ԿարևորՄիջազգային

Ռազմական գործողություններ՝ Չեռնոբիլի հարևանությամբ․ մասնագետներն անհանգստացած են

Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական ​​տեսչությունը հայտնել է Չեռնոբիլի տարածքում գամմա ճառագայթման վերահսկման մակարդակի աճի մասին։ «Էկոկենտրոնի փորձագետները դա կապում են հողի վերին շերտի խախտման հետ, որը պայմանավորված է  մեկուսացման գոտու տարածքով մեծ թվով ծանր ռազմական տեխնիկայի տեղաշարժով և օդի աղտոտվածության աճով։ Չեռնոբիլի ատոմակայանի և մնացած ենթակառուցվածքների դրությունն անփոփոխ է»,— ասվում է տեսչության հաղորդագրությունում։

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետն էր հաստատել, որ Չեռնոբիլի ատոմակայանի շենքն անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ։ Ատոմակայանի հարևանությամբ շարունակվող ռազմական գործողությունները մասնագետները վտանգավոր են համարում։

Չեռնոբիլի ատոմակայանը 1986 թվականի վթարից հետո էլ շարունակում է էլեկտրաէներգիայով ապահովել Ուկրաինայի գրեթե  կեսը։ Երկար տարիներ ատոմակայանում քաղաքացիական պաշտպանության շտաբի՝ բնակչության ռադիոակտիվ և քիմիական պաշտպանության բաժնի պետ աշխատած Վլադիմիր Սոկոլյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է՝ Չեռնոբիլի ատոմակայանի  4–րդ  բլոկը, որտեղ տեղի ունեցավ վթարը, կոնսերվացվել է ու այժմ էլ չի աշխատում։ Սակայն 4 բլոկներից բացի ժամանակին կառուցվել են  ևս երկուսը՝ յուրաքանչյուրը 1000 ՄՎտ հզորությամբ։ Վթարից հետո, զրուցակցիս խոսքով,  առաջին երկու  բլոկները գործարկվել են։

«4 –րդ բլոկը, որում վթար տեղի ունեցավ, այժմ էլ չի աշխատում։ Նորոգումը մեծ ծախսերի  հետ է կապված։  Վթարի հիմնական պատճառն աշխատակիցների անփույթ վերաբերմունքն էր։ Անվտանգությունն այդ տարիներին հիմնականում անլուրջ ու ոչ պատասխանատու մարդկանց ձեռքին էր».

Կայանն աշխատում էր, քանի դեռ ռուս–ուկրաինական հակամարտությունը ռազմական գործողությունների փուլ չէր մտել։ Ուկրաինայի նախագահի գրասենյակը երեկ տեղեկացրեց, որ Չեռնոբիլի ատոմակայանն անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ, ինչը լրջագույն անվտանգային սպառնալիք է  Եվրոպայի համար։

«Դաժան մարտից հետո մենք կորցրել ենք վերահսկողությունը Չեռնոբիլի հարթակի նկատմամբ: Նախկին ԱԷԿ-ի օբյեկտների, միջուկային թափոնների պահեստի վիճակն անհայտ է: Այս պահին անհնար է  պնդել, թե Չեռնոբիլի ԱԷԿ-ն անվտանգության մեջ է: Սա այսօր Եվրոպայի նկատմամբ լրջագույն սպառնալիքներից է».

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մտավախություն էր հայտնել, թե կարող են վնասվել ԱԷԿ–ի օբյեկտները։ Ըստ լրատվամիջոցների՝ անհայտ է  ԱԷԿ-ի միջուկային թափոնների պահեստի վիճակը։  

1986 թվականի վթարից հետո,  երբ ռեակտորն ամբողջությամբ ավերվեց և շրջակա տարածքները ենթարկվեցին ռադիոակտիվ ճառագայթման, առաջին երեք ամիսների ընթացքում մահացավ  երեք տասնյակից ավելի մարդ։  Ավելի քան 120 հազար մարդ տարհանվեց 30 կմ–անոց ճառագայթման գոտուց։ Շատերը մասնակցեցին վթարի հետևանքների վերացման գործին՝ ասում է բնակչության ռադիոակտիվ և քիմիական պաշտպանության բաժնի պետ աշխատած Վլադիմիր Սոկոլյանը։ Ատոմային վթարների մեջ իր հետևանքներով ամենախոշոր վթարից հետո էլ ռադիոակտիվության վտանգը,  ինչպես այն ժամանակ, այնպես էլ  այսօր դեռ ամբողջովին հաղթահարված չէ.   

 «Ինչպես այն ժամանակ, այսօր էլ կայանի ռադիոակտիվության վտանգը մնում է։ Հակամարտող կողմերը դա պետք է հաշվի առնեն։ Սանձազերծված պատերազմը շահավետ չէ որևէ կողմին։ Եթե հանկարծ  ատոմակայանը վնասվի, այդ աղետը կարող է  մեծ տարածք ընդգրկել և չի հարցնի քո ազգությունը՝ ռո՞ւս ես, թե՞ ուկրաինացի»։

Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած Վլադիմիր Սոկոլյանը մասնագիտական նկատառում է անում՝ ատոմակայանում պետք է խստորեն պահպանվեն անվտանգության կանոնները։ Առանց դրանց յուրաքանչյուրի կյանքն է վտանգված։ Այն ժամանակ էլ աշխատակիցները այդ հարցին  մատների արանքով նայեցին, հետևանքները վատ եղան։

«Պետք է հարգել անվտանգության կանոնները։ Առաջին հերթին  անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հագուստին՝ հակագազից սկսած։ Եթե սրանք չես պահպանում, ուրեմն մահը քեզ հետ է»։

Չեռնոբիլի վթարը մարդկության պատմության մեջ մնաց որպես միջուկային խոշորագույն աղետներից մեկը՝ ԽՍՀՄ-ի համար դառնալով նաև հասարակա-քաղաքական ցնցում առաջացրած իրադարձություն։ Սա իր  հետքը  թողեց վթարի պատճառների հետաքննության ընթացքի վրա։ Ժամանակի ընթացքում վթարի հանգամանքների և փաստերի մասին տեղեկատվությունը փոխվեց , բայց  կոնսենսուսի հասել այդպես էլ չհաջողվեց։

Back to top button