Հասարակություն

«Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ». գիրքը Թուրքիայում արագորեն սպառվում է

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Թուրքերենով «Բելգե» հրատարկչության հրատարկած «Ցեղասպանության ականատեսների վկայությունների մասին» գիրքը Թուրքիայում մեծ պահանջարկ ունի: Վերժինե Սվազլյանը 55 տարի հավաքագրել ու մի մեծ ժողովածուում զետեղել է 700 միավոր վկայություն, որոնք արձանագրում ու բարձրաձայնում են թուրք ջարդարարների ոճրագործությունները, մարդկանց վախն ու սարսափը, ու պատասխանում այն չարչկվող հարցին. թե ինչու են հայերը գլխիկոր նահատակվել։ «Հիմա ոմանք ասում են, որ հայերը ոչխարի նման նահատակվել են: ՈՉ: Նրանք ցեղասպանության այդ դաժան օրերին անգամ զենք չունեին պայքարելու թուրքական զինված բանակի դեմ: Ոչ միայն նահատակվել ենք զոհի կերպարի մեջ մտած, այլ` ըմբոստացել ենք, ազատագրական, արժանապատվության պայքար ենք մղել»,- ասում է։

«Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գրքում փաստերը հեշտությամբ չեն մեկտեղվել, ու այսօր փոխանցվում են սերունդներին, որպես ուսումնասիրության նյութ: Ցեղասպնագետը վերջիններս հավաքել է դժվարությամբ` արտասահմանյան այցերի ընթացքում։ Ստամբուլում գտնվելիս` Վերժինե Սվազլյանն անգամ դիմել է խորամանկության` ձևացնելով հիվանդ և տեղափոխվել է Ս. Փրկիչ ազգային հիվանդանոց, այնտեղից գաղտնի մուտք է գործել հիվանդանոցի ծերանոց` վերապրողների վկայությունները գրի առնելու համար: Աշխատությունը Ռագըբ Զարաքոլուի կողմից թարգմանվել է թուրքերեն և փոթորիկ առաջացրել թուրքական հասարակությունում:

Ավելին, այն փոխանցվել է նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին ու, ըստ Սվազլյանի, դիվանագետը կարդացել է։ «Դավութօղլուն գիրքը տեսնելով ասել էր՝ օդանավի մեջ կծանոթանամ ու կասեմ իմ տպավորությունների մասին: Իսկապես թուրք դիվանագետը ծանոթացել էր ու արտահայտվել մի քանի օր անց, երբ իրեն հարցրել էին, թե ինչպես կլուծվի հայոց ցեղասպանության հարցը, ասել էր հարցը կլուծվի միայն »արդար պատմական հիշողության միջոցով», Այսինքն` ծանոթացել էր պատմական հիշողության հետ ու արտահայտվել: Կարծում եք իրենք չգիտե՞ն կատարված իրողության մասին»։

Վկաների տեսածն ու ողբերգությունը որպես փաստագրություն թղթին հանձնած Վերժինե Սվազլյանը ցավով ներկայացնելով ցեղասպանության արհավիրքը տեսածների վկայությունները, հատուցման հարց է բարձրացնում, ու նկատում, որ մեր երկրի քաղաքականությունը, այն է` նախ ջանքերն ուղղել ցեղասպանության ճանաչմանն, այնուհետև` փոխհատուցման հարց բարձրացնել, սխալ մոտեցում է, քանի որ մեկը մյուսի ածանցյալն է, իսկ »ցեղասպանության ճանաչման հարցում միջազգային հանրության այժմեական կեցվածքը, քաղաքական շահերի վառ դրսևորում է»,-ընդգծում է Վերժինե Սվազլյանը։

 

Back to top button