակերպել են Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Սպասվում են.

  • թատերական ներկայացումներ
  • ազգագրական երգուպար
  • ծիսական ուտեստներ
  • ձեռագործ աշխատանքների ցուցադրություն-վաճառք
  • ազգային խաղերի մրցումներ
  • մրցանակներ
  • Քաջ Նազարն ու Ուստիանն էլ իրենց ուրախ կատակներով անպոչ գդալի նման ամեն տեղ մեջ կընկնեն…

 «Մեր ավանդական շքեղ տոնը վերականգնվում է. Բուն Բարեկենդանը կրկին դառնում է սպասված ու մեծ տոն, որի ժամանակ մեծն ու փոքրը, հարսն ու սկեսուրը, ղեկավարն ու ենթական հավասարվում են, որտեղ կյանքի դիմակները դառնում են տոնական: Մեծ Պահքից առաջ ժամանակն է ուրախանալ, լիցքաթափվել և հայկական ջերմությամբ լիցքավորվել:  

Սիրով սպասում ենք բոլորիդ:

Հ.Գ. Չմոռանաք դիմակները: Խրախուսվում է նաև դիմակահանդեսային հագուստով մասնակցությունը»,- նշված է հաղորդագրությունում :

Back to top button