Դպրություն

Կրթություն–աշխատաշուկա․ ի՞նչն է խաթարում այս կապը․ «Դպրություն»

Այս տարի ևս կիրառվել է մեկ մասնագիտություն, մեկ բուհ սկզբունքը։ Ակնհայտ է 2022–2023 ուս․ տարվա ընդունելության քննությունների ընդհանուր պատկերը։

Դիմորդների թիվը բավականին սակավ էր, բուհերում թափուր տեղերը ևս չեն լրացվել։ Իսկ չկա ուսանող, չկա ուսուցում, սա բազմաշերտ խնդիր է, որի առաջ հիմա կանգնած ենք։ Ըստ Էության բարվոք չի եղել նաև նախորդ տարիներին։

«Ունենք պատկեր, որը ըստ էության էականորեն չի տարբերվում նախորդ երեք տարիների պատկերից։ 2008–2009 թվականներին 45 000-ից ավելի շրջանավարտներ ենք ունեցել, որոնց 50%-ի չափով դիմորդներ են հայտագրել բուհեր ընդունվելու համար։ Այդ տարիներից ի վեր նվազել է ցավոք միայն շրջանավարտների և դիմորդների թիվը։

Այս ընթացքում բուհերը շարունակել են հայտագրել իրենց կարողությունների առավելագույն քանակ տեղեր՝ հույս ունենալով, որ դրանք կհամալրվեն։ Այս տիրույթում իրենց տեղը ունեն նաև ոչ պետական բուհերը, որոնք արձանագրել են ընդունվածների 1․5%: Սա նշանակում է, որ նրանք, այո, կարող են կանգնել փակման եզրին։ Խոսքը չի վերաբերվում միայն մասնավոր, այլ ընդհանրապես բուհերին։ Բուհ–ը նաև ուսանողի վրա հիմնված կառույց է»,- ասում է ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը։

Լուսինե Գրիգորյան

«Մանակավարժական համալսարանում ֆիզիկա առարկայի առումով պատկերը նույնն է՝ ինչ 4 տարի առաջ։ «Ֆիզիկա» մասնագիտությամբ բակալավրիատում մենք ունեցանք 1 շրջանավարտ։ Այսինքն՝ 4 տարի առաջ ունեինք 1 դիմորդ, այսօր ունենք նույն պատկերը՝ 1 դիմորդ։

Նաիրա Սաֆարյան

Բավականին ծանր է բուհ-ի համար 1 ուսանողով կուրս պահել, բայց մենք ունենք ներքին քաղաքականություն և պետք է փորձենք հաղթահարել դժվարությունները։ Այո, շատ դժվար է, նաև շատ տխուր՝ կուրսում 1 ուսանող ունենալը։ Կենսաբանություն մասնագիտությամբ ևս 1 դիմորդով ենք պահելու կուրսը։ Ինֆորմատիկա, աշխարհագրություն մասնագիտություններով ընդունված ուսանողներ չունենք»,-ասում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը։

Ատոմ Մարգարյան

«Այն կոնտինգենտը, որոնք դպրոցից գալիս է բուհ՝ որակական առումով շատ հեռու է բավարար լինելուց։ Ես 40 տարվա դասախոսական փորձ ունեմ ՀՊՏՀ-ում և կարելի է ասել, որ հատկապես վերջին տարիներին առաջին կուրս ընդունված ուսանողների մակարդակը վերին աստիճանի ցածր է։ Եվ, եթե նայենք պատկերին, թե ինչ բալերով են անցել, ինչպիսի նախնական (ստարտային) պայմաններով են դպրոցից գալիս՝ բավականաչափ տխուր իրավիճակ է։ Ես հատկապես այս տեսանկյունից կուզեի դիտարկել, որ այդ քանակական պատկերը համամասնորեն չի զուգորդվում որակականի հետ և այստեղ՝ մուտքի մոտ, մենք խնդիր ունենք։ Պատճառահետևանքային կապով տխուր իրավիճակ է ստեղծվում մագիստրատուրայում»,-փաստում է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, դոցենտ Ատոմ Մարգարյանը։

Back to top button