Վերլուծական

Հոգեւոր առաջնորդների հանդիպման կարեւոր մեսիջները

«Խիստ կարևոր է հրաժարվել ռազմատենչ և թշնամական հռետորաբանությունից»: Հայաստանի, Համայն ռուսիո և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների՝ Մոսկվայում երեկ կայացած հանդիպման արդյունքում տարածվել է խաղաղության պահպանման, հակասությունների հանգուցալուծման խաղաղ և արդար ուղիներ գտնելու անհրաժեշտության մասին հայտարարություն: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնեն ևս Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ տանելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների միջև շփումները կարող են լինել լարվածության նվազեցման և համագործակցության խթանման հզոր միջոց:

Հատուկ նշանակություն խաղաղարար երկխոսության հետևողական զարգացմանը, բանակցությունների շարունակմանը և միջազգային հանրության միջնորդական ջանքերին՝ ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար։ Մոսկվայում Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի միջնորդությամբ  կայացած  Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպման արդյունքում համատեղ հայտարարությունը լի է հանդուրժողականության ու խաղաղության կոչերով:

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն համոզված են, որ տարաձայնությունները կարելի է հաղթահարել՝ հենվելով բարիդրացիության սկզբունքների և ավանդական կրոնների կողմից քարոզվող բարոյական արժեքների ՝ բարության, մերձավորի նկատմամբ սիրո, փոխադարձ ներողամտության և բարեգթության  վրա։

«Հայ և ադրբեջանցի ժողովուրդները մշտապես ապրելու են կողք կողքի, այդ իսկ պատճառով չկա այլընտրանք, քան խաղաղությունն ու համագործակցությունը։ Բազմաթիվ մարտահրավերների առջև մենք՝ մեր ժողովուրդների հոգևոր առաջնորդներս, պարտավոր ենք փնտրել համատեղ պատասխաններ»,- ասվում է հայտարարությունում և կոչ ուղղվում համապատասխան անձանց՝ նպաստելու բոլոր այն խաղաղ բնակիչների ազատ արձակմանը, որոնք չեն մասնակցել ռազմական գործողություններին և հայտնվել են գերության մեջ։

Իբրև հոգևոր առաջնորդներ՝ մենք կոչված ենք պաշտպանելու եկեղեցիները, մզկիթներն ու այլ սրբավայրեր։ Հետևաբար՝ խիստ կարևոր է ապահովել կրոնական նշանակության հուշարձանների անձեռնմխելիությունն ու հարգալից վերաբերմունքը դրանց նկատմամբ։

Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդները կոչ են ուղղում ժողովուրդներին երիտասարդությանը դաստիարակել բարյացակամության և փոխադարձ հարգանքի, խաղաղասիրության և ավանդական բարոյականության ոգով։

Հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումների պատմությունը վկայում է, ըստ նրանց, այդ շփումների դրական ներգործության մասին հակամարտության կարգավորման գործընթացի վրա, որը երբեք չպետք է վերաճի կրոնական հակամարտության։ Հոգևոր առաջնորդները հույսեր են կապում բանակցային գործընթացի հետ ու վստահեցնում, որ պատրաստ են գործադրել բոլոր առկա հնարավորությունները տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանի կարծիքով՝ հանդիպումը բնականաբար կթուլացնի լարվածությունը:

Հոգևոր առաջնորդներն իրենց աղոթքն են ուղղում առ Աստված՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման, ավանդական բարոյական արժեքների պահպանման համար և կոչ անում հրաժարվել ռազմատենչ հայտարարություններից ու թշնամական վերաբերմունքից:

Շուտով Նյու Յորքում, ամենայն հավանականությամբ, կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները ու այն, թերևս, դրական հողի վրա կընթանա՝ հաշվի առնելով հոգևոր առաջնորդների խաղաղարար կոչերը:

Back to top button