Հասարակություն

ԼՂՀ ԱԳ նախարարը դասախոսություն է կարդացել Հայաստանի Ամերիկյան Համալսարանում

Այսօր ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը դասախոսություն է կարդացել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ծրագրի ուսանողների համար «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականություն․ մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով։
Իր ելույթում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքական օրակարգի գերակա ուղղությունները, անդրադարձել Արցախի ԱԳՆ գործունեության առանձնահատկություններին։ Խոսելով, մասնավորապես, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին` արտաքին գործերի նախարարը նշել է, որ այն պետք է ուղղված լինի ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի արդյունքում ձևավորված ԼՂՀ և Ադրբեջանի խաղաղ համագոյակցության համար անհրաժեշտ մեխանիզմների ու պայմանների մշակմանը։
Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նաև անդրադարձել է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին, տարբեր բնագավառներում համագործակցության հաստատմանը և զարգացմանը։ Այս համատեքստում ԼՂՀ արտաքին գործերի նախարարը կարևորել է միջազգային գործընթացներում ԼՂՀ ներգրավվածության մակարդակի բարձրացումը` որպես տարածաշրջանում կայունության գրավականներից մեկը։
Back to top button