Մշակույթ

Մրցանակ ոչ այնքան գրողների, որքան՝ ընթերցողների համար. հայտնի են 2015- ի գրական մրցանակակիրները

aidaavetisyan

Հայաստանի գրողների միությունն այսօր 2015 թվականի ամենամյա մրցանակի դափնեկիրներին է հանձնել դասականների անունները կրող  մրցանակները: Գրողների միության նախագահ Էդուրադ Միլիտոնյանը նշել է, որ  այս մրցանակներն անհրաժեշտ են ոչ այնքան գրողին, որքան ընթերցողին:

 

Սուսաննա Հարությունյան, Դավիթ Հովհաննես, Սամվել Բեգլարյան, Կարինե Խոդիկյան, Ֆելիքս Բախչինյան, Հռիփսիմե. նրանք են 2015- ի գրական մրցանակակիրները:

Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը  նախ շնորհավորեց դափնեկիրներին, այնուհետև  շեշտեց, որ այս մրցանակները  հարկավոր են  ոչ այնքան գրողին, որքան ընթերցողներին: «Ընդհանրապես՝ մեր ընթերցողներն ուշադրություն կդարձնեն  հեղինակին, գրքին, մանավանդ այսօր, երբ խառնվել են արժեքները»։- ասաց։

Անցյալ տարի  հիշատակվեց  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որն իր արձագանքը գտավ նաեւ հայ գրողների ստեղծագործություններում։  Արձակագիր Սուսաննա Հարությունյանի «Ագռավները Նոյից առաջ» վեպը, որն այսօր արժանացավ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի,  հեղինակի  մոտ 8 ամսվա աշխատանքի արդյունք է:  Սա ևս  ցեղասպանությանը նվիրված և հայոց ցավի մասին է: Սակայն այս մեկը շատ ստեղծագործություններից տարբերվում է նրանով, որ  հեղինակի կենսագրականը  ստեղծագործության հիմքը չէ:

«Կոլաժային կերպարներ են, որտեղ դեպքերի մի մասը վերցված է 1915 թվականի տարիների արտագաղթածների կյանքից, մի մասը՝ Ադրբեջանից գաղթածների կյանքից: Կարծում եմ՝  հետաքրքիր  վեպ է ստացվել: Կարծում եմ դուր կգա ընթերցողին, չնայած որ տխուր թեմա է»։

Մյուս դափնեկիրներից Սամվել Բեգլարյանի «Արջաորսի այբուբենը» հրապարակախոսություն է, որն էլ արժանացավ  Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի։ Այն ներկայացնում է  Հայաստանը աշխարհացունց երկրաշարժից մինչև սահմանային 2015- ի միջադեպերը։ Տավուշի մարզի Նոյեմբերյան  քաղաքում բնակվող հեղինակը նշում է. սահմանամերձ գյուղում թշնամու կրակոցների տակ ծնված գրքում հայոց աշխարհի վերջին  25 տարիների կյանքն է ներկայացնում։

Միության նախագահության ամենամյա մրցանակը ստանալուց զատ, գրողին հանձնվեց նաև նախորդ տարի մշակույթի նախարարության կողմից գրական և մշակութային գործունեության համար արժանացած «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալը: Դափնեկիրները փաստեցին՝ հաճելի է, երբ աշխատանքդ գնահատվում է, ինչն էլ մղում է  գրական նոր ստեղծագործությունների լույս աշխարհ գալուն:

Back to top button