Ժամանակի վկան

Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) գործունեությունը Հայաստանում․ Նաիրա Գևորգյան․ «Ժամանակի վկան»

Անկախության տարիներից ի վեր Հայաստանում սկսեցին գործել բազմաթիվ արտերկյա կազմակերպություններ, որոնք իրականցրել են քաղաքական, կրթական, գիտական, հասարակական, մշակութային, կրոնական-հոգևոր, հոգեբանական, տնտեսական գործունեություն։

Կան բազմաթիվ գործող հիմնադրամներ նույնպես, որոնց մասին լայն հանրային տեղեկացվածություն չկա։ Հայաստանում գործող գերմանական հիմնադրամներից մեկի՝ Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի գործունեությունը հաղորդման ընթացքում կլուսաբանի ՖԷՀ-ի հայաստանյան մասնաճյուղի գրասենյակի տնօրեն Նաիրա Գևորգյանը։

Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամը Գերմանիայի ամենահին քաղաքական հիմնադրամն է, որը սոցիալ-դեմոկրատիայի գաղափարախոսության և ինստիտուտների կայացման բնագավառում հարուստ ավանդույթներ ունի։

Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամը ներկայացված է և մասնաճյուղեր ունի աշխարհի շուրջ 100 պետություններում։ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրամն իր գործունեությունն սկսել է 1995 թվականից։

Հարավային Կովկասում այս հիմնադրամի գործունեությամբ վերլուծվում և վերահսկվում են քաղաքական զարգացումներն ու գործընթացները տարածաշրջանում։

Իսկ ինչպե՞ս է իրացվում համագործակցությունը տեղական կառույցների հետ։

Հետաքրքրվեցի, արդյոք, հիմնադրամը ներկայացվա՞ծ է նաև Արցախում։

Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի աջակցությամբ կազմակերպվել և անցկացվել են գիտաժողովներ և աշխատաժողովներ Հարավային Կովկասի անվտանգության հարցերով նույնպես։

Հայաստանում գործում են գերմանական այլ հիմնադրմաներ նույնպես, որոնցից յուրաքանչյուրն իր առաքելությունը, նպատակներն ու ռազմավարությունն ունի Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի գործունեության հետ համեմատած։

Հիմնադրամն աջակցում է ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը։ Հյուրիս խոսքով՝ առաջընթացն ակնհայտ է, թեև՝ ոչ բավարար։ Առանց հիմնադրամի գործունեությունը դույզն իսկ նսեմացնելու միտումի, կուզենամ որպես հաղորդման հեղինակ հավելել, որ իմ կարծիքով, ցավոք, մեր ժողովուրդն ուղղակի զոհ գնաց կեղծ ժողովրդավարական գործընթացների կոչերին, ստորադասելով ազգային արժեհամակարգն ու հայրենիքի անվտանգությունը։ Նաև համոզված եմ, որ իրական ժողովրդավարության հաստատման ձգտումը և նպատակը չի կարող հանդուրժել տարածաշրջանում մի բռնապետության ներկայությունն ու կամայականությունները՝ ի դեմս ադրբեջանական բռնապետական պետության, մյուս ժողովրդավար երկրների դեմ՝ ի դեմս Հայաստանի և Արցախի։ Հարավային Կովկասում չի կարող լինել անվտանգություն, քանի դեռ Ադրբեջանը ցեղասպանական քաղաքականություն է վարում հայ ժողովրդի նկատմամբ։

Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի հայաստանյան գործունեության մեջ ակադեմիական համագործակցությունն առանձին ուղղություն է, իսկ գիտակրթական և մշակութային ձեռնարկները՝ բազմաթիվ ու տարատեսակ։ Հատկապես սերտ է հիմնադրամի և ՀՀ ԳԱԱ ինստիտուտների, ԵՊՀ-ի հետ համագործակցությունը։ Բազում գիտաժողովներ, աշխատաժողովներ, հանդիպում-քննարկումներ, սեմինարներ և այլ միջոցառումներ են ացկացվել, որոնց ընթացքում քննարկվել են կարևոր թեմաներ, որոնցից մեկն էլ տարածաշրջանում կատարվող փոփոխությունների ազդեցությունն է Հայաստանի վրա։

Ս․թ․ մայիսի 26-28-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Ուժային հավասարակշռության փոփոխությունները Հարավային Կովկասում․ ազդեցությունը Հայաստանի անվտանգային միջավայրի վրա» խորագրով աշխատաժողովը, որը նույնպես կազմակերպել էր Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ համագործակցությամբ։ Աշխատաժողովին մասնակցում էին Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողները, ասպիրանտները, հայցորդները, մագիստրատուրայի շրջանավարտները, ինչպես նաև գիտահետազոտական այլ կենտրոններ, ներկայացուցիչներ՝ հասարակական ոլորտից և Սփյուռքից։

Մեր զրույցի վերջում Նաիրա Գևորգյանը կարևորեց միջազգային տարբեր կազմակերպությունների աջակցությունը հայաստանյան կառույցներին՝ հատկապես, քաղաքացիական հասարակության կայացման գործում։

Back to top button