Հասարակություն

Էդվարդ Նալբանյանի ավանդական դասախոսությունը՝ ԵՊՀ-ում

Սեպտեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ավանդական դասախոսությամբ է հանդես եկել Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիների և պրոֆեսորադասախոսական կազմի առջև:

Էդվարդ Նալբանդյանը ներկաներին շնորհավորել է նոր ուսումնական տարվա առթիվ և նրանց մաղթել բեղմնավոր ուսումնակար տարի։ Խոսքն ուղղելով առաջին կուրսեցիներին՝ նախարար Նալբանդյանը բարի երթ է մաղթել Մայր ԲՈՒՀ-ի ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկի ուսանողներին:
Իր ելույթում և հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է միջազգային և տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Արտգործնախարարը խոսել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի, դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված ջանքերի մասին: Հանգամանալից անդրադարձ է կատարվել Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին: Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ դրանց կյանքի կոչումը համապատասխան պայմաններ կձևավորի խաղաղ գործընթացն առաջ մղելու համար:

Նախարար Նալբանդյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտման ուղղված հայկական դիվանագիտության ջանքերին, ինչպես նաև միջազգային բեմահարթակում ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործընթացում Հայաստանի առաջնորդող դերատակարությանը։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը կանգ է առել 2015թ. և 2016թ. Երևանում անցակացված «Ընդդեմ ցեղասպանության» գլոբալ ֆորումներին:

Էդվարդ Նալբանդյանն ուսանողներին պատմել է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման, ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության խորացման, Եվրոպական միության հետ համագործակցության ամրապնդման, հարևան Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական փոխգործակցության զարգազման, այլ գործընկեր երկրների հետ կապերի ընդլայնման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին։

Արտգործնախարարն անդրադարձել է տարբեր միջազգային կառույցներում և գործընթացներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, տնտեսական համգործակցության ընդլայնման ուղղությամբ հայկական դիվանագիտության կողմից իրականացվող քայլերին։

Back to top button