ԿարևորՄիջազգային

Խորհրդարանական ընտրություններ Ադրբեջանում․թալիշ թեկնածուների շանսերը

Երեք օրից Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նախատեսված, որին մասնակցում է 1321 թեկնածու։ Ճնշող մեծամասնությունն իշխանությունների աջակիցներն են։ 

Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր ուժերը՝ «Ժողովրդական ճակատը» և Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, բոյկոտել են ընտրությունները՝ հայտարարելով, որ դրանց արդյունքները կանխորոշված են։

Նախընտրական քարոզարշավն ընթանում է ընդդիմադիր թեկնածուների համար անհավասար պայմաններում։ Խախտումներ արձանագրել են թե տեղական, թե միջազգային մի շարք կազմակերպություններ։ ԵԽԽՎ պատվիրակությունը, Ադրբեջանում նախընտրական քարոզարշավը դիտարկելուց հետո, եզրակացնում է, որ թեկնածուների մի մասի իրավունքները չեն պաշտպանվում,  խոսքի ու հավաքների ազատության խնդիրներ են արձանագրվում, թեկնածուների համար անհավասար պայմաններ են ստեղծված:

Ինչ հնարավորություններ ունեն Ադրբեջանի տեղաբնակ ժողովուրդները։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը կարծում է, որ Ադրբեջանի նոր խորհրդարանում հայտնվելու նրանց հնարավորությունները փոքր են։

Թալիշ թեկնածուները մի կողմից առաջ են տանում թալիշերենի կարեւորության հարցը, մյուս կողմից հասկանում են, որ այդ կերպ չեն կարող խորհրդարան մտնելու հույս ունենալ․ «1-2 թալիշ թեկնածու կարող է հայտնվել խորհրդարանում»։

Թալիշստանի ինքնավարություն ունենալու երազանքով ապրող Ադրբեջանի թալիշները ադրբեջանահայության բախտակիցներն են։ Նրանք լավ հասկանում են հայկական կողմի մոտեցումները։  Հայերն էլ, ազգային շահերից ելնելով, պետք է քողարկված աջակցեն Ադրբեջանի տեղաբնակ ժողովուրդների թեկնածուներին։

«Լեզգիներն Ադրբեջանում պակաս ակտիվ են, բայց եթե հաջողվի Ադրբեջանի խորհրդարանում ստեղծել տեղաբնիկ ժողովուրդների շահերը ներկայացնող դաշինք, որտեղ ընդգրկված կլինեն լեզգիները, թալիշները, կովկասյան պարսիկները կամ թաթերը, ապա դա մեծ հաջողություն կլինի»։

ԵԽԽՎ նախորդ շաբաթ արտահերթ ընտրությունների նախաշեմին  ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցը։  Եվրոպացի պատվիրակները պարբերաբար  շեշտում են, որ ընդդիմությունը զրկված է ընտրություններին թեկնածություն առաջադրելու հնարավորությունից, ինչը նշանակում է, որ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու առումով երկրում  լրջագույն խնդիրներ կան։

ԵԽԽՎ 25 հոգանոց պատվիրակությունը փետրվարի 7-10-ը կլինի Ադրբեջանում՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդների հետ միասին հետևելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքը։

Back to top button