Հասարակություն

Հալեպ- Երեւան, սիրիահայի ճակատագիրը

arminegevorgyan

 Գաղտնիք չէ, որ սիրիահայերը գալով Հայաստան նոր գույն բերեցին իրենց հետ: Եթե նախկինում սիրիական ուտեստների ու  համեմունքների կարող էինք հանդիպել հատուկենտ խանութներում, ապա այսօր նրանք մեծ մաս են կազմում: «Ռադիոլուրի» զրուցակիցը ՝Թալին Մարգարյանը, մինչ Հայաստան տեղափոխվելը աշխատել է Հալեպի օդանավակայանում որպես փոխտնօրեն, իսկ Հայաստանում այսօր  օրվա  ապրուստը վաստակում է  անուշեղեն ու համեղ կերակուրներ պատրաստելով:

 

Ազնիվի  աղջիկ Թալին Մարգարյան, իսկ Հալեպում նրան ճանաչում էին Մատառ  Թալին անունով: Ինչո՞ւ մատառ, արաբերեն մատառ նշանակում է օդանավակայան: Մեր հայրենակիցը Հալեպի օդանավակայանի փոխտնօրենն էր  և այդ կառույցում աշխատող  միակ հայն ու քրիստոնյան:

Թալին Մարգարյանի  առօրյան 17 տարի շարունակ  այլ ընթացք է ունեցել` պաշտոնական, գործնական հանդիպումներ, բանակցություններ, ձեռքսեղմումներ և այլն….

Այսօր, սակայն, նրա առօրյան բոլորվին այլ է, բայց՝ նախ ամեն ինչ հերթով:

Սիրիահայ մեր հայրենակիցը  դեպքերի բերումով ստիպված թողեց իր ոչ  պակաս հայրենի բնօրրանը՝ Հալեպ քաղաքը,  ու բնակություն հաստատեց Մայր հայրենիքում՝  ընտանիքի  անդամների հետ միասին:

«Ռադիոլուրին» պատմում է, որ առաջին իսկ պահից սկսած՝ երբևէ խորթության զգացողություն չի ունեցել, հայրենիքի հետ կապը միշտ եղել է: Տարին մի քանի անգամ այցելել է  Հայաստան ու երազանք  ունեցել, որ  միառժամանակ հետո բնակություն հաստատի հայրենիքում։ Բայց երբևէ մտքով չէր  անցել, որ վերադարձը կլիներ նման դաժան ձևով։

«Պատերազմի մեջ էինք ու տեսանք, որ այլևս միջոց չունենք  մնալու: Ինը հոգով ապրում էինք  մի տան մեջ, որոշեցինք.  որ ես գամ Հայաստան,  այստեղ կարգավորեմ շատ հարցեր, որից հետո եղբայրս պետք է գար ընտանիքով։ Բայց  ես եկա վերջին թռիչքով, որից հետո ճանապարհները փակվեցին  ու ընտանիքս մնաց այնտեղ»:

Զրուցակիցս հուզմունքը չի կարողանում թաքցնել ու արցունքները մի կերպ է զսպում, երբ խոսքը գնում է իրենց տան մասին:Ասում  է, որ իրենց  տունը շատը վատ վիճակում է,  փլվել է տանիքը, քանդվել են  պատերը՝ իրենց հետ տանելով մի ամբողջ կյանք:

Զրուցակիցս պատմում է՝ մեծ շանսեր ուներ այլ երկրներում ապրելու ու աշխատելու, բայց երբ եկավ Հայաստան «նախընտրեցի իմ երկրում մնալ, քանի որ  ինչքան էլ թափառական լինենք, թող մեր հողի վրա լինենք»:

Այսօր Թալինն օրվա ապրուստը վաստակում է քաղցրավենք եւ ճաշատեսակներ պատրաստելով: Պատմում է, որ անուշեղեն  ու համեղ կերակուրներ պատրաստելը սովորել է մայրիկից: Մայրը՝ տիկին Ազնիվը, հրուշակագործ է եղել: Հալեպում հաճախ  են իրենց պատրաստած կերակուրներն ու անուշեղենները ներկայացրել ցուցահանդեսների, գումարն էլ փոխանցել են  բարեգործական ընկերությունների:

Թալինը պատմում է, որ  երբ գալիս էր Երևան, շատ հաճախ ընկերների  համար պատրաստում էր կերակուրներ, անուշեղեններ ու  հրավիրում էր  համտեսի: Նրանք գրեթե միշտ հավանում էին պատրաստածները ու մեծ ախորժակով այն վայելում։ Ընկերներն այսօր հումորով նկատում են, որ եթե  նախկինում Թալինը  Հալեպի օդնավակայանի տիրուհին էր, այժմ խոհանոցի տիրուհին է։

Նրան ճանաչողները պատմում են՝ խոհանոցում Թալինը պարզապես հրաշքներ է գործում:  Իսկ Թալինը նշում է, որ իր հաճախորդները միայն տեղաբնակները չեն, այլ Հայստանում ապրող սիրիահայրերը, ովքեր ասում են, որ իր պատրաստած կերակուրներից Հալեպի կարոտն են առնում, հատկապես, երբ խոսքը վերաբերվում է անուշեղենին:

«Ներքին կռիվ շատ կար մեջս, խոստովանում եմ, բայց ինքս ինձ ներշնչում էի, որ պետք է աշխատեմ  ու իմ ապրուստը պետք է հալալ  քրտինքով վաստակեմ: Մինչև լահմաջո թխելը՝ամեն ինչ փորձեցի աշխատել ու հասկացա, որ կամքով ու կորովով ամեն ինչ կարող ես հաղթահարել»։

Back to top button