ԿարևորՀասարակություն

Թանգարան-ինստիտուտն առաջարկում է Հայոց ցեղասպանության թեման դասավանդել առանձին առարկայով

Հայոց ցեղասպանության 107–ամյակին և ապրիլի 24-ին ընդառաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նոր ժամանակավոր ցուցադրություն է բացվել։ Օսմանյան կայսրությունում մինչև Հայոց ցեղասպանությունը գործել է շուրջ 2000 հայկական կրթօջախ, որոնց զգալի մասը ջարդերից հետո պարզապես ոչնչացվել է։ Թանգարանում ցուցադրվող 3 տասնյակից ավելի արխիվային նյութերը, փաստաթղթերը վավերագրությունն են Արևմտյան Հայաստանում հայկական ներկայության, կրթական ու մշակութային գործուներության։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նաև ուսումնասիրություն են սկսել պարզելու, թե ինչպես է դասավանդվում Հայոց ցեղասպանության թեման Հայաստանի ու Սփյուռքի հայկական դպրոցներում։

Ռուբինա Փիրումյանը Հայաստան է եկել ԱՄՆ–ից։ Հայոց պատմության դասագրքերի հեղինակ է, հենց դրանց միջոցով  են ամերիկահայ երեխաները ծանոթանում Հայոց ցեղասպանությանն ու հայկական պահանջատիրությանը։ Պատմում է՝ իր հիմնական ցանկությունն է, որ Հայոց ցեղասպանության դասավանդումը պարտադիր լինի նաև ամերիկյան դպրոցներում։

«Հիմա հույս ունեմ, որ ավելի գործնական քայլերի կանցնենք, որ ցեղասպանության մասին դասավանդվի ոչ թե համաշխարհային պատմության մեջ, այլ դուրս գա այդ ծրագրից և ավելի համընդհանուր ուսուցում լինի և հենց փոքր տարիքից, իհարկե, այդ տարիքին հարմար մեթոդներով ու նյութերով»,– պատմում է Ռուբինա Փիրումյանը։

Պատմական իրողություններին ծանոթացնելուց բացի՝ երեխաների շրջանում նաև քննադատողական, վերլուծական մտածողություն պետք է ձևավորել՝ կարծում է լիբանանահայ Եղիա Թաշչյանը։ Վերջին տարիներին Բեյրութի հայ համայնքում հենց այս ուղղությամբ են աշխատում։

«Լիբանանում Հայոց ցեղասպանության մասին առանձին դասագիրք գոյություն չունի․ դա մի քիչ քաղաքական հարց է։ Սակայն երբ պատմության դասերին անդրադառնում են 1915-1916թ Առաջին համաշխարհային պատերազմի դեպքերին,  օգտագործվում է «հայկական ջարդ» եզրույթը, պատմվում է նաև Լիբանան տեղափոխված գաղթյալների և սովի մասին։ Իհարկե, Լիբանանի իսլամական դպրոցներում էլ դասավանդում են այս դեպքերի խեղաթյուրված տարբերակը»,– ասում է Եղիա Թաշչյանը։

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտն իր հարկի է հավաքել մասնագետների Հայաստանից, ԱՄՆ–ից, ՌԴ–ից, Լիբանանից, Իսրայելից, Ռուանդայից, Իսպանիայից և Հարավաֆրիկյան Հանրապետությունից։ Քննարկման թեման Հայոց ցեղասպանության դասավանդումն է։ Ինստիտուտում վստահ են՝ խնդիրներ կան ոչ միայն Սփյուռքում,  այլ նաև Հայաստանում, հայկական կրթական ծրագրերում։

«Հայաստանում մենք չունենք «Հայոց ցեղասպանություն» առանձին առարկա․ Հայոց ցեղասպանությունը դասավանդվում է «Հայոց պատմություն» առարկայի շրջանակում, ընդամեը 2 դասաժամ, այսինքն՝ ուսուցիչներն իրենք էլ չունեն հնարավորություն ընդլայնելու այդ թեման։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայոց ցեղասպանությունը կարելի է դասավանդել ոչ միայն պատմության, այլև գրականության, իրավունքի, հասարակագիտության շրջանակում»,– ասում է Հայոց Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը։

Քննարկման են հրավիրված նաև երկրներ, որոնք իրենց պատմության ընթացքում բախվել են ցեղասպանության խնդրին։ Թանգարան–ինստիտուտում նպատակ ունեն տեղի և արտասահմանցի մասնագետների հետ քննարել, վերհանել խնդիրները և բարեփուխումներ առաջարկել նախ՝ Հայաստանում, հետո նաև Սփյուռքում Հայոց ցեղասպանության դասավանդման ոլորտում։

«Մենք մշտապես անհանգստանում ենք երեխաների մոտ զոհի բարդույթ չառաջանալու համար, մտածում ենք, որ իրենց փոքր են այս թեմայի համար։ Բայց մեր փորձը ցույց է տալիս՝ երեխաները ընկալում են, շատ լավ պատկերացնում են, հաճախ նաև ավելի պահանջատեր են»,– ասում է Գզոյանը։

Գիտաժողովին զուգահեռ մինչև 2022-ի սեպտեմբեր Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում կգործի նաև «Հայկական վարժարանների հետքերով․ ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Օսմանյան կայսրությունում մինչ 1915թ գործել են շուրջ 2000 հայկական կրթօջախներ, որոնց զգալի մասը ջարդերից հետո պարզապես ոչնչացվել է․ ցուցադրվող 3 տասնյակից ավելի արխիվային նյութերը, վավերագրությունները փաստում են հայկական ներկայությունը, կրթական ու մշակութային գործունեությունը Արևմտյան Հայաստանում։

Back to top button