ԿարևորՀասարակություն

Սննդի անվտանգությունը` զբոսաշրջության զարգացման նախապայման

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայկական «Գոյտեքս» ընկերության արտադրած ձուկը ռուսական «Ռոսսելխոզնադզոր» վերահսկողական ծառայությունն արգելել է ներկրել։

Մասնագետներն ասում են, որ Հայաստանում ձկան օգտագործման ծավալն առանձնապես մեծ չէ, այդ պատճառով էլ  հանրային սննդի անվտանգության տեսանկյունից այս ոլորտը, թերևս, առաջնային չեն համարում,  բայց հանրային սննդի անվտանգության ոլորտում մեր երկրում խնդիրները քիչ չեն, դրանք ակնհայտ էին հատկապես ամռան ամիսներին։

Ռուսական «Ռոսսելխոզնադզոր» ընկերության տարածած հաղորդագրության  համաձայն՝ «ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի ՝ անասնաբուժական-սանիտարական  պահանջները խախտելու պատճառով  սեպտեմբերի 5-ից ընկերությունը ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի ՌԴ տարածք «Գոյտեքս» ընկերության արտադրանքի ներկրման համար։

Հայկական  ընկերության արտադրած ձկան մեջ, ըստ հաղորդագրության, հայտնաբերվել է «մալաքիտային կանաչ» կոչվող գունանյութը։ Ինչպես «Ռադիոլուր»-ի հետ զրույցում պարզաբանեց ՀՀ ԿԵ Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը,  սա  հայտնի «զելյոնկա» նյութն է։ Այն օգտագործում են ձկնաբուծարաններում մակաբուծային հիվանդությունների դեմ, չնայած արգելված է։

«Երբ տնտեսվարողների հետ զրուցում ենք, բոլորը միաբերան հերքում են, բայց փաստացի մնացորդային նյութեր տեսնում ենք։ Օրական 400 գրամ ձուկ օգտագործելու դեպքում այդ նյութերը առողջական ռիսկ չեն պարունակում, այդուամենայնիվ,  սահմանված  կարգերի համաձայն  դրանք դիտարկվում են որպես վտանգ պարունակող նյութեր»։

Ըստ Գեորգի Ավետիսյանի, տեսչական մարմինը ուսումնասիրություններ է կատարել  բոլոր ձկնաբուծարաններում, որոշ խնդիրներ հայտնաբերել են, բայց վերջնական վերլուծություն կներկայացնեն միայն առաջիկա շաբաթների ընթացքում։ Եկող շաբաթ հանդիպելու են ոլորտի տնտեսվարողների հետ։ «Քննարկելու ենք բոլոր խնդիրները և անպայման լուծելու ենք դրանք»,- խոստացավ Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը։

Կա՞ն արդյոք խնդիրներ ձկնաբուծության ոլորտում. հարցին ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի  ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը բավականին ինքնատիպ է  պատասխանում՝ միանշանակ այո և միանշանակ ոչ։ Պարզաբանում է․

«Եթե նայում ենք արտահանման մասով, միանշանակ այո։ Բայց Հայաստանում ձուկը չափազանց քիչ են օգտագործում, հետևաբար  վտանգն էլ փոքր է»։

Պիպոյանի բնորոշմամբ, ձուկը Հայաստանում ավելի շատ բանկետային ուտելիք է, քան ամենօրյա կամ ամենշաբաթյա սննդակարգի մաս։ «Բացի այդ, որքան էլ խոսենք  սիգի որսի արգելքի մասին, բոլորս էլ շատ լավ գիտենք, որ մեր ազգաբնակչության մեծ մասը նախապատվությունը տալիս է բնական սիգին և ոչ թե  արհեստական լճակային տնտեսություններում աճեցրած ձկներին»,- նկատում է սննդաբանը։

Ըստ Պիպոյանի, եթե ձկնաբուծությունն ավելի շատ կարևորվում է արտահանումը, ապա հանրային սննդի կետերի անվտանգությունն էլ չափազանց կարևոր է զբոսաշրջության տեսանկյունից։ Պարզաբանումը հստակ է․յուրաքանչյուր զբոսաշրջիկ տեղեկատվության տարածման աղբյուր է, իսկ հանրային սննդի կետում թունավորված զբոսաշրջիկը վատ տեղեկատվության տարածման աղբյուր է։

Այնպես որ՝ հանրային սնունդն անքակտելիորեն կապված է տուրիզմի հետ։ Պիպոյանը նշում է՝ հանրային սննդի կետերում վիճակն այս տարի վատ էր հատկապես ամռան ամիսներին։ Անդրադառնալով ռեստորանային վերջին զանգվածային թունավորման դեպքին՝ ասաց․

 «Սա մեկ ռեստորանի խնդիր չէ, և որևէ մեկը չի երաշխավորում, որ նման դեպքերը չեն կրկնվելու»։

Back to top button