Քաղաքական

Օրենսդիրները՝ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման վերաբերյալ

Այսօր Աժ-ում այս թեմայով մեկնաբանություններ ստանալը, զարմանալիորեն շատ դժվար էր: Պատգամավորներից շատերը՝ եւ ընդդիմադիր, եւ իշխանամետ դաշտից, պարզապես խուսափում են այս թեմայից՝ պատճառաբանելով, թե այս պահին պատրաստ չեն խոսել նշված թեմայով:

Միգուցե դա նրանից է, որ արդեն հայտնի է որոշակի խնդիրների մասին, մասնավորապես, որ ԵՄ մի շարք երկրներում տեխնիկական խնդիրներ են առաջացել, քանի որ չեն հասցրել փաստաթղթի թարգմանությունն անել եւ ստանալ բոլոր երկրների համաձայնությունը՝ նոյեմբերի 24-ին  համաձայնագրի ստորագրման համար: Իսկ թե արդյո՞ք այս դեպքում կարող է կրկնվել 2013-ի անակնկալի նախադեպը՝ հարցն անկեղծ զայրացրեց «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ ղեկավար, Աժ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Կարեն Բեքարյանին:

Մեզ հետ զրույցում ի դեպ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բացառեց, որ զուտ տեխնիկական պատճառներով հարցն առկախված կմնա: Այստեղ պատգամավորը կոնկրետ նոյեմբերի 24-ի ժամկետը չի կարեւորում: Նաեւ չի կիսում որոշ փորձագետների կարծիքը, թե ԵՄ-ը չի վստահում վարչապետ Կարեն Կարապետյանին եւ ժամանակ է ձգելու մինչեւ 2018-ի ապրիլը, մինչեւ հայաստանյան կառավարման համակարգում հստակեցումներ մտցվեն:

Այս հարցը հասկանալու համար պատկերավոր ձեւակեպմամբ հարցրեցի, թե ում դաշտում է այս պահին գնդակը: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար, պատգամավոր Արմեն Աշոտյանը մեզ հետ զրույցում հստակ նշեց, որ այն այժմ ԵՄ դաշտում է, քանի որ  Հայաստանն ավարտել է համաձայնագրի ստորագրման հետ կապված բոլոր նախապատրաստական աշխատանքները եւ հայկական կողմից համաձայնագրի ստորագրման հետ կապված որեւէ խնդիր՝ ժամկետային առումով, չկա: Իր խոսքն ավելի ազդեցիկ դարձնելու համար պատգամավորը թեմայի շուրջ հայտարարություն արեց նաեւ Աժ ամբիոնից:

«Ելք» դաշինքի անունից այսօր այս թեմայով հայտարարությամբ հանդես եկավ պատգամավոր Մանե Թանդիլյանը: Կոչ արեց գործընթացը ավարտին հասցնել, ցուցաբերել քաղաքական կամք եւ նշեց, որ իրենց քաղաքական ուժերը սատարում են այս գործընթացին:

Back to top button