ԿարևորՀասարակություն

Հանցագործ անչափահասների թիվը նվազել է. ՔԿՀ- ում ունենք 10 անչափահաս

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

2014- ի առաջին 6 ամիսների ընթացքում անչափահասներն ավելի քիչ հանցագործություն են կատարել , քան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ամփոփելով կիսամյակի արդյունքները՝ Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ Նելլի Դուրյանն այսօր նշել է , որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 20- ով նվազել է հանցագործ անչափահասների թիվը, 32-ով՝ կատարված հանցագործության դեպքերի թիվը։ Ոստիկանության պատասխանատուն նվազումը բացատրել է կանխարգելիչ աշխատանքների արդյունավետությամբ։

Ոստիկանության տեսադաշտում կամ, ինչպես իրավապահներն են ասում, հաշվառման մեջ այս պահին 350 անչափահաս է: Նրանց մի մասը հանցագործություն կատարած, բայց պատիժը քրեակատարողական հիմնարկում չկրող անչափահասներն են, մյուս մասը ՝ դեռևս հանցագործություն չկատարած, բայց իրավապահների ուշադրությանն արժանացածները: Իսկ անչափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում այս պահին պատիժ է կրում 10 անչափահաս։

Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ Նելլի Դուրյանն ասում է՝ սա աշխարհում եզակի ցուցանիշներից մեկն է: «Այս առումով մեր երկիրը, կարծում եմ, աշխարհում եզակիներից մեկն է: Տարվա ընթացքում ունենում ենք 300-400 հանցագործություն, մոտ 200 իրավախախտ անչափահաս, բայց նրանցից միայն 10-ն է այս պահին քրեակատարողական հիմնարկում: Սրանք ծանր հանցագործություններ կատարած անչափահասներն են»։

Նախորդ տարվա առաջին 6 ամիսների ընթացքում արձանագրված 212-ի փոխարեն այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում գրանցվել է անչափահասների կողմից կատարված հանցագործության 180 դեպք: 20-ով կրճատվել է հանցագործություն կատարած անչփահասների թիվը: Համապատասխանաբար նվազել են թմրամիջոց օգտագործելու, խուլիգանության, մարմնական վնասվածք հասնելու դեպքերը: Կան նաև հանցատեսակներ, որոնք անչափահասների շրջանում աճ են արձանագրել. ավելացել են, օրինակ, անօրինական զենք կրելու դեպքերը: Նախորդ տարվա առաջին կիսամյակին արձանագրված 1 կողոպուտի դեպքը այս տարի 3 է դարձել , կա նաև անչափահասի կողմից սպանություն կատարելու դեպք։

Իսկ անչափահասների շրջանում ամենատարածված հանցագործությունների եռյակը չի փոխվել: Առաջին տեղում շարունակում են մնալ գողությունները։ «Ինչպես բոլոր տարիներին՝ առաջին տեղում գողություններն են, հետո՝ մարմնական վնասվածքները: Մյուս հանցատեսակները փոքր թիվ են կազմում: Պետք է նշեմ նաև, որ նվազել է նաև ընդհանուր հացագործությունների մեջ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների տեսակարար կշիռը. նախորդ տարի այդ թիվը 2.4 տոկոս էր, այս տարի ՝ 1.8տոկոս»։

Ոստիկանության պաշտոնյան նվազումը բացատրում է մի քանի գործոնով՝ իրավապահների կողմից իրականացվող կանխարգելիչ աշխատանքներով, ծնողների կողմից ուշադրության մեծացմամբ, դպրոցներում ոստիկանների ներկայությամբ: Ի դեպ՝ այսօր դպրոցներում ծառայություն է իրականացնում 62 ոստիկան- տեսուչ: Նրանց մոտւքը դպրոց բավականին բուռն քննարկման արժանացավ, բայց ոստիկանության ներկայացուցիչն ասում է, որ նոր ծառայությունն իր արդյուքները տվել է։ « Նախկինում դպրոցներում որոշակի թվաքանակ էին կազմում մարմնական վնասվածքները։ Այսօր այդ առումով մենք դեպքերի նվազում ունենք: Տեսուչների ամենօրյա ներկայությունը դպրոցներում, հարակից շրջաններում դրական արդյունք է տվել»։

Անչափահասին աշխատանքային թրաֆիկինգի ենթարկելու մեկ դեպք էլ վերջերս է արձանագրվել Արարատի մարզում: Հարցին՝ ընտանի՞քը, սոցիալական պայմաննե՞րը, թե՞ միջավայրն են անչափահասին դրդում իրավախախատ դառնալ , ոստիկանության ներկայացուիչը միանշանակ չի պատասխանում, բայց շեշտում է, որ սոցիալական պայմանները ամենավերջին պատճառը կարող են համարվել։ «Սոցիալականը կապ չունի: Ունենք ծայրահեղ վատ վիճակում ապրող ընտանիքներ, բայց երեխային երբեք չեք տեսնի իրավախախտի կարգավիճակում: Հիմնականը դաստիարակությունն է, ծնողի սեփական օրինակը»։

Եվ վիճակագրությունը հետաքրքիր պատկեր է ձևավորում նաև ըստ մարզերի: Անչափահասների կողմից կատարվող հանցագործուոյթունների թիվն ավանդաբար կամ տրամաբանորեն մեծ է մեծ մարզերում ՝ Շիրկաում, Լոռիում: Բայց կան նաև օրինակելի մարզեր։ Օրինակ Վայոց ձորում ոչ միայն անչափահասի կողմից  կատարված որևէ հանցագործության դեպք, այլ նաև մուրացիկ կամ թափառածրջիկ անչափահաս չկա։

Back to top button