ԿարևորՔաղաքական

Հայ- թուրքական արձանագրությունները հայկական կողմին միջազգային դիվիդենտներ տվեց

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հոկտեմբերի 10-ին լրացավ հայ-թուրքական արձանագրությունների 4-րդ տարին. ի՞նչ տվեցին դրանք Հայաստանին և պե՞տք էր արդյոք այդ նախաձեռնությունը: Հարցին այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում անդրադարձել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա կարծիքով՝ հայկական կողմից արված քայլը ճիշտ էր ոչ թե արդյունքի հասնելու առումով, այլ՝ գործընթաց սկսելու: 

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ միշտ չէ, որ ճիշտ է արված քայլը որոշել արդյունքով, երբեմն ավելի կարևոր է գործընթացը: Սկսելով հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր հաստատմանն ուղղված գործընթաց՝ հայկական կողմը դիվիդենտներ շահեց, թուրքական կողմը կորցրեց հեղինակությունը, միջազգային հանրությանն ի ցույց դրվեց Թուրքիայի իրական դեմքը, պարզ դարձավ, որ Անկարան անվստահելի է։

Բացի դա՝ արձանագրությունների հարցը ցանկացած քննարկման դեպքում անհարմարություն է առաջացնում Թուրքիայի համար, համոզված է թուրքագետը։ «Թեկուզ սառած վիճակում՝ արձանագրությունները վնաս են հասցնում Թուրքիային, ցույց են տալիս Թուրքիայի անպատասխանատու լինելը»,- ասում է թուրքագետը։

Ի վերջո՝ հայ-թուրքական արձանագրությունները երկու ճանապարհ ունեն. կամ դրանք հիմք կռադնան նոր հարաբերությունների հաստատման համար, կամ կնետվեն պատմության աղբանոց: Սակայն անգամ նման սառած վիճակում ասյօր կարելի է ասել, որ արձանագրություններն արդեն իրենց գործն արել են, կարծում է Ռուբեն Մելքոնյանը։ Այդուհանդերձ՝ նա համոզված է, որ մի օր հայ-թուրքական հարաբերությունները մեռած կետից շարժվելու են ու դա անխուսափելի է։ «Արձանագրությունները որպես փորձառություն պետք է ընդունել հետագայում հարաբերություններ կառուցելու դեպքում»։

Այսօր մեր արևմտյան հարևանը ժողովրդավարացման փաթեթով է ներկայանում, ինչը ցույց է տալիս, որ այդ երկիրը փորձում է աշխարհին ցույց տալիս, թե կարևորում է ժողովրդավարությունը, ինչի պակասն ակնհայտ է Թուրքիայում: Ժողովրդավարացման փաթեթի ներքո բարեփոխումներ են իրականացվում, որի շրջանակներում հայկական տեղանունները փոխվում են, քրդացվում կամ թուրքացվում, ասում է Ռուբեն Մելքոնյանը։ «Հազարավոր հայկական պատմական տեղանուններ են փոխվել: Այդպիսով՝ փորձ է արվում վերաքրդացնել հայկական տեղանունները»։

2500 հայկական կալվածք ու երեղեցի է եղել Օսմանյան Կայսրության ժամանակ ու դրանից այդ նույն Ժողովրդավարական փաթեթով ընդամենը 50 կալվածք է վերադարձվել և ոչ մի հայկական եկեղեցի, նկատեց թուրքագետը՝ հուշելով զգուշանալ թուրքական ժողովրդավարության ներքո թաքնված որոգայթներից։

Back to top button