Հասարակություն

Ընթերցանությունը կփոխի հասարակությանը

lenabadeyan
Գրողների միության նախկին նախագահ Լեւոն Անանյանի որոշումներից մեկը Հայաստանի բնակիչներին նվիրեց եւս մեկ տոն, որն արդեն սիրված է դարձել հայ հասարակության կողմից: Հայ մեծագույն գրող ու բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը արդեն մի քանի տարի է ինչ հռչակվել է «Գիրք նվիրելու օր»: Այս տոնի շրջանակներում Ֆեյսբուք ցանցում հայտարարված մրցույթը նույնիսկ արձանագրել է զարմանալի ցուցանիշներ:

 

Երրորդ տարին է, ինչ Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերի համար կազմակերպվում է «Նվիրիր գիրք» ակցիան եւ, պարզվում է, ընդամենը երեք տարի է պահանջվել հասարակությանը ընտելանալ նոր ավանդույթին եւ ակտիվորեն ինտեգրվել միջոցառումներին:

«Նախորդ տարիներին ավելի շատ էին պարզապես նվեր ուզող օգտատերերը: Սա երերոդ տարին ենք կազմակերպում: Առաջին տարին եղել է 12 մարդ, որ ուզեցել է զեղչով գիրք ունենալ եւ հետագայում կեսն էլ չեն եկել վերցնելու: Անցյալ տարի մոտ 20 էին, այս տարի մենք ունենք 10 անգամ շատ մարդ, որ ուզում են գիրք ստանալ զեղչով: Այսինքն՝ սա չի դառնում գիրք փոխցնելու, պարզապես գիրք վերցնելու, սա դառնում է առիթ, որ այդ օրը մարդիկ ունենան իրենց սիրած գրքերը: Հետաքրքիր մի բան կա, երբ մարդիկ ուզում են գիրքը նվեր ստանալ ավելի շատ գնում են դեպի դասական գրքեր, իսկ եթե ուզում են զեղչով ձեռք բերել, անպայման ընտրում են նորագույն որեւէ հեղինակ»:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն է, ով ակտիվ հետեւել է ու նաեւ Ֆեյսուբքյան ակցիայի կազմակերպիչներից է: Ասում է այս տարի արձանագրվել է ուղղակի ցնցող ցուցանիշ. մոտ 100 հազար մարդ է մասնակցել նվիրիր գիրք ակցիային: Ի դեպ՝ օգտատերերին առաջարկված էր գրքերի լայն ընտրանքի ամենաթանկը 9999 դրամ էր, ամենաէժանը 999 դրամ:

«Ամենաշատ պահանջվածը Օրհան Փամուկի գիրքն էր՝ «Իմ անունը կարմիր է», երկրորդ տեղում Ումբերտո Էկոյի «Վարդի անունն» էր, երրորդ տեղում Հյուգոյի՝ «Փարիզի աստվածամոր տաճարը»: Հայկական ալբոմից ամենաշատը նախընտրել էին ունենալ հայաստանյան անկախության շրջանի բեստսելլերը՝ Հովիկ Չարախչյանի «Սուլամիթա. Սեւակի մեծ սերը»: Շատ շատ էին»:

Ըստ գրականագետի՝ «Նվիրիր գիրք» ակցիան նոր մշակույթ է ձեւավորել հասարակության մեջ: Նախ հայալեզու գրքերի տպագրության որակն է բարձրացել, մարդիկ այլեւս չեն ամաչում գիրք կարդալուց, իսկ նվեր ստացած գիրքը հետագայում իր գործը կանի, համոզված է Արքմենիկ Նիկողոսյանը:

«Մարևդը գիրք նվեր ստանալով, փորձելով նրա «համը», հետագայում դառնում է նաեւ գրքի գնորդ: Նախկինում Հայաստանում այդքան էլ լավ գրքեր չկային, ցանկալի գրքեր, որպեսզի մարդիկ ուզենային նվիրեին: Վերջին տարիներին հայ գրքի պոլիգրաֆիական որակն է բարձրացել եւ մարդը այսօր գիրք նվիրելուց կարող է չամաչել, որովհետեւ նվիրում է ոչ պակաս գեղեցիկ բան, քան ասենք ծաղիկն է, օծանելիքի սրվակն է եւ դա բնականաբար, բերում է ոգեւորության երիտասարդների շրջանում: Ես դա միշտ կարեւորում եմ»:

Իսկ կարեւորում է, որովհետեւ համոզված է՝ գիրքն ու քաղաքականությունը սերտորեն կապված են եւ շատ բան քաղաքականության մեջ կարող է փոխվել, եթե հասարակությունն ավելի ընթերցասեր լինի:

Back to top button