Քաղաքական

Մինսկի խումբը ազդեցություն չունի Բաքվի վրա. քաղաքագետ

Ռուսաստանի կողմից Բաքվին զենք մատակարարելու, լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման ու միջնորդների պասիվության մասին այսօր իր կարծիքն է ներկայացրել ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը: Նրա համոզմամբ՝ Մոսկվայի համար դեպի Հարավային Կովկաս բացվող դռան բանալին Երևանում է, ինչը ենթադրում է, որ Մոսկվան պետք է նրբանկատ լինի Հայաստանի հետ հարաբերությունների հարցում:

 


Շփման գծում նախորդ տարվա ապրիլից հետո ամրապնդման աշխատանքներ են իրականացվում, կատարավածը թերևս ցնցել է շատերին. սա ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի սահմանագոտի այցի տպավորություն է: Զինծառայողների հետ զրույցից հստակ հասկացել է, որ մարտական ոգին շատ բարձր է: Այն, ինչ կատարվեց նախորդ տարի, մտահոգում է շատերին ու առաջին հարցը ռազմական գործողությունների կրկնման հավանականության մասին է: Լայնամասշտաբ պատերազմով որևէ գերտերություն հետաքրքրված չէ, դա պետք չէ ոչ ոքի՝ կարծում է նա. «Եթե Ադրբեջանը համոզված լինի, որ իրեն կհաջողվի բլից-կրիգի միջոցով հաջողության հասնել ու  ամրապնդել դիրքերը,  ապա դա հնարավոր կլինի, բայց լայնամասշտաբ պատերազմական գործողությունները տարածաշրջանում որեւէ մեկին ձեռնտու չեն։ Առանց այն էլ հարեւան երկրներում թեժ կետեր կան եւ հակամարտության շրջանակը մեծացնելը  որեւէ մեկի ձեռնտու չէ:  Դեռ կա Սիրիայի, Իրաքի, «Իսլամական պետության», քրդերի խնդիր։ Այսինքն տարածաշրջանում դեռ կան հսկայական խնդիրներ»:

Սակայն որոշակի լարվածություններ քաղաքագետը սահմանագոտում չի բացառում: Իսկ յուրաքանչյուր նման դեպքում շատ պարզ մի հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ԵԱՀԿ ՄԽ-ը պասիվություն դրսևորում: Պատասխանը պարզ հնչեց.  կամ ռեսուրսները չեն բավարարում, կամ խումբը ազդեցություն չունի Բաքվի վրա:

«Համանախագահները հիմնականում միմյանց հետ համամիտ են, բայց ճնշում գործադրելու համար գործնական քայլեր ձեռնարկելու հարցում  քաղաքական վճռականություն է պետք։ Կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում՝ հավանաբար տարածաշրջանային իրենց շահերից ելնելով՝  կամ ռեսուրսները չեն բավարարում, կամ խումբը բավականաչափ ազդեցություն չունի: Ունենալով Թուրքիայի, Պակիստանի և իսլամական մի շարք երկրների լուրջ աջակցությունը՝ Բաքուն կարողանում է անտեսել քաղաքակիրթ հանրության կարծիքը»:

Պարզ հասկանալով, թե որքան ագրեսիվ է տրամադրված Բաքուն հայկական կողմի նկատմամբ, Մոսկվան զենք-զինամթերք է վաճառում իր ռազմավարական դաշնակցի դեմ պատերազմել ցանկացող երկրին։ Արդյո՞ք սա  չի նպաստում լարվածության ավելացմանն ու չի ոգևորում Ադրբեջանին: Քաղաքագետի կարծիքով՝ գուցե Մոսկվայի երկակի դիրքորոշումը դերակատարություն ունի այդ հարցում։ Ադրբեջանը ոչ ԵԱՏՄ անդամ է, ոչ էլ ՀԱՊԿ անդամ և  Ռուսաստանը, ձգտելով լուրջ ազդեցությունը պահպանել հետխորհրդային երկրների վրա, ամեն դեպքում փորձում է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում:

«Իհարկե, Մոսկվան հետաքրքրություններ ունի Հարավային Կովկասում: Յուրաքանչյուր հակամարտություն կամ  հակասություն գերտերությունների համար  սեփական հետաքրքրություններն առաջ տանելու հնարավորություն է: Մոսկվան, բնականաբար, չի ուզենա դուրս մնալ տարածաշրջանից: Եվ պետք է նշեմ, որ Ռուսաստանի համար դեպի Հարավային Կովկաս տանող բանալին գտնվում է հենց Երևանում: Եվ եթե որևէ անուղղելի բան տեղի ունենա և կորցնենք Արցախը, ապա կորցված կլինի նաև ամբողջ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար:  Այդ դեպքում Ռուսաստանի ֆակտորը որևէ մեկին հետաքրքիր չի լինի այս տարածաշրջանում»:

Այս կարեւոր փաստը գիտակցելու փոխարեն՝ Մոսկվան քիչ է՝ զենք է մատակարարում մեր հակառակորդ երկրին, դեռ մասնագետներ է ուղարկում, որպեսզի սովորեցնեն՝ ինչպես օգտվել ժամանակակից զենքից՝ ահազանգում է  ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:

Ի դեպ՝ երեկ Անդրանիկ Միհրանյանը հանդիպել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ եւ այսօր տեղեկացրեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը պարզապես նախագահների գագաթաժողով կազմակերպելու նախապատրաստական աշխատանքների շրջանակներում պետք է դիտարկել:

Նախագահների մակարդակով հանդիպման պայմանավորվածություն չկա, սակայն սեպտեմբերին՝ Նյու-Յորքում, Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման ընթացքում գուցե նման պայմանավորվածություն ձեռք բերվի՝ ասաց ռուսաստանցի քաղաքագետը։

Back to top button