ԿարևորՄշակույթ

«Երեւանյան հեռանկարները» մեկնարկում է Պենդերեցկու հոբելյանով

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի հոբելյանական 15-րդ տարին մեկնարկում է մեծ հոբելյանով. մեր ժամանակների  մեծագույն կոմպոզիտոր  Քշիշտոֆ Պենդերեցկու 80-ամյակին նվիրված   համերգաշարը տեղի կունենա հունվարի 13-16-ը Երևանում: Չորս համերգների ընթացքում  կկատարվեն կոմպոզիտորի  երկու տասնյակից ավելի գործիքային, վոկալ,  կամերային և  սիմֆոնիկ ստեղծագործություններ՝ օտարերկրյա և  հայ լավագույն երաժիշտների կողմից: Համերգաշարին նախորդած մամուլի ասուլիսում Քշիշտոֆ Պենդերեցկին այսօր  մեծ հիացմունքով է արտահայտվել հայկական «Հովեր» երգչախմբի մասին: «Ես գիտեմ հրաշալի բազմաթիվ երգչախմբեր, բայց նրանցից որևէ մեկը չունի «Հովերի» կատարելությունը»,- նշել է աշխարհահռչակ կոմոզիտորը։

Հայկական արմատներով  դարաշրջանի մեծագույն կոմպոզիտորի առաջին այցը Հայաստան  տեղի ունեցավ 2008-ին՝ «Երևանյան հեռանկարներ» երաժշտական  փառատոնի շրջանակներում: Նախնիների հայրենիքում Քշիշտոֆ Պենդերեցկու երկրորդ համերգաշարը  տեղի ունեցավ  2009-ին: «Երևանյան հեռանկարների» հոբելյանական 15-րդ տարին մեկնարկում է Պենդերեցկու 80-ամյակին նվիրված   համերգաշարով:

«Սա արդեն իմ երրորդ այցն է և ամեն անգամ Երևան եմ վերադառնում մեծագույն հաճոյքով։ Ես շատ լավ եմ հիշում հայաստանյան իմ բոլոր համերգները՝ հրաշալի երաժիշտներով և հանդիսատեսով: Ուրախ եմ, որ իմ երաժշտությունը կատարվում է Հայաստանում: Այդ կատարումների մակարդակն այստեղ շատ բարձր է: Ուզում եմ շեշտել հատկապես «Հովեր» երգչախմբի կատարումները: Մենք շատ երգչախմբեր ունենք, շատեն են կատարել այդ ստեղծագործությունները, բայց որևէ մեկն այդ որակը չի ունեցել: Դա բացառիկ և հազվագյուտ երևույթ է»,- ասում է կոմպոզիտորը։

2013- ի նոյեմբերին Վարշավայում մեծ շուքով նշվեց  Քշիշտոֆ Պենդերեցկու  80-ամյակը՝  աշխարհի մեծագույն երաժիշտների, քաղաքական և  հասարակական գործիչների մասնակցությամբ:  ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանը  Պենդերեցկուն պարգևատրել է Հայրենիքի առջև  ծառայությունների համար առաջին աստիճանի  շքանշանով, որը Վարշավայի օպերային թատրոնի բեմում կոմպոզիտորին հանձնեց Հայաստանի մշակույթի նախարարը: Պենդերեցկին գրել է  հայկական թեմաներով իր  երրորդ կվարտետը, պատրաստվում է գրել նոր ստեղծագործություն՝ հայկական տեքստով, երգչախմբի համար: Այն կնվիրվի Հայոց ցեղասպանության 100-այակին: «Գենետիկայի հետ, իհարկե, ոչինչ անել չես կարող»,- ասում է կոմպոզիտորը։

«Իմ մեծ մայրը հայուհի էր: Նրա ընտանիքն  Իսպահանից ներգաղթել էր Լեհաստան, որտեղ 18-րդ դարում մոտ մեկ միլիոն հայ էր ապրում: Երբ փոքր էի, տատաիկիս հետ այցելում էի Կրակովի հայկական եկեղեցի: Սա միակ քաղաքն էր, որտեղ կար նման եկեղեցի: Կրակովի մեծ հայկական համայնքից հետագայում շատերը հեռացան»,- պատմում է։

«Ամուսնուս հայական գեները մեր ընտանիքում իրենց զգացնել են տալիս անընդհատ: Մենք ունենք շատ հայ  ընկերներ: Այդ գեների վառ վկայությունն են նաև դստերս հայկական աչքերը, որոնք սերնդե սերունդ կփոխանցվեն»,- ասում է աշխարհահռչակ կոմպոզիտորի կինը՝ Էլժիբետա Պենդերեցկին:

Back to top button