ԿարևորՀասարակություն

Պարգեւատրում, խոստում եւ խոստովանություն. Վարչապետը ԶԼՄ-ներին տոնական ընդունելության է հրավիրել

lianaeghiazaryan
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ կառավարության նիստերի դահլիճում տոնական ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Կառավարության գործունեությունը մշտապես լուսաբանելու, նաև ակտիվ համագործակցության համար ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչների Հովիկ Աբրահամյանը պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշանվերով  և խրախուսել ՀՀ վարչապետի շնորհակալագրով: Պարգեւատրման են արժանացել նաեւ Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի ղեկավար Հռիփսիմե Առաքելյանը` շնորհակալագրով եւ Հանրային հեռուստատեսության Առաջին լրատվական ծրագրի տնօրեն Գեւորգ Ալթունյանը՝  անվանական ժամացույցով:Վարչապետը նաեւ լրագրողների հետ փոքրիկ զրույցում խոստովանել է` որոնք են անցնող տարվա ամենամեծ բացթողումն ու խնդիրը:

 

Անցնող տարին հեշտերից չէր, ոչ ստանդարտ որոշումների ու քայլերի դիմելու կարիք էլ եղավ, բայց 2015-ին ոչ մի ծրագիր չկրճատվեց, թեեւ 4.1 տոկոս ծրագրված աճն էլ չստացվեց: Հանրապետության վարչապետն է խոստովանում լրատվամիջոցների հետ տարեվերջյան զրույցում: Հանդիպման առիթը տոնական էր` Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ ընդունելություն կառավարության նիստերի դահլիճում, բայց տարվա ընթացքում խնդիրներն այնքան են հիշեցրել իրենց մասին, որ վարչապետի պարզաբանումները մաղթանքներից ավելի արդի են դառնում: «Խոստացված աճը չկարողացանք ապահովել համաշխարհային տնտեսական իրողություններից ելնելով, բայց 3 եւ ավելի տոկոս աճ կունենանք, ասաց վարչապետն ու շտապեց անկեղծանալ` ինքն էլ գիտի` սրանով էլ, սակայն ժողովրդի բարեկեցության հարցը չի լուծվի: Բայց կա նաեւ մի «բայց»:

«Այսօվա իրողությունները դա թույլ չեն տալիս, եթե այլ մարդ լիներ կառավարության ղեկավարը, կամ նախարարների ամբողջ կազմն էլ փոխվեր, մեծ հաշվով ոչինչ չէր փոխվի»:

Մամուլը շարունակ խոսում է կառավարության կազմում կադրային նոր հնարավոր փոփոխությունների մասին: Վարչապետը չհերքեց` կառավարության կազմում միշտ հնարավոր են փոփոխություններ, ասաց, իսկ հատկապես 2016-ին նոր մոտեցումներ  եւ նոր պահանջներ են լինելու` զուգահեռվելով ծախսային լուրջ կրճատումներով: Կրճատվելու է նաեւ կառավարության կազմը, հայտարարեց գործադիրի ղեկավարը:

«Օպտիմալացման քայլեր, այո, անելու ենք»:

Փոփոխվելիք նախարարների անուններ Աբրահամյանն, այնուամենայնիվ, չտվեց: Հարցը շրջանցելով` վարչապետն Ամանորի նախաշեմին հանդուրժողականության ու խաղաղության մաղթանք ուղղեց: Մամուլի հետ առավել սերտորեն աշխատելու հույս հայտնելով` վարչապետը նշեց, որ քաղաքացիները միայն իշխանությանը չէ, որ չեն վստահում, երբեմն կասկածով են վերաբերում նաեւ այս կամ այն լրատվամիջոցի հաղորդածին: «Ամեն դեպքում տարին փակում ենք` ունենալով կայուն տնտեսություն, համերաշխություն, սա ամենամեծ ձեռքբերումն է համարում գործադիրի ղեկավարը: Իսկ ամենալուրջ բացթողումը, Հովիկ Աբրահամյանի ձեւակերպմամբ, որ չկարողացանք ապահովել 4.1 տոկոս տնտեսական աճը, ինչպես խոստացված էր: Այս բացը վարչապետը փորձեց լրացնել խոստմամբ:

«Ամեն ինչ անելու եմ որպես տնտեսության զարգացման թիվ մեկ պատասխանատու, որ մեր առջեւ դրված խնդիրները լուծվեն»:

«Իմ աշխատանքային օրն սկսվում է ձեր հրապարակումներին ծանոթանալով։ Ու շնորհակալ եմ, որ ձեր բազմաթիվ հրապարակումներ, հաղորդումներ, որոնք վեր են հանել իրապես խորքային մի շարք պրոբլեմներ, օգնել են ինձ՝ որպես վարչապետի դրանց օպերատիվ լուծում տալու»,-ասաց վարչապետը:

Եւ ի նշան շնորհակալության անաչառ լուսաբանման, օպերատիվ արձագանքման, ակտիվ համագործակցության համար` պարգեւատրում ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչների: Պրոֆեսիոնալ և սեփական աշխատանքին պատասխանատվությամբ մոտեցման համար պարգեւատրվեց նաեւ Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի ղեկավար Հռիփսիմե Առաքելյանը:

Back to top button