Միջազգային

Պատժամիջոցներ սահմանելուց հետո առաջին անգամ Պուտինը զանգահարել է Օբամային

Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, հայտնում է lenta.ru-ն՝ Կրեմլի կայքին հղումով։ Ինչպես նշվում է Սպիտակ տան կայքում, զրույցը կայացել է Պուտինի նախաձեռնությամբ (Կրեմլի հաղորդագրության մեջ այդ մասին չի հիշատակվում)։ Զրույցի ընթացքում ՌԴ նախագահը շոշափել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի դիվանագիտական լուծմանն առնչվող հարցեր և առաջարկել է դիտարկել իրավիճակի կայունացմանն ուղղված միջազգային հանրության հնարավոր քայլերը։

Մասնավորապես, Պուտինն առաջարկել է Օբամային քննարկել ճգնաժամի կարգավորմանն ուղղված այն քայլերը, որոնք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ Օբաման, ինչպես նշվում է հաղորդագրությունում, առաջարկել է Պուտինին Քերիի առաջարկի պատասխանը ներկայացնել գրավոր ձևով, կողմերը պայմանավորվել են նաև Քերիի և Լավրովի առաջիկա հանդիպման մասին՝ հետագա քայլերի քննարկման նպատակով։

Օբաման կոչ է արել ՌԴ-ին խուսափել հետագա սադրանքներից, ներառյալ՝ ռուսական զորքերի տեղակայումից Ուկրաինայի հետ սահմանին։ Զրույցի ընթացքում Պուտինն Օբամայի ուշադրութունն է հրավիրել «Մերձդնեստրի փաստացի արտաքին շրջափակման վրա» և ընդգծել, որ ՌԴ-ն հանդես է գալիս այդ խնդրի արդարացի կարգավորման օգտին, ասվում է Կրեմլի կայքում։ Սպիտակ տան կայքում Մերձդնեստրի թեման չի հիշատակվում։ Այս հեռախոսազրույցն առաջինն է Օբամայի կողմից ռուս մի շարք պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց հետո։

Back to top button