ԿարևորՍպորտ

Համագործակցություն Խոյ համայնքի ու մարզական ֆեդերացիաների միջև

Արմավիրի մարզի Խոյ համայնքում մարզական կյանքը զարգացնելու նպատակով փոխըմբռնման հուշագրեր են կնքվել մենամարտային մարզաձևերի մի քանի ֆեդերացիաների հետ, որոնք  գործում են համայնքի 17 բնակավայրերում: Այդ մարզաձևերում համայնքի մարզիկներն արդեն հաջողություններ են  գրանցել, իսկ համագործակցությունը, հույս ունեն, միջազգային հարթակներ դուրս գալու լայն հորիզոններ է բացելու:

Խոյ համայնքի 17 բնակավայրերում մարզական 18 խմբակ է գործում, որտեղ մարզվում է շուրջ 350 երեխաներ: Բացի Հայթաղ գյուղի ֆուտբոլի Սալմաստ ակումբից՝ մյուս մարզաձևերը մենամարտային են՝  «Ազատ ոճի ըմբշամարտ», «Արմֆայթինգ», «Դուքենդոյ», «Թեքվոնդո», «Մուայ թայ» և այլն: Այս մարզաձևերում Խոյ համայնքի մարզիկները մարզային ու հանրապետական տարբեր առաջնություններում հաջողություններ են գրանցել: Կարեն Բեյբությանը «Կարատե Դո» մարզաձևի մարզիչ է, աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր:

«Պարբերաբար մարզումներ ենք անցկացնում, միջազգային հաջողություններ ունենք գրանցած, Հայաստանի բազմակի չեմպիոններ ունենք: Օգոստոսի 5-ին Երևանում տեղի ունեցան  «Կարատե Դո» մարզաձևի միջազգային առաջնության մրցումներ, որին մասնակցում էին ինը երկրների մարզիկներ, և մենք ունեցանք 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ, որից՝ երկուսը Խոյ համայնքի Ծիածան բնակավայրից՝ 1 ոսկե և 1 բրոնզե մեդալակիրներ: Ի դեպ, կարատեն արդեն համարվում է օլիմպիակամ մարզաձև»:

Կարեն Բեյբությանը հույս ունի առաջիկայում իր սաներին տեսնել օլիմպիական բարձունքներում: Համայնքի Ծաղկունք, Ջրարբի և Ջրառատ համայքններում  «Արմֆայթինգ» մենամարտային մարզաձևն է զարգացնում Վարդան Պողոսյանը: Նրա սաները քայլ առ քայլ մոտենում են չեմպիոնների աստիճանահարթակին: Ծաղկունք գյուղից  15-ամյա Նարեկ Վասիլյանի համար սպորտը դարձել է ապրելակերպ.

«Սպորտը ոչ միայն մարզում, այլև դաստիարակում է ու կյանքում ավելի շատ բաներ սովորեցնում: Ես անցած տարի Արմավիրի մարզի չեմպիոն եմ դարձել»:

Մարզական կյանքում ավելի մեծ հաջողությունների հասնելու նպատակով Խոյ համայնքը նախաձեռնել էր սերտորեն համագործակցել մարզական ընկերությունների հետ և բարձրացնել համայնքի սաների մարզական վիճակը, ներգրավել  հանրապետական ու միջազգային  առաջնություններում: Համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել «Գրեփլինգի», «Արմֆայթինգի» «Դուքենդոյի» «Թեքվոնդոյի» «Մուայ թայի» ֆեդերացաիների նախագահների հետ: Համայնքի ղեկավարի խոսքով՝ այս համագործակցությամբ նոր փուլ է սկսվում համայնքի մարզական կյանքում։

«Նպատակն ու էությունը՝ ավելի ակտիվացնել սպորտային կյանքը, ավելի մասայական դարձնել առողջ ապրելակերպը, բացահայտել երիտասարդների ներուժը համայնքում և իրականացնել փորձի փոխանակում: Ջատագովը լինենք առողջ ապրելակերպի և շատ երեխաներ ներգրավենք սպորտում: Ինչպես գիտենք, սպորտը  ոչ միայն առողջ ապրելակերպ է, այլև կենսակերպ, կարգուկանոն, թիմային աշխատանք»:

Ամռանը «Գրեփլինգ» մարզաձևում պատանիների աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել նաև  արմավիրցի մարզիկը՝ ասում է ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը։

«Այդ կապակցությամբ ֆեդերացիան աշխատանքներ է տանում, և մեր 5-ամյա ծրագրում ներառված է նաև Արմավիրի մարզը: Մեծ հավանականություն կա, որ առաջիկայում կունենանք աշխարհի փոխչեմպիոններ ու չեմպիոններ»:

Համայնքապետարանը մարզական խմբակներին նվիրել է մարզական գույք: Հայթաղի «Սալմաստ» ֆուտբոլային թիմի երեխաները ոգևորված են, նոր գնդակներ են ստացել: Աշոտ Նիկոյանը որոշել է ֆուտբոլիստ դառնալ։

«Պիտի լավ մարզվենք, դա շատ կարևոր է, լավ խաղանք, որ մեզ լավ առաջարկներ անեն ու ֆուտբոլի տարբեր առաջնությունների մասնակցենք»:

Հայթաղի «Սալմաստ» ֆուտբոլային ակումբ հաճախող մի քանի երեխաներ, այդ թվում Աշոտ Նիկոյանը որոշել են մարզվել մասնագիտացված ֆուտբոլային ակումբերում և բարձրացնել իրենց մարզական վարկանիշը:

Պատանի մարզիկների համար սպորտը ոչ միայն  առողջ ապրելակերպ է, այլև կենասակերպ, որը կոփում է մարմինը, բնավորությունը և լավ քաղաքացի կրթում:

Back to top button