ԿարևորՀասարակություն

Մաշտոցը, Խորենացին, Նարեկացին՝ դպրոցական ծրագրից դու՞րս

Արդեն քանի օր է՝ մասնագիտական շրջանակներում և սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված առարկայական չափորոշիչների եւ ծրագրերի նախագիծը։ Աղմուկի պատճառ էր դարձել շրջանառության մեջ դրված «Գրականություն» առարկայի նոր ծրագիրն ու չափորոշիչները։

Հանրակրթական դպրոցի գրականության ուսումնառության հայեցակարգում  ներառված չեն 5-րդ դարի հայ պատմագրությունը, առակագրությունը, նաև այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Խորենացին, Մաշտոցը, Նարեկացին, Շնորհալին, Քուչակը, Սայաթ-Նովան, ինչը կրթության ոլորտի մասնագետների շրջանում մեծ դժգոհությունների առիթ է տվել: Ուսուցիչներին վիրավորել է նաեւ այն հանգամանքը, որ «Հայ գրականություն» առարկան խմբագրվել եւ դարձել է «Գրականություն»` իր մեջ ներառելով նաեւ արտասահմանյան գրականությունն ու հայ ժամանակակից հեղինակների գործերը:   

Երևանի համար 100 հիմնական դպրոցի Հայոց լեզվի և գրականության ուսուցուհի Արմինե Ստեփանյանը վրդովված է, որ հայ ոսկեդարը չի լինելու կրթական ծրագրերում։

«Մի ամբողջ Ոսկեդար՝ Նարեկացի, Խորենացի, ծրագրից ընդհանրապես դուրս են հանվել։ Դրա փոխարեն ծրագիր են ներմուծել անհայտ ծագումով ստեղծագործություններ, որոնք ոչ մի ուսուցանող բան չեն պարունակում իրենց մեջ և երեխաները ոչինչ չեն սովորի դրանից»,- ասում է Ստեփանյանը։

Նա պատկերացում անգամ չունի, թե ինչպես է դասավանդելու իր սաներին նոր չափորոշիչով, եթե այն անգամ իր սկզբունքներին է դեմ։ 

«Մենք՝ ուսուցիչներս, նորարարություններին դեմ չենք։ Մեր յուրաքանչյուր դաս նորարարություն է։ Եթե յուրաքանչյուր նորարարություն պետք է լինի ի նպաստ աշակերտի, մենք միայն կողմնակից կլինենք,  բայց եթե հանում են ստեղծագործողներ, որոնք արժեհամակարգ են ձևավորում աշակերտի մեջ, դա առաջ է բերում դժգոհություն թե՛ ուսուցիչների, թե՛ ծնողների շրջանում»,- ասում է ուսուցչուհին։ 

«Գրականություն» առարկայի նոր չափորոշիչները հարված են հայ գրականությանն ու մշակույթին, ահազանգում է ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերժ Սրապիոնյանը։

Ինչ գրականության մասին է խոսքը, երբ դրանում ներառված չեն 5-րդ դարի հայ պատմագրությունը, առակագրությունը, նաև այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Խորենացին, Մաշտոցը, Նարեկացին, Շնորհալին, Քուչակը, Սայաթ Նովան, ասում է գրականագետը, տեղի ունեցածը որակելով դավադրություն հայ ժողովրդի ինքնության, դիմագծի հանդեպ:

«Առարկայական չափորոշիչներն իմ կոլեգաներն անվանեցին պարզապես աղբ, ծամածռություն, հիմա ես այլևս չեմ կասկածում, որ այդ ծրագիրը հատուկ նպատակով է արվում։ Պարզվում է՝ այս շիլա-շփոթը ոչ միայն լեզվի և գրականության հետ է կապված, այլև հայ ժողովրդի պատմության»,- ասում է Սրապոնյանը։

Ըստ նրա՝ սա վատնգավոր երևույթ է, որը  ոչ միայն հարվածում է հայ գրականությանն ու մշակույթին, այլև արդեն սպառնում է ազգային անվտանգությանը։    

Թեև նոր չափանիշներում  քննադատելի շատ բաներ կան՝ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը չի կարող նաև դրականը չնկատել։

«Ես կողմնակից եմ եղել հին չափորոշիչների փոփոխմանը՝ թե մեթոդական, թե մոդելի տեսանկյունից։ Որոշ վերապահումներով ես կողմ եմ այս չափորոշիչներին, այլ հարցեր, որ այնտեղ կան բազմաթիվ բացթողումներ, լավ չբացատրված կետեր, որոնք քննարկումների արդյունքում կարելի է շտկել»,- վստահեցնում է Նիկողոսյանը։

Ինչ վերաբերում է  Գրականությունից «հայ» բառը հանելուն, Արքմենիկ Նիկողոսյանն այլոց պես այս փաստը ցավագին չի ընդունում։ Ավելին՝ հիշեցնում է՝ Դավիթ Գասպարյանի գրած և տարիներ շարունակ մեր երեխաներին հրամցվող գրականությունը ևս «Հայ գրականություն» չէր կոչվում 7-9 դասարաններում:

« Մենք տարիներ շարունակ մինչև ավագ դպրոց չենք ունեցել «Հայ գրականություն» առարկա ու դրա մասին այս տարիների ընթացքում ոչ ոք չի խոսել և ազգային ինքնությունից հեռանալու միտում չի դիտարկել։10-12-րդ դասարաններում նոր «Հայ գրականություն» ենք ունեցել»,- նկատում է գրականագետը։

Այստեղ Աքմենիկ Նիկողոսյանին շտապում է հակադարձել Սերժ Սրապիոնյանը՝ ընդգծելով, որ տվյալ դասագրքում գոնե հստակ ժամանակագրություն կար, ինչը ոչ պակաս կարևոր դեր է խաղում «Հայ  գրականությունը» ներկայացնելու գործում։

«Եղբայր, նախկինում պահպանված էր գրականության ժամանակագրությունը գրականության պատմություն իմաստով։ 7-րդ դասարանից սկսած ժամանակագրորեն անցնում էին կայուն պատմություն»,- ասում է Սրապիոնյանը։   

Մինչ մասնագիտական շրջանակներում ակտիվորեն քննարկում են, թե ինչու են դպրոցական ծրագրերից հանվում հայ գրականության վաղ շրջանի ու միջնադարի հեղինակները, առարկայական չափորոշիչ և ծրագրեր մշակող աշխատանքային խումբը տեղեկացնում է, որ ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ներառված է ուսումնական ծրագրում:

Հինգերորդ դասարանից սկսած՝ աշակերտները ուսումնասիրելու են պատմիչներ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, ինչպես նաև առակագիրների գործերը: Ծրագրում ներառված են նաև միջնադարյան հեղինակները՝ Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը, Սայաթ Նովան, «Ռադիոլուրի» հետ զրույցում հավաստիացրեց խմբի ղեկավար Թամարա Ալեքսանյանը։

«Ոսկեդարը դուրս չի եկել, մոտեցումն է փոխված։ Մենք շատ բաներ ներկայացրել ենք ժանրերով։ Բացի դրանից նախատեսվում է նախագիծ, որ ամեն աշակերտ պետք է տարվա վերջին մեկ թեմայով նախագիծ անի։ Նարեկացին պահել էինք 12-րդ դասարանի համար՝ նկատի ունենալով, որ նա ուսուցչի ուղորդմամբ պետք է նախագիծ իրականացնի՝ կարդա, ուսումնասիրի և ներկայացնի։ Այդ սովորողը մարդ է և ուզում է լինել ինքնուրույն։ Ինքնուրույն ուսումնասիրել և հասկանալ ինչով է Նարեկացին մեծ, ինչ է արել Խորենացինմեր գրականության համար, և ինչու ինքը պետք է Խորենացի սիրի։ Այսինքն՝ մոտեցումն է փոխված, ոչ թե այդ մարդիկ են հանված»,- ասում է Ալեքսանյանը։


Հանձնաժողովը շարունակում է աշխատել և լրամշակել ծրագիրը՝ քննարկելով հանրության բոլոր առաջարկությունները և դիտարկումները: Գրականության ամբողջական ցանկը կներկայացվի հանրային քննարկումների արդյունքում լրամշակումներից հետո։

Back to top button