ԿարևորՀասարակություն

ՀՀ վարչապետ.«Բուհերում ընդունելության քննությունների շտեմարանները պետք է աշակերտներին հասանելի լինեն անվճար»

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

«Բուհերում ընդունելության քննությունների շտեմարանները պետք է աշակերտներին հասանելի լինեն անվճար»,-  այդ մասին  այսօր՝  ՀՀ կառավարության նիստում հայտարարել է  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ընդգծելով, որ «դրա վրա բիզնես անելը ճիշտ չէ»: Վարչապետը ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանից հետաքրքրվել է,  թե ինչու շտեմարանները դեռ հասանելի չեն քաղաքացիներին:

Պարզվել է՝ փոխնախարար Հարությունյանը  դեռ տեղյակ չէ` դրանք հրատարակվել են, թե` ոչ: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է  խնդիրը քննարկել նախարարությունում և գտնել արագ լուծումներ:

Շարունակելով կրթական թեման՝  Տիգրան Սարգսյանն ասել է,  իրեն բազմաթիվ քաղաքացիներ հարցրել են, թե  ինչու դասագրքերն էլեկտրոնային եղանակով հասանելի չեն աշակերտներին: «Մենք ցանկանում ենք դպրոցներում անցնել համակարգչային դասընթացների, բայց պարզվում է` դասագրքերը էլեկտրոնային եղանակով հասանելի չեն»,- հայտարարել է  վարչապետը:

Պատասխանելով կառավարության ղեկավարի հարցին` Կարինե Հարությունյանը նշել է, որ նախարարությունն ունի կրթական պորտալ, որում դասագրքերի բոլոր տարբերակները տեղադրված են: «Նոր ծրագիր է իրականացվում, թվայնացված դասագրքերը տեղակայված են լինելու աշակերտներին ապագայում հատկացվելիք համակարգիչներում, այսինքն, անգամ ինտերնետի հասանելիության խնդիր չի լինելու»,- ասել է  Հարությունյանը՝  միաժամանակ  ընդգծելով, որ նշված պորտալից քաղաքացիները կկարողանան օգտվել անվճար:

Back to top button