Քաղաքական

Կիրո Մանոյան.«Կարեւոր է, որ թուրք հասարակությունը իմանա, թե ինչ է պահանջում հայ ազգը»

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ամփոփելով 2014 թվականի արտաքին քաղաքական զարգացումները Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյան առանձնացրել է 3 կարևոր իրադարձություն: Եվրասիական տնտեասական միությանն անդամակցումը, Հայաստան-Ադրբեջան սահմանին հաճախակի դարձած զինադադարի խախտումները, դիվերսիոն տարբեր գործողությունները, Սիրիայում ծավալված իրադարձություններն ու հայ համայնքի խնդիրները: Քիչ չեն եղել նաև ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կազմակերպվող միջոցառումները, որոնք կշարունակվեն նաև գալիք տարի ու թերևս կդառնան տարվա գլխավոր իրադարձությունները:

 

 

Ցեղասպնության 100-ամյակին ընդառաջ բացի բամաթիվ ակտիվ միջոցառումներից նկատվում է նաև քաղաքական որոշակի տրամադրություն: Իսկ դրա վառ ապացույցն ըստ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի, Թուրքիայի կողմից արված հակադարձ քայլերն են: Կիրո Մանոյանը կարծում է, որ 100-ամյա տարելիցի գլխավոր նվաճումը կլինի այն, որ ազգովի կսկսենք խոսել ոչ միայն Ցեղասպանության փաստի ճանաչման, այլ հատուցման և հետևանքների մասին՝ լինելով պահանջատեր: Ինչ վերաբերում է Ստամբուլում 2015-ի ապրիլի ոգեկոչման արարողությունների անցկացմանը, Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը նկատեց, որ առաջին տարին չէ, որ Պոլսում նման միջոցառումներ են անցկացվելու:

«Թուրքիայում 100 ամյակը նշելը կունենա հատուկ նշանակություն, սակայն կարևոր է, որ այդ միջոցառումները հստակ պատգամ փոխանցեն թուրք հասարակությունը: Թուրքիայի հասարակությունը պետք է իմանա ոչ միայն անցյալում ինչ է եղել, այլև այժմ ինչ է պահանջում հայ ժողովուրդը»:

Կիրո Մանոյանը կարևորեց նաև հայ-թուրքական արձանագրություններից հրաժարվելը: Անհրաժեշտ է, որ այդ արձանագրությունները սպանվեն նաև իրավականորեն: Անդրադառնալով  Ռեջեփ Թայիփ Էրդողանին  արված Ապրիլի 24-ին Երեւան այցելելու պաշտոնական հրավերին, Կիրո Մանոյանը նկատեց, որ այն ոչ այնքան հրավեր, որքան մարտահրավեր է՝ արված Թուրքիայի նախագահին:

«Էրդողանին ուղղված հրավերը վստահ չեմ թե ինչ արձագանք կունենա, չեմ բացառում, որ ինչ որ քայլեր փորձի Թուրքիան ինքը ձեռնարկել՝ որպես հակադարձություն, որոշ կացություն ստեղծելով Հայաստանի համար, ինչին էլ մենք պետք է պատրաստ լինենք»:

Խոսելով ԱՄՆ նախագահի կողմից «ցեղապանություն» բառի արտաբերման և Ցեղասպանության ճանաչման մասին, Կիրո Մանոյանը, խորհուրդ տվեց համայն հայությանը շատ չսպասել ԱՄՆ նախագահի ասելիքին:  Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար նկատեց, որ բառի արտաբերումը կճնշի Թուրքիային ու թերևս դա է պատճառը, որ մինչ օրս Օբաման չի արտասանել «Ցեղասպանություն» բառը:

Back to top button