ԿարևորՀասարակություն

ՄԻՊ ազգային ռազմավարությունը կփոփոխվի․ պատճառը պատերազմն է ու դրա հետևանքները

Պատերազմը 2020 թ.-ին շեշտակի աճել են զանգերը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի թեժ գծին։ Պաշտպան Արման Թաթոյանն այսօր խորհրդարանում  ներկայացրել է տարեկան զեկույցը՝ նշելով, որ պատերազմով պայմանավորված՝ խնդիրները շատացել են։ Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում և դրանից հետո գրանցվել են մարդու իրավունքների բազմաթիվ կոպիտ խախտումներ։  

Պատերազմի ընթացքում և դրանից հետո արձանագրված մարդու իրավունքների խախտումները Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը փոփոխելու անհրաժեշտություն են առաջացրել։  Քաղհասարակությունը կարծում է, որ փոփոխությունները պետք է լայն քննարկման առարկա դառնան։  

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է տարեկան զեկույցը։ Նա մանրամասնորեն անդրադարձել է հատկապես մարդու իրավունքների այն խախտումներին, որոնք կատարել  է Ադրբեջանը պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Արգելված զինատեսակների կիրառում, խոշտանգում, դաժանություններ․ այս ամենի մասին տասնյակ զեկույցներ, հաղորդագրություններ են ուղակվել միջազգային ատյաններ։ ՄԻՊ գրասենյակը ուսումնասիրել է ավելի քան 300 ելույթ և տեսանյութ ու փաստել, որ մարդկության դեմ ուղղված պատերազմական հանցագործությունների ակունքը հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է։ 

Արման Թաթոյանը մանրամասնում է․

«Ադրբեջանում հպարտությամբ են նշում, որ մեծացել է ատելությամբ լցված սերունդ։ Ատելությունն ու թշնամանքը ակնհայտորեն գեներացվում է քաղաքական ղեկավարության կողմից, և մենք ցույց ենք տվել, որ դրանք ոգեշնչող նշանակություն ունեին պատերազմի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի համար։  Խոսքն այստեղ պատերազմական հանցագործությունների մասին է, որովհետև այս խոշտանգումները ոչ թե առանձին վերցրած, առանձին զինվորականների արարքներ էին, այլ դրանք միասնական քաղաքականության մասեր էին։ Այս քաղաքականությունը ներկայումս նույնպես շարունակվում է։ Ֆաշիզմի հասնող քաղաքականություն է։ Սա շատ վտանգավոր է ոչ միայն տարածաշրջանի՝ մարդու իրավունքների, խաղաղության և երկարաժամկետ կայունության համար, այլ նաև լրջագույն խնդիրներ ու սպառնալիք է Արցախի, Հայաստանի բնակչության ու ժողովրդի կյանքի առողջության և մյուս իրավունքների համար։ Այս նույն ատելությունը նույնությամբ տարածվում է թուրքական աղբյուրներով։ Սա նույնպես վկայում է, որ այստեղ նույնպես իրացվում է ցեղասպան քաղաքականության նույն ոգին, ինչը տարածաշրջանի համար լուրջ խնդիրներ է պարունակում»։ 

Արձանագրված այս բազմաթիվ խախտումներն  առաջ են բերել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը փոփոխելու անհրաժեշտություն։ Արդարադատության նախարարությունն այդպիսի փոփոխություններ արդեն նախաձեռնել է։ Առաջարկվում է ՄԻՊ ազգային ռազմավարության 2020-2022 թթ. գործողությունների ծրագրում ներառել նոր միջոցառումներ, որոնք միտված են Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով առաջացած իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների հասցեագրմանը։

Արդարադատության նախարարության Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Թագուհի Հարությունյանն ասում է, որ 2019-ին մշակված ռազմավարությունն ու դրանից բխող գործողությունները համապատասխանեցվելու են պատերազմից հետո ստեղծված անվտանգային-մարդասիրական ճգնաժամի պայմաններին․  

«Միջոցառումների ծրագրում հատկապես նախատեսված են տեղահանված, հաշմանդամություն ստացած անձանց, զոհվածների, անհետ կորածների և գերության մեջ գտնվող անձանց, նրանց ընտանիքների իրավունքների արդյունավետ պաշտպանության ուղղություններով հստակ թիրախային միջոցառումներ»։ 

Մի բան է ծրագրերի սահմանումը, մեկ այլ բան՝ դրանք կյանքի կոչելն ու վերահսկելը․ այսպես են կարծում այն հասարակական կազմակերպությունները, որոնք առաջարկներ ունեն պատերազմի հետևանքով խախտված իրավունքների վերականգնման և աջակցության տրամադրման վերաբերյալ։ Վերահսկելու համար կստեղծեն խորհուրդ՝ ՀԿ-ների ներգրավմամբ, -վստահեցնում է Արդարադատության նախարարության ներկայացուցիչը։ «Թրանսփարենսի-Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Հայկ Մարտիրոսյանը կարծում է, որ գործողությունների ծրագրում պետք է ներառել, օրինակ, Սյունիքում կյանքի իրավունքի վտանգված լինելու հանգամանքն ու մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները։  Ասում է․

«Էս բնագավառում  ՄԻՊ-ը  բավականին դիպուկ և ճիշտ բազմաթիվ արձանագրումներ  է արել։ Այո՛, եթե  առկա չէ մարդու անվտանգության իրավունքը, մնացած հանգամանքների մասին խոսելը, ըստ էության, դառնում է անիմաստ»։  

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ պատերազմը ցնցեց շատ համակարգեր, և այստեղ պետք է լինեն համակարգային լուծման մեխանիզմներ, որոնք չկան։  ՀՔԱՎԳ ղեկավարն ասում է․

«Այո՛, այս ռազմավարության մեջ առաջարկվում  է պատերազմից տուժածների՝ անհետ կորածներ, հաշմանդամների, նրանց ընտանիքների մասով՝ գործողություններ, բայց արդյո՞ք մենք դրանք կարող ենք համարել համակարգային մոտեցման արտահայտություն։ Ես չէի ասի։  Որովհետև, օրինակ, անհետ կորածի կարգավիճակից բխող հարցերը և այլն, չպե՞տք է տրվեն դրանց հետ կապված լուծումներ։ Իհարկե, պետք է տրվեն»։

ՀԿ-ների ներկայացուցիչները հուսով են, որ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության փոփոխությւնները կանդրադառնան սահմանամերձ գոտում իրավունքների պաշտպանությանը և գերիների, անհետ կորածների կարգավիճակից բխող հարցերին։ Նրանց կարծիքով՝ իրավական կարգավորումները չպետք է կախված լինեն կառավարության ցանկությունից։ Արդարադատության նախարարությունից խոստանում են ռազմավարության փոփոխությունների ընդլայնված քննարկում ՀԿ-ների մասնակցությամբ։

Back to top button