ԿարևորՔաղաքական

Հայ-ադրբեջանական բանակցային մրցավազք․ 5 նոր հանդիպում՝ առջևում

Հայ-ադրբեջանական հանդիպումների օրակարգը խտանում է․ առաջիկա կանգառը Մոսկվան է։ Վաղն այնտեղ հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Եվ Արարատ Միրզոյանը, և Ջեյհուն Բայրամովը նախօրեին  Իսլանդիայի մայրաքաղաքում ակտիվ հանդիպումներ են ունեցել եվրոպացի գործընկերների հետ։ Հայտնի է, որ մայիսի 19–ին նշանակված մոսկովյան եռակողմ հանդիպմանն ընդառաջ արտգործնախարարներն արդեն մեկնել են Մոսկվա։

Բարձր մակարդակով ևս 4 հանդիպում դեռ առջևում է։ Վարչապետը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի միջնորդությամբ մայիսի 25-ին Մոսկվայում բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպման առաջարկը։ Դրան կհաջորդի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը հունիսի 1-ին Քիշնևում, ևս մեկ հնգակողմ հանդիպում նախատեսվում  է նաև հոկտեմբերին Գրանադայում։ Դրանց միջակայքում՝ հուլիսին, բրյուսելյան եռակողմ երկրորդ հանդիպումն է  նախատեսվում։   

Հայաստանը Ռեյկյավիկի գագաթնաժողովում չի ստորագրել ՌԴ-ի դեմ՝ Ուկրաինային պատճառած վնասների ռեեստր ստեղծելու հռչակագիրը։ Առավելապես ռուս-ուկրաինական պատերազմի խնդիրներին նվիրված գագաթնաժողովի 43 մասնակից պետություններից փաստաթուղթը չեն ստորագրել նաև Ադրբեջանը, Բոսնիան, Հունգարիան, Սերբիան և Թուրքիան:  

Սա տեղի է ունեցել արտգործնախարարների մոսկովյան եռակողմ հանդիպումից անմիջապես առաջ։ Մոսկովյան հանդիպումը կազմակերպվում է Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքների շարունակման  պայմաններում՝ հակառակ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ադրբեջանի այս քաղաքականությունը վարչապետը «էսկալացիոն» է որակում։

«Առավել ևս մայիսի 14-ի պայմանավորվածությունների ֆոնին ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի ապառազմականացումը և մենք այս օրակարգը շարունակելու ենք ընդգծել։ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը Ադրբեջանի էսկալացիոն քաղաքականության ևս մեկ դրսևորում է, որը ևս մեկ անգամ ակներև է դարձնում ԼՂ-ում և Լաչինի միջանցքում միջազգային ներկայության լեգիտիմ անհրաժեշտությունը։ Մենք այս թեման քննարկում ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ»։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստան-Ադրբեջան հետագա բանակցությունների հիմք կդառնա տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ բրյուսելյան պայմանավորվածությունը։ Խոսքը 29 800 և 86 600 քառակուսի կիլոմետրերի արձանագրման մասին է։

«Սա կարևոր քայլ եմ համարում տարածաշրջանում կայությունյան և խաղաղության հաստատման համար, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման և սահմանների դելիմիտացիայի առումով նույնպես։ Բայց, իհարկե, հաջորդ քայլը պետք է լինի սահմանազատման համար իրավական ուժ և նշանակություն ունեցող կոնկրետ հիմքերի նույնականացումը և համաձայնեցումը։ Բրյուսելում որոշակի դրական ըմբռնում է ձևավորվել նաև Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման մասով, բայց հաշվի առնելով նախկին փորձը, այս մասով դեռ որևէ կոնկրետացումից ձեռնպահ կմնամ»։

Բրյուսելում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել նաև Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի վերաբերյալ, սակայն վարչապետն ասում է, որ առաջիկա բանակցություններում այդ հարցը դեռ կքննարկվի։

Ենթադրվում է, որ բոլոր հարցերը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկման առարկա կդառնան նաև մայիսի 19-ին Մոսկվայում։ Արտգործնախարարները հանդիպում։ Նրանց նախորդ քառօրյա բանակցությունները Վաշինգտոնում էին՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ։ Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը համոզված է, որ Մոսկվան կշարունակի այլ հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները, քանի որ սեղանին դրված է մեկ փաստաթուղթ, որը պաշտոնյայի ներկայացմամբ՝ ոչ արևմտյան է, ոչ մոսկովյան։ Դրա վրա աշխատել են կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը։

«Բանակցությունները վարվում են մի քանի հարթակներում, ինչպես գիտեք, այդ թվում նաև Ռուսաստանում։ Կարծում եմ, բոլոր կետերի շուրջ է ընթանալու բանակցությունները»։

Արտգործնախարարների մի հանդիպում էլ նախատեսված է 2022-ի դեկտեմբերին, որին  Հայաստանի արտգործնախարարը չմասնակցեց։ Արարատ Միրզոյանի Մոսկվա չմեկնելը ԱԳՆ-ն պայմանավորեց Լաչինի միջանցքի արգելափակմամբ և հրատապ լուծումների անհրաժեշտությամբ։ Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը չի բացում փակագծերը, թե ինչ է փոխվել, որ Լաչինի միջանցքի դեռևս փակ մնալու պայմաններում Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա։

«Մենք, ինչպես գիտեք, գործում ենք՝ իրավիճակից ելնելով։ Եթե կայացվել է որոշում գնալ հանդիպման, ապա կան որոշակի հիմքեր դրա համար»։

Արտգործնախարարների հանդիպումից առաջ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան փոքր-ինչ բացել է օրակարգային հարցերը։ Նշել է, որ ծրագրում են  քննարկել եռակողմ հայտարարությունների իրականացման, այդ թվում՝ հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման, խաղաղության պայմանագրի նախապատրաստման, ինչպես նաև քաղհասարակության, փորձագիտական և խորհրդարանական շրջանակների միջև շփումներին վերաբերող հարցերը։

Զախարովան հույս է հայտնել, որ այդ շփումները կնպաստեն վիճելի հարցերի լուծմանը:

Բրյուսելյան հանդիպման հայկական կողմի գնահատականներից տարբերվող կարծիք նույնպես հնչել է Մոսկվայում։ Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը թեև նշել է, որ Մոսկվան գնահատում է կառուցողական  բոլոր ջանքերը, բայց նաև հավելել է․  

«Առայժմ մենք տեսնում ենք խանդի հասնող ինչ-որ զայրույթ Արևմուտքի կողմից։ Արևմուտքը չի նշում կարգավորման հիմնարար փաստաթղթերը, քանի որ դրանք մշակվել և սկսել են կյանքի կոչվել Մոսկվայի միջնորդությամբ։ Բրյուսելն ու Վաշինգտոնը չեն ցանկանում «առաջնորդության արմավենին» զիջել որևէ մեկին։ Սրա հետևանքով է, որ Արևմուտքի ողջ միջնորդությունը դառնում է ոչ թե միջնորդական, այլ կործանարար։ Նրանց ջանքերի իրական արդյունքները չկան։ Այդ իսկ պատճառով նրանք չեն ցանկանում հիշատակել Մոսկվայի միջնորդությամբ ձեռքբերված զարգացումները»։

Մայիսի 19-ին բացի եռակողմ հանդիպումից, նախատեսված են նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երկկողմ հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Բանակցություններ են ծրագրված նաև Երևանի և Բաքվի միջև՝ տեղեկացրել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։ Առանձին՝ հայ-ադրբեջանական երկկողմ բանակցությունները կլինեն Խաղաղության պայմանագրի շուրջ։

Back to top button