ԿարևորՀասարակություն

Սնունդ կյանքի՝ համար. 360 տոննա հումանիտար օգնությունը Արցախ է ուղարկվել դեսպանների աչքի առջև

Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ՝ շուրջ 360 տոննա մարդասիրական օգնություն է այսօր 19 բեռնատարներով շարժվել դեպի Արցախ։ Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու որոշումը Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը «սադրանք է» որակել։ Բեռնատարների շարասյունն արդեն Սյունիքում է։ Նախատեսվում է մարդասիրական բեռը Սյունիքից Արցախ հասցնել ռուս խաղաղապահների միջոցով։

«Մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղին. սնունդ՝ կյանքի համար»,-այսպիսի գրությամբ 19 բեռնատար Երևանի կենտրոնից՝ Շահումյան հրապարակից այսօր առավոտյան շարժվեցին դեպի Արցախ։ Բեռնատարներից յուրաքանչյուրը կարող է տանել մինչև 23 տոննա բեռ։ Ընդհանուր առմամբ՝ մոտ 360 տոննա մարդասիրական բեռ են նրանք տեղափոխում դեպի Արցախ։

Ավտոշարասյան շարժվելուց առաջ բեռնատարների պարունակությանը ծանոթացել են Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ։ Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի անդամ Վարդան Սարգսյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ո՞ր երկրների դեսպաներն են հետևել գործընթացին․

«Այս պարագայում, կարծում եմ, որ այդ հարցի ճիշտ հասցեատերը ես չեմ, որովհետև ես հանդես եմ գալիս կոնկրետ այս միջոցառման տեխնիկական, լոգիստիկ և այլ հարցերով մանրամասներ ներկայացնելու։ Դիվանագիտական ներկայացուցիչների, դրանց արձագանքների և այլ հարցերով, կարծում եմ, ԱԳՆ-ն սպառիչ պատասխան կտա հաղորդագրությամբ»։ 

ԱԳՆ-ից ավելի ուշ հայտնեցին, որ գերատեսչությունում տեղի է ունեցել փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ՝ Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Հաղորդագրությունում, մասնավորապես, կարդում ենք.

«Կարևորվել է միջազգային հանրության հստակ ազդակն Ադրբեջանին՝ կատարելու ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանորեն պարտադիր ուժ  ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով ապահովելու վերաբերյալ»:

Հայաստանի կառավարությունը նախօրեին հայտնել էր, որ 227 օր շրջափակված Արցախ պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցություն հասցնելու որոշում է կայացվել։ Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանի՝ Արցախ ուղարկվող ամբողջ խմբաքանակը 1-2 օրվա սպառման սնունդ է։ 19 բեռնատարներում 60 տոննա շաքարավազ է, 40 տոննա ձեթ, 100 տոննա ալյուր, 80 տոննա մակարոնեղեն, 20 տոննա աղ, 40 տոննա կաթի փոշի, 12 տոննա մանկական սնունդ և 9 տոննա դեղորայք:

Իհարկե, սա բավարար չէ, սակայն շատ անհրաժեշտ է առնվազն այս պահին օր առաջ հասցնել Լեռնային Ղարաբաղ՝ նշել է փոխնախարարը։

Արցախին հումանիտար օգնություն տրամադրելու Հայաստանի կառավարության որոշումը Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը «սադրանք» է անվանել՝ իբր հայկական կողմը, Լաչինի միջանցքում տարբեր տրանսպորտային միջոցների կուտակմամբ, սադրանք է նախապատրաստում։ 

Նման իրավիճակում ի՞նչ երաշխիք կա, որ մարդասիրական օգնությունը կհասնի Արցախ։ Այս հարցին ի պատասխան Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի անդամ Վարդան Սարգսյանն ասել է, որ առաջնային նպատակը հումանիտար աջակցությունը Արցախ հասցնելն է, ոչ թե սահմանին ինչ-որ ակցիա անելը․

«Մենք ականատես ենք լինում, որ դեկտեմբերի 12-ից սկսած միջանցքը փակ է։ Հունիսի 15-ից սկսած արգելված է նույնիսկ Կարմիր Խաչի և ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից մատակարարումները։ Այս իրավիճակում երաշխիքների մասով, կարծում եմ, ավելորդ է խոսել»։

Նախատեսվում է, որ մարդասիրական օգնությունը Կոռնիձորից Արցախ պետք է հասնի ռուս խաղաղապահների օժանդակությամբ։

Ավելի վաղ ԿԽՄԿ-ն հայտնել էր, որ չնայած համառ ջանքերին, իրենք ներկայում չեն կարողանում Արցախի բնակիչներին օգնություն հասցնել Լաչինի միջանցքով և այլ ուղիներով, ներառյալ Ակնան:

Կարմիր Խաչի այս ահազանգին անդրադարձել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Նա Թվիթերում գրել է, որ ԵՄ լրջորեն է մոտենում կոմիտեի ահազանգերին։  Նա կարևորել է, որ Կարմիր Խաչը կարողանա ազատ գործել։

Միջազգային Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն էլ կոչ է արել Ադրբեջանին՝ թույլ տալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին կենսական մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին և անհապաղ  բացել Լաչինի միջանցքն ու ապահովել տեղաշարժի ազատությունը, երաշխավորել  մարդկանց, փոխադրամիջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը: Կազմակերպությունը դիմել է ժողովրդավարական կառավարություններին, որպեսզի նրանք ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ կոչ անելով վերջ տալ անմեղ քաղաքացիների կանխամտածված սովամահությանը։

Back to top button