Հասարակություն

Քիմիական զենքի կոնվենցիայի Արևելյան Եվրոպայի երկրների ազգային մարմինների ներկայացուցիչների հանդիպումը՝ Երևանում

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Այսօր Երևանում մեկնարկեց Քիմիական զենքի կոնվենցիայի Արևելյան Եվրոպայի երկրների ազգային մարմինների ներկայացուցիչների 13-րդ տարածաշրջանային եռօրյա հանդիպումը: Այն կազմակերպվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության, Քիմիական զենքի կոնվենցիայի իրականացման ՀՀ ազգային մարմնի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության քարտուղարության կողմից:

Կարևորելով զանգվածային բնաջնջմանն քիմիական զենքի արգելումը 1993 թվականին ըմնդունվեց այդ զինատեսակի մշակման, արտադրման, պահեստավորման, օգտագործման արգելման եւ ոչնչացման կոնվենցիան: Փաստաթղթին արդեն միացել է 190 երկիր: Կոնվենցիային չեն միացել Անգոլան, Բիրման, Եգիպտոսը, Իսրաելը, Հյուսիսային Կորեան և Հարավային Սուդանը: Անցյալ տարվա սեպտեմբերի դրությամբ քիմիական զենքի հայտարարված պաշարների շուրջ 82 տոկոսը ոչնչացված է: Այս գործընթացի վերահսկմամբ է զբաղվում քիմիական զենքի արգելման կազմակերպությունը, որին անցյալ տարի շնորհվեց Խաղաղության Նոբելյան մրցանակը:

Քիմիական զենքի կոնվենցիայի Արևելյան Եվրոպայի երկրների ազգային մարմինների ներկայացուցիչների 13-րդ տարածաշրջանային երևանյան եռօրյա հանդիպմանը մասնակցում են խմբի անդամ 23 երկրների ներկայացուցիչները: Ինչպես լրագրողներին հայտնեց Քիմիական զենքի կոնվենցիայի իրականացման ՀՀ ազգային մարմնի նախագահ Սամվել Մկրտչյանը, այս հավաքի ընթացքում կքննարկվեն կոնվենցիայի կիրառման շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումները, ազգային լավագույն փորձի փոխանակման և համագործակցության նոր հեռանկարներին առնչվող հարցեր:

Ըստ դիվանագետի, մեր տարածաշրջանում չկան խնդիներ՝ կապված քիմիական զենքի հետ:
Մի քանի տարի առաջ Հայաստանում իրականացվեց խորհրդային տարիներից հռթիռային վառելիքի՝ մելանժի մնացած պաշարների վերամշակումը, որի արդյունքում ստացվեց պարարտանյութ:
Երևանյան հանդիպման արդյունքներով կընդունվի եզրակացություն, որը ուղեցույց կհանդիսանա խմբի հետագա արդյունավետ գործունեության համար:

Back to top button