ԿարևորՍպորտ

Որակազրկում՝ համբույրի պատճառով․ ՖԻՖԱ-ն 3 տարով որակազրկել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կարգապահական կոմիտեն Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսին երեք տարով հեռացրել է ֆուտբոլային գործունեությունից, հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն երեք տարով հեռացրել է Իսպանիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսին ազգային և միջազգային մակարդակով ֆուտբոլի հետ կապված որևէ գործունեությունից՝ գտնելով, որ նա խախտել է ՖԻՖԱ-ի Կարգապահական օրենսգրքի 13-րդ հոդվածը։ Այս գործը վերաբերում է 2023 թվականի օգոստոսին կայացած կանանց աշխարհի առաջնության եզրափակիչի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին»,- ասվում է հաղորդագրությունում։

Օգոստոսի 20-ին Իսպանիայի հավաքականը հաղթել էր Անգլիայի ընտրանուն (1:0) և առաջին անգամ նվաճել կանանց աշխարհի գավաթը։ Մրցանակաբաշխության ժամանակ Ռուբիալեսը մեդալը Ջենիֆեր Հերմոսոյին հանձնելիս համբուրել էր ֆուտբոլիստի շուրթերը։ Օգոստոսի 26-ին ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշել էր Ռուբիալեսին ժամանակավորապես հեռացնել RFEF-ի նախագահի պաշտոնից։ Սեպտեմբերի 10-ին Ռուբիալեսը հայտարարել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրել իսպանական կազմակերպության նախագահի պաշտոնից։

Back to top button