ԿարևորՀասարակություն

Օրենք «Զենքի շրջանառության կարգավորման» մասին․ ի՞նչ նոր հնարավորություններ ու սահմանափակումներ են նախատեսվում

Հայաստանում զենքի շրջանառության կարգավորման մասին նոր օրենքը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։ Առողջապահության նախարարության առաջարկով վերանայվել են «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» որոշումը։ Ռազմակրթական հասարակական կազմակերպությունները, սակայն, կարծում են, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար սահմանափակումների խիստ մեծ շրջանակ է առաջարկվել։ Ոլորտի մասնագետները կողմ են այս մոտեցմանը։ Ավելին՝ կարծում են, որ այն ուշացած է։ Նրանք հույս ունեն, որ նոր օրենքը կնպաստի, որ մեզանում փոխվի զենքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը։

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենքը ուժի մեջ կմտնի 2023 թվականի հուլիսի 1-ից։ Ի սկզբանե նախատեսված էր, որ օրենքը կսկսի գործել ապրիլի 28-ից։ Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանն է պարզաբանում նոր օրենքի ուժի մեջ մտնելը հետաձգելու անհրաժեշտությունը․

 «Հաշվի առնելով, որ դեռ նախատեսվում է տվյալ փաթեթից բխող ավելի քան երեք տասնյակ ենթաօրենսդրական ակտեր ընդունել, որն, ըստ էության, պետք է ապահովի նոր օրենքի անխափան գործունեությունը, մենք որոշել ենք նախկինում նշված ամսաթիվը տեղափոխել այս տարվա հուլիսի 1-ին»։

Այդպիսի ժամկետ է առաջարկվում նաև «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի շրջանակում։ Այն մասնավորապես, ենթադրում է հրաձգարանների պարտադիր լիցենզավորում։

Նշենք, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենքով նախատեսված էր, որ պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո պետք է այն ուժի մեջ մտներ: Պաշտոնական հրապարակումը եղել է հոկտեմբերի 27-ին, ուժի մեջ մտնելու ժամկետը լրանում էր ապրիլի 28-ին: Երկարացված ժամկետում՝ մինչև հուլիսի 1-ը, 3 տասնյակ ենթաօրենսդրական ակտեր կընդունվեն, որոնք պետք է ապահովեն նոր օրենքի անխափան կիրառությունը։

Նույն ժամկետն է առաջարկվում նաև «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի շրջանակներում, որով հրաձգարանների լիցենզավորում է նախատեսված: Դա թույլ կտա ապահովել լիցենզավորման կարգը, պայմանները, հրաձգարանների կահավորման պայմանները և այլն:

Օրենքի հեղինակներն ասում են, որ այս օրենքով ոչ թե զենք գնելն են հեշտացնում, այլ դաշտն են կարգավորում։ Օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, ԱԺ «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյան.

 «Մեր մոդելով հրազեն ստանալու համար դուք պետք է հանձնեք քննություն։ Ներկայիս օրենքը, ինքը շատ ավելի ազատական է, քան այն, որը որ մենք ենք առաջարկում, որովհետև ինքը հստակեցնում է հարաբերությունները»։

Ոլորտի մասնագետները կողմ են այս մոտեցմանը։ Ավելին՝ կարծում են, որ այն ուշացած է։ «Ազատազեն» ՀԿ խորհրդի նախագահ Իշխան Գևորգյանն ասում է՝ իրենք կողմ են, որ գիտելիքի հիման վրա մարդուն զենք կրելու իրավունք տրվի․

 «Այսինքն, այլ կերպ ասած, զենքը ավելի վտանգավոր բան է, քան մեքենան, ուստի՝ զենք էլ պետք է ունենա, այսպես ասած, «պռավա»։ Այսինքն՝ քննություն հանձնես, գաս, կրակես»։

Հայաստանում զենքի մշակույթի ձևավորման մասին հատկապես շատ է խոսվում 44-օրյա պատերազմից հետո։ Տարբեր հարթակներում քննարկվում էր հատկապես սահմանին ապրող մարդկանց զինելու հարցը։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը հիշեցնում է, որ իշխանություններն այնքան էլ ոգևորված չէին այս գաղափարով.

 «Ինձ համար մի քիչ հասկանալի չի՝ ինչո՞ւ կարելի ա լայն հասարակության համար զենքեր, բայց երբ քննարկվում է հենց սահմանամերձ գոտում ապրող մարդկանց, որոնց առօրյա խնդիրները լուծելու համար՝ ոչխարներին արածացնելու համար, կամ իրենց տարածքներում գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու հետ խնդիրներ էին բազմիցս առաջացել, և մարդիկ հնարավորություն չէին ունեցել պաշտպանվելու։ Արդյունքում առևանգվել էին, արդյունքում սպանվել էին»։

 «Չգիտեմ, թե էդ ավելի կարևոր հարցը ոնց ենք ձևակերպում, որ սահմանամերձ գոտին առաջնային ա մեր մոտ էս պահի դրությամբ զինելու տեսանկյունից։ Ստեղ մեզ համար սահմանների հարցը չի առաջնային, այլ Սահմանադրությամբ քաղաքացուն վերապահված իրավունքներն են»,– հակադարձում է Վիլեն Գաբրիելյանը։

«Տիգրան Մեծ» գնդի հիմնադիր-հրամանատար, «Արամազդ» կամավորական ջոկատի հրամանատար, «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Կորյուն Ղումաշյանը չի կարծում, որ սահմանների պաշտպանությունն այսօր միայն զենքի խնդիր է․

 «Էսօր ավտոմատի կռիվ չի, այսօր այն չէ, որ կանգնենք, քարոզ անենք, ասենք՝ մենք կռվող ենք և տվեք ինձ ավտոմատ, ես գնամ, հայրենիքը պահեմ։ Այսօր ավտոմատով հայրենիքը չենք կարողանա պահենք։ Ով էլ կասի, որ կկարողանա ավտոմատով էսօր գնալ երկիր պահել, դա սուտ է»։

Խորհրդարանը դեռ 2022 թվականին էր ընդունել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը։ Այն սահմանում է, որ քննությունը բարեհաջող հանձնելուց հետո, քաղաքացին զենք ձեռք բերելու և պահելու թույլտվությունը ստանում է 10 տարով։ Այդ  ընթացքում քաղաքացին կարող է այդ վկայականով նոր զենքեր ձեռք բերել, սակայն ամեն նոր զենք ձեռք բերելու համար նա պարտավոր կլինի անցնել բուժզննման բոլոր անհրաժեշտ փուլերը։

Նախագիծը քաղաքացիական զենք ձեռք բերելու կանոնների խստացում է նախատեսում այն անձանց համար, որոնք առաջին անգամ են նման հայտ ներկայացնում, միևնույն ժամանակ այն ավելի շատ ու ավելի լավ զենք ձեռք բերելու հնարավորություն է տալու այն անձանց, որոնք անցած տարիների ընթացքում անցել են զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու անհրաժեշտ փուլերը և իրենց հավաքածուում ունեն որոշակի քանակի զենքեր։

Back to top button