ԿարևորՀասարակություն

Խաղաղապահ առաքելությամբ Հայաստան է ժամանել ևս 18 «Իլ -76» ինքնաթիռ

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Իլ -76» ռազմական տրանսպորտային 18 ինքնաթիռ վայրէջք է կատարել Երեւանի օդանավակայաններում,  ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ուղարկված Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի հերթական «Իլ -76» 18 և ԱՆ-124 «Ռուսլան» 2 ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանի օդանավակայաններում. զինծառայողները բեռնաթափել են զինամթերքն ու ռազմական տեխնիկան», — ասված է հաղորդագրությունում:

Նաև նշվում է, վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով Հայաստան է տեղափոխվել 58 միավոր տեխնիկա՝ զրահամեքենաներ, բեռնատարներ, էքսկավատորներ և այլ սարքավորումներ:

Ռուս խաղաղապահների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ընթանում է նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղում կրակը դադարեցնելու մասին համատեղ հայտարարության համաձայն: Ենթադրվում է, որ ընդհանուր առմամբ կտեղակայվի 1960 զինծառայող: Խաղաղապահ առաքելության կենտրոնը Ստեփանակերտում է:

Back to top button