ԿարևորՀասարակություն

Ձուկ տալու փոխարեն ձուկ բռնել ենք սովորեցնում. ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում»  ծրագրի շրջանակում  «Հայկական Կարիտաս»  և   «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» կազմակերպությունները նախաձեռնել են ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր ծրագիրը: Նպատակը տարբեր ոլորտներում  գործող և նոր ձևավորվող  ձեռնարկությունների զարգացմանն ու արդյունավետ կառավարմանն աջակցելն է։ Ծրագրի ֆինանսավորումը 3,3 միլիոն եվրոյին համարժեք  դրամ է։ Առանցքային ֆինանսավորողը ԵՄ ՄԱԴԱԴ հիմնադրամն է,  համաֆինանսավորողները՝ Ավստրիական զարգացման համագործակցությունն ու  Ավստրիական  Կարմիր խաչը։  Ծրագրի մեկնարկն ազդարարվել է այսօր։

«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում»  կամ ավելի կարճ՝ ԻՐԻՍ ծրագիրը մեկնարկել է 2018-ի հուլիսին։  Ծրագրի հիմնական նպատակն էր նպաստել ճգնաժամի արդյունքում Հայաստան եկած սիրիահայերի ինտեգրմանն ու սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը։ Ի թիվս սոցիալական, առողջապահական, կրթական հարցերի լուծմանն ուղղված մի շարք ծրագրերի՝ «Հայկական Կարիտասն»  ու   «ՓՄՁ համագործակցության ասոցիացիան» հայտարարում են նոր՝  ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր ծրագրի մասին։

Ծրագրի ղեկավար  Լուսինե Ստեփանյան. «ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը նպատակ ունի մի կողմից  նպաստել Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը, մյուս կողմից՝ օգնել ՓՄՁ-ներին իրականացնելու  կայուն եկամտաբեր գործունեություն»։

Ծրագրի շահառու կարող են դառնալ ինչպես տեղացի, այնպես էլ ԵՄ երկրներից Հայաստան վերադարձած մեր հայրենակիցները,  թիրախում , սակայն, սիրիահայերն են։ Սիրիական ճգնաժամի տարիներին Հայաստան է տեղափոխվել շուրջ 22-24 հազար սիրիահայ։ Որոշ տվյալներով ներկա պահին Հայաստանում գտնվող սիրիահայերի թիվը 14-ից 16 հազարի շրջակայքում է։ Ցուցանիշը  ճշգրիտ չէ, որովհետև շարժը մշտապես առկա է։ ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր ծրագրի ղեկավար Լուսինե Ստեփանյանի խոսքով՝ այս տարիների ընթացքում խոցելի խմբում հայտնված սիրիահայերի օժանդակությանն ուղղված տարբեր ծրագրեր են իրականացվել, սակայն փորձը ցույց է տալիս, որ մարդասիրական և զարգացման ծրագրերի համադրումն է միայն  նպաստում  կայուն ինտեգրմանը։ Իսկ կայուն ինտեգրումը առանց տնտեսական ինտեգրման գրեթե անհնար է։ Հենց այս խնդրի լուծմանն է նպաստելու ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր ծրագիրը.

«Սիրիահայերը խոցելի վիճակում են, քանի որ չունեն գումար ներդրումներ կատարելու համար, կորցրել են Սիրիայում ունեցած կապերը, չեն տիրապետում Հայաստանի օրենսդրությանը, ծանոթ չեն շուկային։ Մյուս կողմից՝  նրանք ունեն մասնագիտական հմտություններ, բիզնես ջիղ, փորձառություն, ինչպես նաև որոշակի կապեր արաբական շուկա դուրս գալու համար։ Այս ամենը կօգնի  թե Հայաստանում ինտեգրվելուն, թե նոր բիզնես մշակույթ զարգացնելու գործում ներդրում ունենալուն»։

«Խոցելի խմբերին օգնելու ենք արժանապատիվ կյանք կառուցել Հայաստանում, այսինքն՝ ձուկ տալու փոխարեն ձուկ բռնել ենք սովորեցնում»,-ասում է ծրագրի ղեկավարը։ 

«ՓՄՁ համագործակցության ասոցիացիան» շուրջ 500 անդամ ունի Հայաստանում։ Կազմակերպության նախագահ  Ռուբեն Օսիպյանի խոսքով՝ ՓՄՁ խնդիրների ցանկում հիմնականում նշվում են ֆինանսականն ու պետական մարմինների հետ համագործակցության բարդությունները, բայց առավել խորքային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրականում խնդիրները կապված են   բիզնես գաղափարների հետ։ Այդ առումով, ըստ Օսիպյանի,  ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը արդյունավետ առաջարկ է ներկայացնում։

ԻՐԻՍ-ը ոչ միայն բիզնես ինկուբատորի անվանումն է, այլև՝ արագ աճող ծաղկի խորհրդանիշը։  Բիզնեսում արագ հաջողություն ունենալու ակնկալիքով ու հետաքրքիր գաղափարներով պոտենցիալ շահառուները ծրագրին հայտ կարող են ներկայացնել հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 30-ը։ 

Back to top button