Հասարակություն

Զեկույց.Հանրային ռադիոն շարունակում է հեռարձակել ծրագրեր 11 ազգային փոքրամասնությունների լեզուներով

Եվրոպայի խորհուրդն այսօր  հրապարակել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների վերաբերյալ զեկույցը: Զեկույզում ասվում է, որ Հայաստանում հանդուրժողականության ու երկխոսության մթնոլորտը բնակչության մեծամասնության ու ազգային փոքրամասնությունների խմբերի միջև հիմնականում գերիշխող է։ Սակայն, տնտեսական դժվարությունները շարունակում են բացասաբար ազդել բնակչության վրա, առավել մեծ ջանքեր են անհրաժեշտ ապահովելու լիարժեք կրթության հասանելիությունը բոլորի համար ու քրեականացնել ստիպողական վաղ ամուսնությունները։

Ազգային փոքրամասնությունների պաշտպանության կոնվենցիայի շրջանակներում խորհրդատվական խումբը (FCNM) ողջունում է Հայաստանի բնակչության ու իշխանությունների հանձնառությունը՝ խթանել հավասարություն ու ոչ խտրականության սկզբունքները՝ ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքները։

Զեկույցը ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում կարևորում է ՀՀ նոր ընտրական օրենսգիրքը, որը նախատեսում է երկրում 4 մեծ ազգային փոքրամասնությունների ներկայացվածություն խորհրդարանում։

Զեկույցը դրական է գնահատել Հայաստանում ազգային փոքրամասնությունների ԶԼՄ-ների ու մշակութային ծրագրերին շարունակական աջակցությունը։ Նշվում է,որ Հանրային ռադիոն շարունակում է հեռարձակել ծրագրեր 11 ազգային փոքրամասնությունների լեզուներով։

ԵԽ փորձագետները նաև ողջունելի են համարել այն, որ չնայած տնտեսական դժվարություններին,  Հայաստանն ընդունել է ավելի քան 20 հազար մարդկանց՝ հիմնականում հայ ու ասորական ծագմամբ, ովքեր փախել են սիրիական հակամարտությունից։

Սակայն, չնայած իշխանությունները նպաստում են ազգամիջյան հանդուրժողականությանն ու փոխըմբռնմանը հասարակությունում, Հայաստանը լայնորեն ընկալվում է որպես մոնոէթնիկ միատարր ու մոնո-կրոնական պետություն։ Սա, զուգորդված լրատվամիջոցների ուշադրության բացակայությամբ, սահմանափակում է փոքրամասնությունների տեսանելիությունը և նրանց լուսանց է մղում։

Նշվում է, որ որոշ լրատվամիջոցների կողմից հնչեցվող «մեկ ազգ, մեկ կրոն, մեկ մշակույթ» հայեցակարգն ուղղված է կրոնական փոքրամասնություններին, որոնք պիտակավորվում են որպես աղանդներ ու մեղադրվում հայկական պետականության խաթարման մեջ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու հայ ժողովրդի անցյալի ցավալի հիշողությունները սրում են մեկուսացումը՝ հայրենասիրական պարտքի ու ազգայնականության զգացումով, որը շահարկվում է որոշ լրատվամիջոցների կողմից։ Չնայած նրան, որ այդ ռեակցիաներն ուղղված չեն ազգային փոքրամասնությունների անդամներին, ունենում են ցավալի հետևանքներ՝ բարձրաձայնելու տեսակետներ, որոնք կարող են տարբերվել գերիշխող դիսկուրսից։

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու հարևանների հետ փակ սահմանները հանգեցրել են սոցիալ-տնտեսական դժվարությունների, որոնք հատկապես սուր են զգացվում մեկուսի լեռնային աղքատ շրջաններում՝ բնակեցված հիմնականում եզդի փոքրամասնությամբ։ Այս համայնքը վերջերս կտրուկ նվազել է արտագաղթի պատճառով։ Եզդի երեխաների, հատկապես աղջիկների դպրոց չհաճախելու ցուցանիշները շարունակում է բարձր լինել։ Վաղ ամուսնությունների ավանդույթը առավել է խարխլում նրանց 12-ամյա կրթության ցիկլը։

ԵԽ խորհրդատվական կոմիտեն ողջունում է նաև, որ Հայաստանը շարունակում է համագործակցել հարևան երկրների հետ՝ Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Լբանան, Ռումինիա և այլ, ազգային փոքրամասնությունների պաշտպանության հարցերով։

Սակայն մտահոգությամբ նշվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ու շփման գծում միջադեպերը շարունակում են խաթարել տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերը ու հղում է կատարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ կողմերին ուղղված կոչին՝ դադարեցնել ռազմական գործողություններն ու վերադառնալ բանակցությունների սեղանին։

ԵԽ փորձագետները Հայաստանի իշխանություններին խորհուրդ են տալիս կրկնապատկել ջանքերը՝ վերացնել եզդի երեխաների կրթության հասանելիության դժվարություններն ու վերանայել օրենսդրությունն ու քրեականացնել ճնշման տակ իրականացված բռնի ամուսնությունները։

Ներկայացված առաջարկություններից են նաև ապահովել ազգային փոքրամասնությունների ու քաղաքացիական հասարակության մասնակցությունը Ազգային փոքրամասնությունների վերաբերյալ նոր օրենքի մշակման գործընթացում, խրախուսել ազգային փոքրամասնությունների լեզվի կիրառումը տեղական կառավարման մարմինների հետ շփումների ժամանակ, հետագա մարդահամարի ժամանակ ներդնել տարբեր էթնիկ պատկանելիություն, ինչպես նաև վերանայել քրեական օրենսդրությունը՝ ռասսայական ատելությունն ու ատելության այլ դրդապատճառները դարձնելով ծանրացուցիչ հանգամանք բոլոր հանցագործությունների դեպքում։

Back to top button