ԿարևորՀասարակություն

Սիբիրյան խոցը հաստատված է, աֆրիկյան ժանտախտը՝ ոչ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում  նախօրեին գրանցված սիբիրյան խոցը միակ դեպքն է՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հայտնել է  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Նա տեղեկացրել է, որ սիբիրյան խոցի դեմ կենդանիները պատվաստվում են պետպատվերի շրջանակներում: Իսկ ահա աֆրիկյան ժանտախտի դեմ պատվաստանյութ դեռ չի հայտնաբերվել: Հանրապետությունում, ըստ տեսչական մարմնի ղեկավարի, աֆրիկյան ժանտախտի դեպք չի գրանցվել: Տավուշի մարզում, մինդեռ, հակառակ պնդումները կան:

Հողային վարակ, որը շատ մեծ տարածում չի ունենում: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի  տեղեկացմամբ, սիբիրյան խոցով վարակվում են չպատվաստված կենդանիները: Հայաստանում պետպատվերի շրջանակներում  կենդանիները անվճար են պատվաստվում: Գեղարքունիքի մարզում օրերս սիբիրյան խոցի դեպք գրանցվեց  Գեորգի Ավետիսյանը վստահեցնում է. «Սա սիբիրյան խոցի՝ հանրապետությունում գրանցված  միակ դեպքն է: Ոչ այդ համայնքում, ոչ էլ  մյուս մարզերում դեպքեր չկան»:

Կոնկրետ այս դեպքում անասնատերը հրաժարվել է պատվաստումից: Դրա համար նա պատճառ է ունեցել. «Կենդանին հղի է եղել, իսկ հղիության ու հյուծվածության ժամանակ սիբիրյան խոցի  պատվաստումը չի թույլատրվում կամ չի խրախուսվում»:

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանի փոխանցմամբ, հիվանդանոց տեղափոխված հինգ գյուղացիների վիճակը լավ է, երկու օրից  նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից. «Մի երինջ է եղել, փաստորեն հիվանդ, որի մասին տերը չի իմացել: Մորթել է՝ չհասկանալով, որ վտանգավոր է: Մորթելու ժամանակ ով հետը շփվել էր, հիվանդացել է: Մեր գյուղում ընդհանրապես նման բան չի եղել»:

Եթե սիբիրյան խոցի դեմ պատվաստանյութ կա, ապա խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես պատվաստանյութ չկա,՝ ասում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: 

Տավուշի մարզի Աչաջուր համայնքում, սակայն, պնդում են ՝ աֆրիկյան ժանտախտ կա: Համայնքի բնակիչ Գեղամ Քոքոբելյանը   անասնագոմն է ցույց տալիս, որտեղ 4 տարի առաջ ընտանիքով  խոզեր էին պահում: Անցյալ տարվա  նոյեմբերին  92 գլուխ խոզը  մեկ շաբաթում  կորցրեց: Կորցրեց ներդրված 40 հազար դոլարը, սակայն աֆրիկյան ժանտախտը չհաստատվեց. «Ընտանիքով գործ էինք անում, վերջին արդյունքն էլ էս ա: Խոզերը սատկել են, նայողներն ասել են , որ աֆրիկյան ժանտախտ ա: Բայց չհաստատվեց, պատասխան էլ չեկավ»:

Աչաջուր համայնքի ղեկավարի տեղակալ Արարատ Գասպարյանն ու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Յուրի Միրզոյանը պնդում են՝ խոզերը աֆրիկյան ժանտախտից են սատկում: 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը «Ռադիոլուր»-ին վստահեցրեց. «Աֆրիկյան ժանտախտի գրանցված դեպք չունենք: Սա միակ հիվանդությունն է, որը կառավարության որոշմամբ, փոխհատուցվում է: Իսկ խոսել աֆրիկյան ժանտախտի մասին միայն փոխհատուցման համար, առնվազն, անլուրջ է»:

Բագրատաշենի մաքսակետը մեզ մոտ է՝ ասում է Տավուշի փոխմարզպետ  Թաթուլ Ստեփանյանն ու հավելում՝ հենց այս պատճառով է մարզը խոցելի: Այստեղ լուծում գտել են, ցանկանում են պայմանական ձևակերպմամբ  այս կամ այն երկրից ներկրվող  կենդանիների համար տարածք ունենալ, ստուգել  կենդանուն, նոր միայն թողնել Հայաստան.

«Մարզում իհարկե խնդիր կա, 2007թ օգոստոսի 2-ին հիվանդությունն արձանագրվել է, մինչև հիմա մեր մարզն այդ հիվանդության նկատմամբ ազատ գոտի չի ճանաչվել: Սա նշանակում է, որ խնդիր է, ոնց կարող է չլինի»:

Ստեփանյանը վստահ է՝ բոլոր խնդիրները կլուծվեն, երբ Հայաստանում  գյուղատնտեսության ապահովագրության ինստիտուտը ներդրվի:

Back to top button