Տնտեսական

Սիրիահայեր.Սիրիայում հարկային արտոնություններ տալիս էին, Հայաստանում` ոչ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Սիրիայից Հայաստան տեղափոխվող մեր հայրենակից գործարարները շարունակում են բիզնես աշխարհում իրենց ուժերը փորձել: Նրանց մեծ մասին, բարեբախտաբար, հաջողվում է աշխատել հայրենիքում: Գրեթե բոլոր սիրիահայ գործարարները, սակայն, նկատում են՝ սկսնակ գործարարներին Սիրիայում հարկային արտոնություններ են տրվում, մինչդեռ Հայաստանում նման արտոնություներ իրենց չեն տալիս:

Սիրիահայ Րաֆֆի Երանոսյանը դարբին է: Հայաստան է եկել Սիրիայից: Արդեն ութ ամիս է, որ աշխատում է: Այստեղ էլ որոշել է նույն՝ դարբնի աշխատանքով հաց վաստակել: Սիրիայում նա մեծ կշեռքներ էր պատրաստում, այստեղ էլ շարունակում է աշխատանքը: Հայաստանի կյանքի հետ հարմարվել է, սակայն, աշխատանքում, տարբերություններ արդեն նկատում է:

«Սիրիա մեզ շատ ավելի դյուրություններ կուտան աշխատանքի: Կասեն, դու միայն աշխատիր և հնարիր: Հոս ստեղ մի բան, որ պիտի հնարես, արդեն կարող ա քեզ խանգարեն՝ հարկայինը, չգիտեմ, չի կարող ասել հիմա ես»:
Լուսամփոփ, մոմակալ, ճաղավանդակներ, արտադրվող տեսականին տարբեր է, աշխատանքային այսպես ասենք գործիքը նույնն է՝ երկաթը, որի հետ աշխատելը, չնայած դժվար է:

Ընտանիքով շուրջ մեկ տարի Հայաստանում գտնվող Րաֆֆի Երանոսյանը պատրաստ է շարունակել ապրել հայրենիքում.«Գործներս, որ լավ լինի, կմնանք, որ Սիրիա լավ կլինի, հետ կվերադառնանք: Պետք է, որ այստեղ գործերնիս լավ լինի»:

Հարություն Քվասյանը մոտ հինգ ամիս առաջ է Հայաստան եկել՝ կրկին Սիրիայից: Նա ևս ցանկանում է նույն այն աշխատանքով, որով Սիրիայում էր զբաղվում, Երևանում էլ նույն աշխատանքով զբաղվի: Նա մեքենամեխանիկ է, արդեն գիտի, թե ինչպես է աշխատելու Հայաստանում:

Մրցակցությունից չի վախեում, գիտի նաև, թե ինչ տարբերություններ կան իր արածի և Հայաստանում աշխատող մրցակիցների միջև.«Ամեն մեկը մի գործ անում է, խադավիկը մի գործ անում է, ռազվալնիկը մի գործ անում է, էս բոլորը ես կարող եմ մի տեղ անել»:

Նկատենք նաև՝ Սիրայից Հայաստան տեղափոխված բոլոր գործարարներն անպայման նշում են, որ սկսնակ գործարարներին Սիրիայում հարկային արտոնություններ են տրվում, մինչդեռ Հայաստանում նման արտոնություներ իրենք չեն տեսնում:

Back to top button