ԿարևորՄշակույթ

Մայրաքաղաք Անին՝ այն երբեք չտեսած նկարչի աչքերով

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Հայտնի հայ նկարիչ, մոնումենտալ որմնանկարների հեղինակ Ռուբեն Ղևոնդյանի ամենանշանավոր ստեղծագործություններից մեկը «Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անի»-ն է: Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարանինստիտուտում որմնանկարը նոր շունչ է ստացել:

«Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անի»-ն նկարիչ Ռուբեն Ղեւոնդյանի ամենանշանավոր ստեղծագործություններից է: Միջնադարյան հայկական մայրաքաղաքի գեղեցկությունն ու շքեղությունը Ղևոնդյանի աչքերով ստեղծում է իսկական պատկեր, որի վրա վարպետն աշխատել է 6 տարի:

Նկարում քաղաքն է՝ իր կյանքով ու մարդկանցով, ասում է թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար Աշոտ Գրիգորյանն ու նկարի մասին իր խոսքը դարձնում վիզուալ զբոսանք՝ Բագրատունյաց մայրաքաղաքով:

«Չոր ճարտարապետական միջավայրը Ղեւոնդյանն առանց մարդկանց դժվար էր պատկերացնում, բայց ինչպե՞ս պատկերել անիցիներին, ովքեր ապրել են 11 դարում: Նկարիչը փորձեց այս ամենը ներկայացնել ըստ թեմաների: Ու ստավեց նկար, որտեղ յուրքանչյուրն իրեն կարող է գտնել»,-ասում է Աշոտ Գրիգորյանը:

Նկարիչն իր աչքերով Անին երբեք չտեսավ. խորհրդային տարիներին արգելված էր անգամ հայկական կողմից սահմանին կանգնել, իսկ հետո՝ արդեն 2005-ին, երբ սկսեց աշխատել որմնանկարի վրա, Ղեւոնդյանն ինքը չցանկացավ այցելել Անի: Իր մտքում տեսած Անին հերիք էր:

Թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանն ասում է՝ նկարի հիմքում գիտական ծավալուն ու մեծ աշխատանք է, որ արել է նկարիչը հնարավորինս պատկերավոր ստեղծելու երբեք չտեսած մայրաքաղաքը:

«2005-ին հատուկ չէր գնում, որ կարողանա ստանալ հենց այս համայնապատկերը: Ղեւնդյանը նայում էր քարտեզները, ուսումնասիրում էր, քարտեզների վրա տեղադրում էր եկեղեցիները, վերականգնում, թե ինչպիսինն էին ու նկարում էր»,-ասում է տնօրենը:

Ցուցասրահում են նաեւ Ռուբեն Ղեւոնդյանի ստեղծած Անիի եկեղեցիների թղթե մակետներն ու եւս մեկ նկար, որ արված է ջրաներկով ու մատիտով: Որմնանկարը հասանելի եղել է թանգարանի այցելուների համար:

Դրա դիմաց անցկացվել են դասախոսություններ ու դասեր, ուսանողներն ու աշակերտներն արդեն հասցրել են Ղեւոնդյանի ստեղծած Անիում գտնել իրենց համար ցանկալի տեղն ու վայրը:

«Հանրության վերաբերմունքը մենք արդեն գիտենք, նկարը խոսում է այցելուի հետ»,-ասում է թանգարան-ինստիտուտի գիտքարտուղարը:

Ղեւոնդյանն իր աչքերով իր Անիի երկրորդ շունչը չտեսավ. թանգարանում միայն դրա համար են ցավում, բայց հուսով են, որ նկարն իր մշտական տեղը կգտնի թանգարանում ու դեռ երկար այլելուներին կպատմի, թե ինչպիսին էր մայրաքաղաք Անին նկարիչ Ռուբեն Ղեւոնդյանի ստեղծած համայնապատկերում:

Կարդացեք նաև
Close
Back to top button