ԿարևորՔաղաքական

«Ցեղասպանություն» որակումը կա, կանխարգելումը՝ ոչ․ արցախցիներն անվտանգության երաշխիքներ չունեն

ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո առաջնային հարցը շարունակում է մնալ Արցախի քաղաքացիների տեղափոխման կամ «տարհանման» անհրաժեշտությունը։ Միջազգային տարբեր կառույցներ և միջազգային իրավունքի մասնագետներ շարունակում են մտահոգվել և պնդել էթնիկ զտումների վտանգը։ Հորդորում են Ադրբեջանին չգնալ այնպիսի քայլերի, որոնք կխախտեն Մարդու իրավունքների կոնվենցիան։

Իսկ իրականության մեջ Արցախի քաղաքացիները շարունակում են մնալ անորոշության մեջ՝ չունենալով անվտանգության երաշխիքներ։ Հումանիտար միջանցք բացելու մասին առայժմ չի հայտարարվում, շարունակում է փակ մնալ նաև Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցի քննարկումից հետո ի՞նչ կորոշի կառույցը, կլինի՞ որևէ փաստաթուղթ, թե՞ հերթական անգամ կառույցը քննարկմամբ կբավարարվի, դեռ հայտնի չէ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում արտգործնախարար Արարատ Միրզոյանը կառույցից պահանջել էր Լեռնային Ղարաբաղում անհապաղ ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն տեղակայել՝ մարդու իրավունքների, հումանիտար և անվտանգային իրավիճակների վերահսկման և գնահատման նպատակով, նաև կազմակերպության մանդատի ներքո խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորություն ստեղծել՝ պահպանելու կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկելու հնարավորությունը, նշել է, որ նման որոշում կարող է իրականացնել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։

Մինչդեռ ԼՂ բնակիչներից շատերն ակնկալում են մարդասիրական միջանցքի բացում, փաստացի չեն փորձում վերադառնալ իրենց տները՝ հակառակ տարբեր կողմերից հնչող  հորդորներին։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը հասկանալի է համարում անվստահությունը Ադրբեջանի իշխանությունների խոստումների նկատմամբ, քանի որ բազմիցս ապացուցվել է, որ Ադրբեջանը չի հետևում անգամ իր գրավոր պարտավորություններին։

Այս ամենը, ըստ վերլուծաբանի, պահպանում է դեռ գոյություն ունեցող վտանգները Արցախում․  

«Այս պայմաններում գերխնդիրը պետք է լինի բացառել որևէ կերպ Արցախի մեր հայրենակիցների հետագա փորձությունները։ Հիմա պետք է բոլոր ջանքերը ներդրվեն արցախցիների անվտանգությունն ապահովելու։ Հաշվի առնելով Ադրբեջանի վարչակարգի քաղաքականությունը՝  ես կարծում եմ, որ Ադրբեջանը սկսելու է Արցախում էթնիկ զտման քաղաքականություն, Արցախում բոլոր ինստիտուտների լուծարումից հետո։ Այս պայմաններում, բնականաբար, օրախնդիր պետք է լինի կազմակերպել մեր հայրենակիցների, նրանց, ովքեր, իհարկե, ցանկանում են, ապահով տեղափոխումը և կեցության պայմանների ապահովումը ՀՀ։ Թերևս սա պետք է լինի գերխնդիրը»։

Թեև աշխարհը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ԼՂ-ում տիրող իրավիճակը, բայց գործնական կանխարգելիչ քայլեր առայժմ չի արել։

Եռօրյա այցով Հայաստանում են ամերիկացի կոնգրեսականները՝ դեմոկրատ սենատոր Գերի Փիթերսի գլխավորությամբ։ Մինչև սեպտեմբերի 25-ը նրանք կհանդիպեն Հայաստանի ղեկավար կազմի և այլ անձանց հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունների ազդեցությունը։

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կենտրոնակայանում պատվիրակությունն արդեն հանդիպել է Հայաստանի սահմաններին՝ սեպտեմբերի 19-ից հետո ավելի ուժեղացված ռեժիմով պարեկություն իրականացնող դիտորդների հետ։ ԵՄ դիտորդական առաքելությունը սոցցանցում  լուսանկարներ է հրապարակել հանդիպումից։ «Ձգտում ենք թուլացնել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններում»,- ասել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

Գերի Փիթերսի գլխավորած կոնգրեսականների պատվիրակությունը արդեն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Կոռնիձորի հոտվածից։ Այնտեղ են ծանոթացել Արցախում ստեղծված իրավիճակին։

«Կոնգրեսական Փիթերսի խոսքով՝ տեսել են, թե ինչպես են հումանիտար օգնությամբ բեռնատարները կանգնած դեռևս փակ միջանցքի մոտ։ Խոսել են արցախցիների  խնդիրների և նրանց անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության մասին»։

Սյունիքում ամերիկացի կոնգրեսականները քննարկվել են նաև անվտանգային ու հումանիտար մարտահրավերների հարցերը։

Այս ամենին զուգահեռ Միացյալ Նահանգների կոնգրեսական Փրենկ Փալոնը կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոյի և Ադամ Շիֆի հետ նախագիծ են ներկայացրել Կոնգրեսին։ «Ադրբեջանի ագրեսիայի դեմ հայերի աջակցության մասին» օրենքի նախագիծն ընդգրկում է համապատասխան և արագ գործողությունների շրջանակը, որոնք կարող են ձեռնարկվել ԱՄՆ վարչակազմի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի հարձակումներից հետո։ Դրանք են՝ կոչ անել բացել Լաչինի միջանցքը, մարդասիրական օգնություն տրամադրել հայ ժողովրդին, դադարեցնել Ազատությանն աջակցության բանաձևի 907 հոդվածի գործողությունը, որն կարգելի Ադրբեջանի կառավարությանը տրամադրվող օգնության մեծ մասը և ԱՄՆ-Հայաստան ապագա գործընկերային հարաբերությունների համար ֆինանսավորում հատկացնել:

ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի վտանգավոր և անօրինական գործողությունների փաստաթղթավորումը տարբեր միջազգային ատյաններում շարունակվում է։ Հերթականներից մեկը՝ ՄԻԵԴ-ի կայացրած վճիռն է՝ հրատապ միջոց կիրառելու մասին։ Այդ կառույցը Ադրբեջանին հորդորել է չգնալ այնպիսի գործողությունների, որը կարող է հանգեցնել Կոնվենցիայի 2-րդ՝ կյանքի իրավունք և 3-րդ՝ խոշտանգման արգելք հոդվածներով երաշխավորվող իրավունքների խախտմանը։ ՄԻԵԴ-ը նաև որոշում է կայացրել այս մասին տեղեկացնել ԵԽ Նախարարների կոմիտեին։ Այս որոշումը ակտիվորեն օգտագործվելու է Հայաստանի արտաքին դիվանագիտության մեջ, ասում է պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

«Սա կարևոր որոշում է, որովհետև կարելի է ասել, որ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը այս որոշմամբ արձանագրում է, որ ԼՂ բնակիչների կյանքին վտանգ է սպառնում և այդ պատճառով, ըստ էության, պարտավորեցնում է Ադրբեջանին ապահովել ԼՂ հայ ժողովրդի կյանքի իրավունքը, ինչպես նաև արձանագրում է, որ նաև այնտեղ քաղաքացիական անձանց և ոչ միայն խոշտանգումների վտանգ կա և պարտավորեցնում է Ադրբեջանին զերծ մնալ մարդկանց խոշտանգումներից»։

Հայաստանը պատրաստվում է այս փաստաթուղթն ակտիվ օգտագործել դիվանագիտության մեջ։ Նախ՝ կանխելու Ադրբեջանի վայրագությունները, ինչպես նաև հասցեական հայտարարություններ ստանալու և Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցների հասնելու համար։

«Ցեղասպանություն» եզրույթով է խնդրին նորից անդրադարձել միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Նա ծավալուն հոդված է հրապարակել ԱՄՆ խոշորագույն թերթերից «Վաշինգտոն Փոստ»-ում՝ ընդգծելով, որ ոչինչ չպետք է խոչընդոտի աշխարհին կանգնեցնելու 2023 թվականին կատարվող Հայոց ցեղասպանությունը և կոչ է արել այսօր էլ օգնել կանխել պատմության կրկնությունը:

ԼՂ դեմ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սկսված ագրեսիան օրակարագային հարց է նաև ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում։ Լիագումար նիստերի օրակարգում նախապես ընդգրկված էր Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Արցախի շրջափակման հարցի քննարկումը, այն, ըստ ամենայնի հրատապ կարգով կփոխվի ներկա վիճակի քննարկման։ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների տեղեկություններով՝ բացի լիագումար նիստից ԼՂ-ում տիրող իրավիճակը կքննարկվի նաև երեք հանձնաժողովներում համատեղ։ Մոնիտորինգի, իրավական հարցերի և միգրացիայի հանձնաժողովների համատեղ նիստին, հավանաբար, կմասնակցեն նաև իրավունքի մասնագետներ, որոնք մարդու իրավունքների և քաղաքական կոնտեքստում կխոսեն ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Back to top button