ԿարևորՀասարակություն

Դպրոց` առանց գնահատականի, բայց 2 տնօրենով. ուր կտանեն «մոդայիկ» չափորոշիչները

2021-ին կառավարությունը հաստատեց հանրակրթության պետական չափորոշիչը, որի հիման վրա կրթական գերատեսչությունը հաստատելու է առարկայական ծրագրերն ու չափորոշիչները: Հանրակրթության պետական նոր չափորոշչով սահմանվում են պետության ակնկալիքներն ու պահանջը դպրոցից: Այն դպրոցին ավելի ազատ  ու ճկուն աշխատելու հնարավորություն է տալիս: Նոր չափորոշիչները 2021-22 ուսումնական տարում առաջինը փորձարկվել են Տավուշի մարզում:

Հանրակրթության պետական նոր չափորոշիչները 2021-22 ուսումնական տարում առաջինը փորձնականորեն կիրարկվեցին Տավուշի մարզի 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: Դրանք ավելի ճկուն աշխատելու հնարավորություն է տալիս հանրակրթության ոլորտին ու հստակ սահմանում դպրոցից պետության  ակնկալիքները՝ պնդում են նախագծի հեղինակները: Միավորների փոխարեն խրախուսական բնութագրեր,  գնահատում՝ 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից:

Չեն լինի նաև «անբավարար» գնահատականներ, ինչը նշանակում է, որ հաջորդ դասարան չփոխադրվելու, նույն դասարանում մնալու ու կրթական ծրագիրը կրկնելու պրակտիկան այլևս չի գործի: Բնագիտական առարկաների լաբորատոր հագեցվածությունն ու վերապատրաստումներն էլ կլինեն շարունակական: Գործառույթը պատվիրակվել է ԿԶՆԱԿ հիմնադրամին:

Կարողունակությունների վրա հիմնված ու ավելի ազատ դպրոց՝ նոր չափորոշիչները բնութագրում է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը․

 «Նոր չափորոշիչները հիմնված են  կոմպետենցիաների՝ կարողունակությունների վրա, որոնք գիտելիքից բացի, սովորողին տալիս են նաև հմտություն, արժեքային համակարգ և դիրքորոշում: Նախատեսվում է գնահատման համակարգի փոփոխություն իրականացնել և միավորային գնահատման համակարգից անցում անել տարրական մակարդակով մինչև 5-րդ դասարանի 1-ին կիսամյակը ոչ միավորային գնահատման համակարգի»:  

Վերջին 1 տարում նկատելի աշխատանք է տարվել դպրոցներում` ասում է Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Աշոտ Փաշինյանը: Լաբորատոր և ուսումնաօժանդակ նյութերով են լրջորեն հագեցվել։ Արդյունքները տեսանելի կլինեն մի քանի տարուց՝ հուսով է: Մնում է հասկանալ պետության պատվերը` ինչպիսի՞ քաղաքացի է ուզում՝ կրթենք։

« Որ մի քիչ հստականա , գաղափարախոսությունը տեղն ընկնի, հասկանալի կլինի` նվազագույնը ինչ պիտի լինի, առավելագույնը ինչ, դպրոցն ավարտողից մենք ինչ ենք ուզում ստանանք, եթե գյուղից մեկը ծրագրավորող է դառնում, այդ գյուղին ինչ, նա հետ չի գալու, 2 ֆերմեր դառնան, ավելի լավ արդյունք է»:

Կրթության ոլորտի ամեն փորձարկում պիտի վերահսկելի լինի` Սերոբ Խաչատրյանն է ասում: Կրթության փորձագետը կիսում է կարծիքը, թե որքան հաճախ են փորձում բարեփոխել դպրոցը, այնքան կրթության որակն ընկնում է: Ողջունելի է, որ ուսուցիչները վերապատրաստվում են, բայց, ասում է, չկան չափանիշներ: Բոլորն աջուձախ վերապատրաստող են: Ոլորտը համակարգման կարիք ունի:

 «Երբ նոր բան ես առաջարկում, բոլոր ռիսկերը պետք է չափվածգնահատված լինեն: Գնահատական ես հանում, պիտի փոխարենն այլ բան առաջարկես»: «Ցանկացած նորամուծություն ռիսկ է համակարգի համար: Եթե նոր բան ես բերում, պետք է շատ լավ կառավարես, որ հասցնես ինչոր հանգրվանի: Եթե թվանշանը չփոխարինես մեկ այլ բանով, թվանշանի վերացումը կարող է բացասական ազդել, որովհետև կան երեխաներ, որ սովորում են թվանշանի համար: Շատ մեծ ինքնուրույնություններ է տալիս դպրոցին, աշակերտին, բայց արդյո՞ք մեր հասարակությունը պատրաստ է այդ ինքնուրույն պրոցեսներին, թե կարող է փորձանք դառնալ: 30 տարի մենք չենք սովորեցրել ազատության: Ձևական տվել ենք, բայց միշտ վերևից վերահսկել ենք»:

Անցյալ տարի կամավոր ատեստավորմանը հայտագրված շուրջ 1000 ուսուցիչներից գրեթե 400-ն արդեն հավելավճար են ստանում: Նվազագույն շեմը հաղթահարած ուսուցիչների դրույքաչափը 108.000 դրամից դարձել է 200.000 դրամ, որին էլ կգումարվեն կամավոր ատեստավորման հավելավճարները՝ Արսեն Բաղդասարյանն է ասում: Չնայած ուսուցչական համայնքում տարբեր շահարկումներին ու բացասական արձագանքներին՝ փորձնական այս քայլը մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող ուսուցիչներին ֆինանսապես խրախուսելու նպատակ ունի: Փոփոխվել է նաև տարակարգի տրամադրումը: Նախարարությունը 2 լավ լուր ունի գյուղական դպրոցների ուսուցիչների ու հատկապես բնագիտական առարկա դասավանդողների համար: Դրանք ուժի մեջ կմտնեն 2023 թվականից:

«Գյուղական մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների բոլոր ուսուցիչների հավելավճարի տրամադրում՝ անկախ կամավոր ատեստավորման  և տարակարգի գործընթացից: 2-րդ նախաձեռնությունը, ՀՀ բոլոր դպրոցների բնագիտական առարկաների ուսուցիչներին ևս  տրվելու է հավելավճար՝ անկախ կամավոր ատեստավորման  և տարակարգի գործընթացից, այսինքն  գյուղական բնակավայրի մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցի ուսուցիչը անկախ կամավոր ատեստավորման  և տարակարգի գործընթացից, ունենալու է 2 հավելավճար՝ մեկը որպես գյուղական դպրոցի ուսուցիչ, մեկը որպես բնագիտական առարկայի ուսուցիչ»:

Խրախուսման այս նոր կարգից վրդովված է Լոռու մարզի Լերմոնտովո մոլոկանաբնակ գյուղի հայոց լեցվի ուսուցչուհի Նարինե Մաթևոսյանը: 168 աշակերտ ունի իրենց դպրոցը: Իր գնահատմամբ` սա խտրական վերաբերմունք է կողք կողքի աշխատող ուսուցիչների հանդեպ: Բնագիտության ուսուցիչներն ինձնից շա՞տ են աշխատում, թե՞ լավ` անթաքույց վրդովմունքով հարցնում է փորձառու մանկավարժը։

Նարինե Մաթևոսյան․«Եթե ուզում ենք լավ ուսուցչին պահել դպրոցում, նախ պետք է բարձրացնել բազային աշխատավարձը, որ ուսուցիչը դպրոցում չմտածի, թե ինչպես փող վաստակի ընտանիքը պահելու համար: Ինչ արեցին. ընդամենը ծաղրուծանակի ենթարկեցին ուսուցչին՝ մեջտեղ բերելով կամավոր ատեստացիան, որն  ուղղակի ձախողում է, խայծ, որը կուլ տվեց ուսուցչական համայնքը: Ամոթալի է ուսուցչանոցում կողք կողքի նստող ուսուցիչների հանդեպ նման խտրական վերաբերմունք ցուցաբերելը: Չի բացառվում, որ  այս խտրական վերաբերմունքը ոտքի հանի հումանիտար առարկաների ուսուցիչներին»:

E-draft հարթակում քննարկման են դրվել “Հանրակրթության մասին” օրենքի փոփոխությունները, որոնցով առաջարկվում է տարանջատել տնօրենի գործառույթները դպրոցի կառավարման համակարգում: Նրանք կզբաղվեն բացառապես կրթական գործընթացով, իսկ ֆինանսականը կիրագործի կամ նախարարության նշանակած համակարգողը, կամ մի քանի դպրոցների համար դրանք կպատվիրակվեն իրավաբանական անձի: Նպատակը՝ կտրել տնօրեններին դպրոցի ֆինանսական կառավարման մեջ հնարավոր կոռուպցիոն թելերից: Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Աշոտ Փաշինյանն ասում է՝ խորհրդային տարիներին էր այդպես՝ դպրոցների վարչատնտեսական կառավարումը վերապահված էր ժողկրթության բաժիններին: Այս հարցում մտավախություն ունի.

«Մի քիչ սուբյեկտիվ բան եմ ասում, բայց ենթադրում եմ, որ շատ բան կախված կլինի, թե ով է այդ 2-րդ՝ ֆինանսատնտեսական համակարգողը՝ ուղղակի գործի տեղավորված մա՞րդ, թե՞ գործից հասկացող է»:

Կառավարման հին մոդելը կգործի այն տնօրենների համար, որոնց մրցույթները կհայտարարվեն մինչև այս տարեվերջ: 2023-ի 1-ին աշխատանքային օրվանից հայտարարված մրցույթներում հաղթած տնօրենները ապրիլի 13-ից կաշխատեն կառավարման նոր մոդելով: Նախատեսվում է, որ մինչև 2026 թվականը նոր չափորոշիչներն աստիճանաբար կներդրվեն ողջ հանրապետությունում:

Back to top button