ԿարևորՀասարակություն

Քարոզարշավ առանց քարոզի․ ինչը կակտիվացնի քարոզողներին

Հանրաքվեի քարոզարշավի 44 օրից 7 օրն արդեն անցավ, ընդ որում՝ աննկատ շարքային ընտրողի համար։ Անցած մեկ շաբաթվա ընթացքում ակտիվ չէին ոչ «Այո»- ի, ոչ «Ոչ»- ի կողմնակիցները։ Նրանցից ոչ մեկն առայժմ չի շտապում անցնել ակտիվ գործողությունների։ Ապրիլի 5–ին նշանակված հանրաքվեի հետ կապված ընդամենը երկու իրադարձություն արձանագրվեց անցած շաբաթ՝ ԿԸՀ–ում գրանցվեց «Ոչ»–ի նախաձեռնող խումբը և Կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրեց 3.5 միլիարդ դրամ հանրաքվե անցկացնելու համար։

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որը ենթադրում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և վեց անդամների լիազորությունների դադարեցում, «այո» քարոզելու համար իշխանական կողմը դեռ գումար չունի։ Վաղը կտրվի պաշտոնական մեկնարկը՝ կկազմակերպվի դրամահավաք–երեկո, որպեսզի քաղաքացիներն իրենց աջակցությունը ցուցաբերեն ներկայացված գաղափարին։ Երեկոյի ընթացքում կներկայացվի նաև բրենդինգային հատվածը՝ երգը, լոգոն, կարգախոսը, որոնց համար հայտարարվել էր մրցույթ։

Սահմանադրական ընդամենը մեկ հոդվածի փոփոխության համար նախաձեռնված հանրաքվեն «այո»–ի ճամբարում ունենալու է իր առանձին երգը՝ հիմքում ունենալով կրկին հեղափոխության գաղափարը։

Քարոզարշավի առաջին իսկ օրվանից պարզ է, որ պայքարը ավանդական մեթոդներով չի լինելու։ Նախ՝ հարցականի տակ էր «Ոչ»–ի ճամբարի ձևավորումը, ձևավորումից հետո էլ՝ իրավաբան–իրավապաշտպանները հայտարարեցին․ չեն մտնելու քաղաքական հարթություն, չեն իրականացնելու ավանդական քարոզչություն։

Սա նշանակում է, որ չեն լինելու հանդիպումներ ընտրողների հետ այնպես, ինչպես մշտապես եղել է, բանավեճերը նույնպես նվազագույնի կհասցվեն, եթե իհարկե, լինեն։ «Ոչ»–ի ճամբարը ընտրել է, իրենց բնորոշմամբ,  քաղաքացիների իրավական գիտակցության բարձրացման ճանապարհը, միաժամանակ փորձելու են ներկայացնել հետևյալ գաղափարը՝ եթե այո–ն միակն է, ոչ–ի տարբեր ճանապարհներ կան։  

«Ոչ»–ի նախաձեռնող խմբի անդամ Արմեն Գալստյան․ «Մենք ոչ թե քաղաքացուն ասելու ենք գնացեք և ոչ քվեարկեք, նաև ասելու ենք՝ ոչ–ի դրսևորման ձևերը բազմաթիվ են։ Համենայնդեպս` առնվազն 3–ը։ Մեկն այն մոտեցումն է, որը որդեգրել են քաղաքական ուժերը՝ չմասնակցել հանրաքվեին։ Համոզված են, որ պրոցեսը հակասահմանադրական է՝ ուղղակի չեն մասնակցում; Մյուսը՝ մարդիկ, որ ուզում են գնան և ոչ ասեն։ գուցե, ոչ են ասում ներկայացված նախագծին, այլ՝ ոչ են ասում հենց հակասահմանադրականությանը։ Կլինեն մարդիկ, ես ձեզ հավաստիացնում եմ, ովքեր գուցե գնան և ասեն ոչ և կողքն էլ մի շատ մեծ մեկնաբանություն գրեն, թե ինչու են ասում ոչ։ Խնդիրը՝ համապատասխան ձայներ ունենալն է»։

Հենց սրա վրա էլ շեշտը դնելու են «ոչ»–ի քարոզողները։ Հանրաքվեն կայացած կհամարվի, եթե քվեարկածների առնվազն 640–650 հազարը «այո» քվեարկի։ Իշխանական ուժը համոզված է, որ կկարողանա ապահովել այդ ցուցանիշը։  Քարոզչական խմբի անդամ, պատգամավոր Վահագն Հովակիմյան․

«Ես համոզված եմ, որ ՀՀ քաղաքացին գնալու է տեղամաս, քվեարկելու է և քվեարկելու է այո։ Քվեարկելու է հեղափոխության օգտին, իր ապագայի, ժողովրդավարական Հայաստանի օգտին»։

Այս թևը քարոզարշավի օրերին գուցե քաղտեխնոլոգիայի անակնկալներ մատուցի, բայց կօգտվի նաև ավանդական քարոզչության գործիքներից, որոնցից հիմնականը՝ քաղաքացիների հետ հանդիպումն է։ Որոշ փուլում այդ քարոզչությանը միանալու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս պահին նա արդեն որոշում է կայացրել․ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մեկնում է արձակուրդ՝ «այո»–ի աշխատանքները կանոնակարգելու համար։   

Թեև ընդդիմադիր քաղաքական ուժերը որոշել են ձեռնպահ մնալ քարոզարշավից և սահմանադրական հանրաքվեից, անգամ մեկնաբանություններից, բայց «ոչ»–ի ճամբարում փորձում են համագործակցել որոշ ուժերի հետ։ Այդպես օրինակ, Դաշնակցությունն ու «Լուսավոր Հայաստան»–ը չեն բացառում, որ կօգնեն «ոչ»–ի ճամբարին՝ տեղամասային հանձնաժողովներում անդամներ ունենալու հարցում։

Հանրաքվեն բոյկոտող քաղաքական ուժերի դիրքորոշումը և բացատրությունը «այո»–ի կողմնակիցների համար անհասկանալի է։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց․ «Այստեղ ինձ համար անձամբ հարցը այլ դաշտում է գտնվում, որ քաղաքական հայտ ներկայացնող կուսակցությունները որեւէ կերպ դիրքորոշում չեն հայտնում համապետական քաղաքական իրադարձությանը։ Սա մեկ։ Երկրորդը՝ չնայած պաշտոնապես հայտարարել են, որ «ոչ»–ի քարոզ չեն իրականացնում, այնուամենայնիվ, այն քաղաքական ուժերը, որոնք կոչ են անում բոյկոտի կամ չմասնակցելու, դրանով արդեն իսկ գրեթե անթաքույց իրականցնում են «ոչ»–ի քարոզարշավ»։

«Ոչ»–ի իրավաբան–իրավապաշտպաններն առայժմ քարոզարշավի հեռուստատեսային անվճար քարոզչության ժամին ներկայացնում են իրենց պատրաստած տեղեկատվական նյութերը, քանի դեռ քաղաքական ուժերից կամ հասարակական միավորներից հայտեր չեն ստացել։ Մինչև փետրվարի 25–ի 23.00–ը նաև ժամանակ են տվել քաղաքացիներին «ոչ» քարոզչական կողմի նշանակմամբ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների հայտերը ստանալու համար։

Back to top button