Վերնատուն

Մշակույթ, բնապահպանություն, ուրբանիզմ՝ «Գետառ. գետի հիշողությունը» գրքում. «Վերնատուն»

«Գետառ. գետի հիշողությունը» գետի մասին առաջին ծավալուն հետազոտությունն է, որը բացահայտում է Գետառի մասին հիշողությունները, կարևորում այն բնապահպանական, ուրբանիստական, ճարտարապետական, մշակութաբանական, մարդաբանական տեսանկյունից։ Հետազոտությունը տևել է շուրջ երկու տարի և այն նպատակ ունի մեր հիշողությունների խորքից դուրս բերել գետը՝ իր ողջ հմայքով ու «դրամատիզմով»։ Գրքի խմբագի, գրականագետ, «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի հիմնադիր Տիգրան Ամիրյանն ասում է՝ հետազոտության գաղափարը ծնվեց, երբ աշխատում էին Երևանի հիշողության վերածվող թաղամասերի հետազոտմամբ։ Ֆիրդուսի, Նորքի, Կոնդի մասին բանավոր պատմությունների հավաքագրման ընթացքում Գետառն ու նրա մասին հիշողությունները անընդհատ ներկա էին։

«Գետառը չուներ իր պաշտոնական պատմությունը և դուրս էր մղված պաշտոնական անցյալից, մենք փորձեցինք վերստեղծել այն բանավոր խոսքի, մարդկանց բնակիչների հիշողությունների միջոցով՝ հավաքագրել բանավոր պատմություններն անհետացած գետի մասին», – ասում է Տիգրան Ամիրյանը։

Գետառը գետ է, որը և՛ հատում, և՛ միավորում է կյանքի տարբեր ձևերն ու սոցիալական խմբերը․ ուսանողներին, քանի որ անցնում էր համալսարանի մոտով, հետո մտնում հանրային տարածք՝ զբոսայգի և հասնում արդյունաբերական տարածքներ։ Այնտեղ աշխատողների առօրյայում գետի մասին հիշողություններ նույնպես կան։

Գրականությունը ևս ցույց է տվել Գետառի կարևորությունը։ Տիգրան Ամիրյանը նշում է Մկրտիչ Արմենի «Երևան» վեպը։ «Գետառը ոչ միայն հիշվում, այլ նաև մոռացվում է գրականության մեջ, օրինակ՝ 60- ականների գրականության մեջ Գետառն արդեն չկա։ Այսինքն, այն դուրս է մղված նաև մշակութային հիշողությունից … Այս նախագծով փորձել ենք միավորել մշակույթը, բնապահպանությունն ու ուրբանիզմը, հետազոտության մեջ այդ միջդիսցիպլինարությունն ապահովել։ Նոր սերնդից շատերը չգիտեն, որ Երևանում գետ է եղել և կա մի սերունդ, որ շատ լավ գիտի Գետառը։ Մենք փորձել ենք կամուրջ ստեղծել այդ երկու սերունդների միջև, նաև՝ քաղաքային իշխանությունների ուշադրությունը գրավել՝ գուցե մտածեն ինչպես վերադարձնել գետը քաղաքին, խոսել մշակութային անցյալի մասին՝ քաղաք, մշակույթ, գրականություն, ջրային ռեսուրսներ՝ հիդրոպոետիկայի տեսանկյունից, նաև՝ խորհրդային անցյալի մասին խոսելու և հետխորհրդային ներկան հասկանալու փորձ»,– ասում է Տիգրան Ամիրյանը։

Back to top button